«Ինչո՞ւ պիտի փոխվի այս իշխանությունը։ Այս հարցի հետ կապված կա հստակություն․ քանի որ այս իշխանությունների՝ մեկ օր ավել մնալը մեզ նոր կործանումների առաջ է կանգնեցնում։ Մեր առաջ այս իշխանությունը դնում է մի երկընտրանք՝ կամ կապիտուլյացիա, որը ներկայացնում են՝ որպես խաղաղության պայմանագիր կամ պատերազմ»,- ՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց՝ կարևոր հարց է, թե ինչով պետք է փոխվի այս իշխանությունը․ «Գաղափարական-քաղաքական այլընտրանքը հստակ է։ Գաղափարական առումով իշխանությունների՝ ոչ միայն այս անպտուղ, այլև ազգակործան քաղաքականությունից ժողովրդին ազատելն է։ Սա հստակ ցույց է տալիս, որ այս իշխանությունները հայ տեսակի հետ են խնդիր տեսնում, քանի որ այդ նույն խնդիրը թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչներն են տեսնում։ Կա նաև հարց․ առաջնորդողը ո՞վ պետք է լինի։ Պետք է գտնենք մի անձ, որը բոլորի կողմից կընդունվի, և նա կդառնա պաշտոնանկության գործընթացի համար կարևոր դեմքերից մեկը։ Շատ ենք խոսում իմպիչմենտի մասին, դրա համար անհրաժեշտ է, որ հստակ լինի՝ թեկնածուն ով է։ Միայն ասել՝ Նիկոլը պիտի հեռանա, բայց չասել՝ ով է գալու տեղը, չի ստացվի այդ պաշտոնանկության գործընթացը։ Մենք ամեն ինչ անում ենք, որ հավակնությունները չխանգարեն, և այդ անձը՝ միասնական թեկնածուն, ի հայտ գա»։
Արմեն Ռուստամյանը վստահեցրեց՝ այն ուղեգիծը, որով այսօր այս իշխանությունները շարժվում են, ապազգային է և սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը․ «Իրական խաղաղությունը՝ անշրջելի և կայուն, կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորմամբ և ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում։ Խաղաղության անվան տակ մենք ունենալու ենք վնասներ և նոր կորուստներ․ մեր առաքելությունը՝ որպես ազգային, քաղաքական ուժ, ազատվելն է, ըստ էության, ժողովրդին պարտադրված այս իշխանությունների այլընտրանքից՝ կամ կապիտուլյացիա կամ պատերազմ»։
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ պետք է դիվանագիտական հմուտ քաղաքականություն վարվի․ «Պետք է կարողանանք այն երկրների հետ կապերը վերականգնել, որոնց շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը։ Այդպիսի երկրներ եղել են, կան, բայց այս ապաշնորհ իշխանության քաղաքականության պատճառով այդ երկրների հետ էլ մենք ստեղծել ենք լրջագույն խնդիրներ։ Փոխանակ մեր բարեկամների թիվն ավելացնենք, մենք մեր բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում։ Այս վիճակը կտրուկ պետք է փոխվի։ ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ պետք է կնքել անհապաղ ռազմաքաղաքական դաշինք այն տրամաբանությամբ, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, նշանակում է պաշտպանության հարցը դառնա երկկողմանի երաշխավորված՝ Իրան-ՀՀ։ Գաղտնիք չէ, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցով մեր իշխանություններից շատ ավելի մեր շահերը պաշտպանող դիրքորոշում է հայտնում այսօր Իրանը։ Պետք է Իրանին տալ հնարավորություն, որ ունենա իրավաքաղաքական հիմքեր իր՝ այդ նույն հանձնառությունը լիարժեք կարողանա իրականացնել ի պաշտպանություն մեր ազգային, կենսական շահերի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ