«Մեր հանձնաժողովն իր լիազորություններն ու հնարավորություններն օգտագործում է, որպեսզի միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրենք այս կեղծ իրողության վրա։ Ոչ միայն պարզապես ուշադրություն հրավիրի, այլ նաեւ գործուն քայլեր ձեռնարկի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող շինծու դատավարությանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե հայկական կողմն այս հարցով պետք է համագործակցի իրենց հետ, Բաքոյանն ասաց․ «Կարեւոր չէ, թե որ կողմն ինչ է ասում, կարեւոր է, թե մենք ինչ աշխատանքներ ենք անում, մեր աշխատանքը երբեք չի դադարել, այլ հակառակը, բոլոր հնարավորություններն օգտագործում ենք, որ կարողանանք այս խնդիրը լուծենք»։
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին հարցին անդրադառնալով՝ Բաքոյանն ասաց․ «ՀՀ-ն ունի կառավարություն, եւ այն, ինչ տեղի է ունեցել եւ հիմա տեղի է ունենում, դրա շուրջ աշխատանքներ տարվում են»։
Ռուստամ Բաքոյանը «սադրանք» որակեց հարցը, որ ՀՀ իշխանություններին գուցե ձեռնտո՞ւ չէ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադարձվի Հայաստան։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր բոլոր գերիները վերադարձվեն Հայաստան, բոլորն առանց բացառության։ Իհարկե, ես հասկանում եմ՝ այս թեզերը որտեղից են գալիս եւ ինչի համար են նման հայտարարություններ արվում, բայց ուզում եմ ասել, որ որեւէ մեկնաբանություն, հայտարարություն եւ որեւէ իրավիճակի ստեղծում չի ազդելու մեր աշխատանքի վրա, որպեսզի մենք Բաքվից վերադարձնենք մեր բոլոր գերիներին»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ