Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ վրա եմ զգացել կոռուպցիայի դեմ սկսված պայքարի արդյունքները. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու

Մարտ 10,2025 15:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին ընտրող հանձնաժողովի նախագահ Կարեն Թումանյանն այսօր նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բոլոր 5 թեկնածուները հաղթահարել են գրավոր փուլը: Այժմ իրականացվում է բանավոր փուլը: Նա հայտնեց, որ հանձնաժողովը թեկնածուներին կլսի հերթականությամբ՝ ըստ անուն-ազգանունների, այբբենական կարգով:

Առաջինը նախկին դատախազ Կարեն Բատիկյանն է (լուսանկարում), որը ներկայումս զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, իսկ նրա կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։

Հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի հարցին, թե որոնք են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական խնդիրները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն այսպես արձագանքեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրները շատ են, բայց ես կխոսեմ իմ անձնական օրինակով: Ունեմ մոտ 30 տարվա մասնագիտական ստաժ, որից բավականին երկար ժամանակ աշխատել եմ որպես քննիչ եւ դատախազ:

Կոռուպցիան չարիք է եւ կործանարար՝ պետության համար, ինչն անվիճելի է եւ քննարկելու կարիք չկա:Կոռուպցիան իր զարգացման գագաթնակետում կարող է նույնիսկ պատճառ դառնալ կամ վերացնել մարդու կենսական ամենակարեւոր հիմքը՝ հույսը: Եվ եթե հույսը վերանում է, բնականաբար, ոչ մի զարգացման մասին չի կարելի խոսել: Վերջին տարիներին որպես ՀՀ քաղաքացի՝ լինելով այդ ամենի կիզակետում, ինձ վրա եմ զգացել կոռուպցիայի դեմ սկսված պայքարի արդյունքները եւ կփորձեմ իմ դիտարկումը ներկայացնել:

Սրանից մոտ 10-15 տարի առաջ, երբ դեռ փաստաբանությամբ չէի զբաղվում եւ գտնվում էի մեղադրանքի կողմում, փաստաբանական ինստիտուտի եւ փաստաբանական համայնքի զարգացման տեմպերն այդքան էլ շատ չէին, ու դրա պատճառը կոռուպցիայի տարածվածությունն էր: Սակայն, վերջին տարիներին կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի արդյունքում, մարդիկ որոշեցին այլընտրանք չունենալով՝ իրենց պաշտպանությունը փնտրել ոչ թե իրավապահ մարմնի համակարգում, ինչպես նախկինում էր շատ դեպքերում կատարվում, այլ այդ հարցը վստահեցին պրոֆեսիոնալ իրավաբան փաստաբաններին, ինչի արդյունքում այսօր կարող ենք արձանագրել, որ փաստաբանական համայնքը Հայաստանի Հանրապետությունում զարգացած է» :

Կարեն Բատիկյանն ընդգծեց. «Կոռուպցիան չարիք է, բայց ես ունեմ մեծ համոզվածություն, որ դրա դեմ անընդհատ աշխատելու եւ պայքարելու դեպքում հնարավոր է դա արմատախիլ անել»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խնդիրներ է արձանագրել՝ ՀԿԿ նախագահի թեկնածու Կարեն Բատիկյանը շփումներ ունի քրեական ենթամշակույթին հարող անձանց հետ: Բատիկյանը չհերքեց՝ 3-4 գործով նրանց շահերը ներկայացնում է, մի անգամ էլ հեռախոսով «օրենքով գողի» հետ է խոսել, նա հետախուզման մեջ էր:

Դանիել Իոաննիսյանի դիտարկմանը, թե համացանցում տեսանյութեր կան, որ Կարեն Բատիկյանը գրկախառնվում է քրեական ենթամշակույթ կրող «Բանդուրյանների» հետ՝ նա արձագանքեց. «Այդ գրկախառնության վերաբերյալ տեսանյութը որքան փնտրեցի, այդպես էլ չգտա։ Բնականաբար, հնարավոր է, եթե դատավարության ընթացքում՝ դահլիճում կամ բակում պաշտպանյալիդ հանդիպում ես, պետք է բարև տաս»։

Հանձնաժողովի նախագահ Կարեն Թումանյանն էլ հետաքրքրվեց՝ իրավապահ մարմինների 31 տարվա աշխատանքի ընթացքում երբևէ առնչվե՞լ է կոռուպցիայի հետ, պարտադիր չէ՝ կաշառք։ Բատիկյանը նշեց՝ առաջարկներ եղել են, չի քննարկել։

«Ի՞նչ կարծիք ունենք այն մարդկանց մասին, որոնք չունենալով վարորդական իրավունք՝ տրանսպորտային միջոց են վարում։ Ձեր որդին այժմ անցնում է քրեական գործով, որով իրեն մեղսագրվում է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Այս մասով որևէ բան կարո՞ղ եք ասել»,- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հարցրեց Կարեն Բատիկյանին։ Նա հայտարարեց, որ վատ է վերաբերվում այդ հանգամանքին։ Հարցադրման առնչությամբ, որ իր որդին 7 անգամ առանց վարորդական իրավունքի վարել է մեքենան՝ Բատիկյանը հավաստիացրեց, որ գործի փաստական հանգամանքները, մեղադրական ակտի մեջ ներկայացված հանգամանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31