Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին թվում է՝ 6-7 տարի առաջվա կարգավիճակում է, երբ իր ասածները հալած յուղի տեղ էին ընդունում»․ Արմեն Ռուստամյան

Մարտ 10,2025 13:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաշինյանին թվում է՝ վեց-յոթ տարի առաջվա կարգավիճակում է, որ մարդիկ իր ասածները հալած յուղի տեղ էին ընդունում։ Շատ լավ հասկանում է, որ այդ իրավիճակը փոխվել է։ Բայց իրեն թվում է՝ իր միակ հաղթական փաստարկն այն է, որ բոլոր մեղքերը բարդի նախկինների վրա և դրանով խուսափի իր անձնական պատասխանատվությունից»,-լրագրողների դիտարկմանը՝ Գյումրիում ընտրություններից առաջ կոշտացել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, այսօր էլ գրառումներ է արել և հարցին՝ ինչո՞ւ է նախընտրական շրջանում այսպես ակտիվացել Փաշինյանը, արդյոք մտահոգությո՞ւն ունի, որ կարող են Գյումրիում տապալվել, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա փաստեց՝ հայ ժողովուրդը 7 տարի ապրում է Նիկոլ Փաշինյանի օրոք, և ձևավորվել են դժգոհություններ, որոնք բացարձակապես կապ չունեն նախկինների հետ․ «Այդ հեքիաթները, որ պատմում է՝ իբր նախկին իշխանություններն են մեր անկախությունը սակարկել, պետություն են փլուզել, սա ասում է մի մարդ, որն անկախությունից բան չի թողել, պետությունն այսօր հարվածների տակ է ամեն կողմից։

Մի վիճակ է եղել մինչև 2018-ը, երբ հայկական վերահսկողության տակ եղել է 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, հիմա մեր 29743 քառակուսի կիլոմետրը, որ հայտարարում է, դա էլ չունենք։ Հայտնի չէ այս ամենից հետո ընդհանրապես ի՞նչ կթողնեն մեզ։ Իրեն ասացինք՝ դու ինչո՞ւ չես ասում, որ Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի․ քանի չեն փոխել, արևմտյան Ադրբեջան խոսույթը չի վերանալու։

Ինքը գիտի, որ այդ վիճակի մեջ է դրել այս երկիրը։ Նախկինների մոտ նման հարց անգամ դնել չէին կարող։ Նախկինների մոտ դրել են հարց՝ Սահմանադրությունը փոխե՞լ, Անկախության հռչակագրից հրաժարվե՞նք։ Ո՞վ է խոսում անկախությունից․ էդ նախկիններն այնքան ամուր են եղել, որ Հռչակագրի հետ ստիպել են հաշվի նստել։ Ինքը կարողանո՞ւմ է դա անել, ի՞նչ անկախության մասին է խոսքը։ Եթե ինքը վերացրեց մեր անկախության հիմքերը, անկախությունից բան չի մնալու։ Իր պատկերացրած իրական Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է։

Ինքն եկավ՝ ասելով ամենաշատն եմ արել Արցախի համար․ թվեր էր բերում, խոսում օժանդակության մասին, բայց իրականում այսօր Արցախ չկա։ Ո՞ւմ է պետք քո արածը, եթե այսօր Արցախ գոյություն չունի։ Այսօր 29743 քառակուսի կիլոմետր էլ չկա, վաղը չգիտենք՝ ինչքան կմնա։ ՀՀ-ն այս ծրագրով դառնալու է Թուրքիայի կցորդը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառումների և Գյումրիում ընտրությունների կապի մասին հարցին՝ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Գյումրիում տեսել է, որ իրավիճակը փոխված է։ Մեծ դժգոհություն գոյություն ունի։ Մենք մեր թեկնածուն չենք առաջադրել՝ ասելով կարևորը այս իշխանությունների հեռացումն է, որը կարող է մեծ թափ ստանալ Գյումրիից․ հենց ընդդիմության առաջին հաղթանակը Գյումրիում արձանագրվի։ Դա կանխելու միակ ձևն իր այս ոճն է։ Հիմա դրանից չեմ էլ ազդվում։ Հակառակը, ինչքան էդ ոճով խոսի, այնքան Գյումրիի ժողովուրդը կհասկանա, թե ինչու է պետք սրանցից օր առաջ ազատվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31