Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ Միլիտոնյանին, հորդոր Մարտիրոսյանին և «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի բարելավման պահանջ կառավարությանը

Մարտ 10,2025 13:11

 «Առավոտը» մարտի 6-ի համարում հրատարակել էր Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի անդրադարձը «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր Արևիկ Աշխարոյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ նրա գրքի մասին։ Արևիկ Աշխարոյանի ֆեյսբուքյան էջից նաև տեղեկացանք այն մասին, որ նամակներով դիմել է ԿԳՄՍ նախարարին, վարչապետին և ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդական հարցերի մշտական հանձնաժողովին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի 2025 թվականի ցանկի և ընդհանրապես ծրագրի իրականացման վերաբերյալ։ Մենք զրուցեցինք Աշխարոյանի հետ այս հարցերի շուրջ։

– Տիկին Աշխարոյան կմանրամասնե՞ք ձեր դժգոհության առիթը, քանի որ այն գրողական դաշտում տարաձայնությունների առիթ է տվել։

– Գրառումս պարոն Միլիտոնյանի գրքի մասին անձնավորված չի եղել և ինչպես «Առավոտի» հոդվածում է նշված՝ «հեգնանքով գրել է Աշխարոյանը», թերի ընկալում է։ Իրականում իմ գրառումը ոչ թե հեգնական էր, այլ ջղային և ուղղված էր ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» իրականացման թերություններին՝ ընտրական գործընթացի մասնագիտական մոտեցմանը և առաջնահերթությունների բացարձակ բացակայությանը։

Եթե պարոն Միլիտոնյանը իմ գրառումը «հեգնական» է համարել, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ նրա խոսքին։ Ես գրահրատարակչական ոլորտ եմ եկել 2012թ-ին, սակայն երբեք չեմ աշխատել «Անտարես» հրատարակչությունում։ Ցավոք, պարոն Արմեն Մարտիրոսյանը մինչ օրս տարբեր միջավայրերում, այդ թվում՝ միջազգային, նշում է, որ ես իր աշխատողն եմ եղել: Մինչդեռ ես եղել եմ «Առաջին գրական գործակալության» համահիմնադիր 2010-ից մինչև 2016 թվականը։ Իրականում վաճառել եմ իմ մասնաբաժինը պարոն Մարտիրոսյանին զուտ այն պատճառով, որ նա չէր ընկալում գործընկերության հիմունքները, և չուներ ու մինչ օրս էլ չունի հավասարը հավասարի հետ աշխատելու ունակություն։ Պարոն Մարտիրոսյանին հորդորում եմ դադարել տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և խոսքը միայն մեր գործնական հարաբերությունների մասին չէ, այլ մի շարք այլ համոզիչ և էմոցիոնալ ձևով ասվածներին, այդ թվում՝ չհիմնավորված վիճակագրական տվյալներին, որոնք իբր նկարագրում են մեր հրատարակչական դաշտը։ Բարձր ձայնով խոսելը ոչ մեկին ուժեղ դիրքերում չի դնում, այլ ճիշտ հակառակը։

Պարոն Միլիտոնյանի նշած «Մի աղջիկ եմ գործի ընդունել» արտահայտությունը արդեն իսկ նկարագրում է մեր հարգարժան տղամարդկանց վերաբերմունքը կանանց այս ոլորտում, որտեղ «ես կիլոմետրով հեռու եմ հայ գրականությունից» արտահայտությունը պարոն Մարտիրոսյանի կողմից լիովին զրոյի է հավասարեցնում իր հրատարակչության կողմից հրատարակված հայ հեղինակների ստեղծագործությունները։

Բավական է թերագնահատեք հայ հեղինակներին և վեր դասեք օտարներին։ Անգամ հայերեն թարգմանություններն են ընթերցողների մոտ անվստահություն առաջացնում, ու գրախանութները նպաստում են դրան՝ ներկրելով ու վաճառելով այն գրքերի ռուսերեն և անգլերեն հրատարակությունները, որոնք թարգմանվել են հայերեն, իսկ մինչ թարգմանությունը գրախանութը այդ գրքերի անուններն էլ չգիտեր։ Սա ի՞նչ մրցակցության տեսակ է։ Հայերենը պատվազրկելու լուրջ միտում։

-Գուցե նորի՞ց խոսեք գրական գործակալի գործառույթների մասին։

-Գրական գործակալը գրականագետ կամ գրաքննադատ չէ։ Գործակալը իր անձնական ճաշակով է առաջնորդվում, երբ ընտրում է, թե ինչ գրքեր ներկայացնի։ Նրա դերն է ճանաչել շուկան, կապեր ստեղծել այն հրատարակչությունների հետ, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանով, փոքր լեզուներից թարգմանություններով, և լավ ներկայացնել նրանց գրքերը, համոզել որ հրատարակեն։ Իսկ այստեղ էլ առաջանում է պետության աջակցության հարցը։ Անծանոթ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար մենք պիտի շահագրգռենք հրատարակիչներին, առնվազն առաջարկելով նրանց թարգմանական ծախսերի հատուցում։

-Կխնդրենք մեկ անգամ ևս բարձրաձայնել, մանրամասնել թարգմանական ծրագրի մասին։

-Տարիներ շարունակ ես և ոլորտի այլ մասնագետներ պայքարեցինք թարգմանական դրամաշնորհ ունենալու համար, որը պետություններն են ֆինանսավորում ամբողջ աշխարհում։ Երբ դրամաշնորհը հիմնվեց, մենք փորձում էին ակտիվ աշխատել մեր պետության հետ այն բարելավելու համար։ Արդեն իսկ մեկ անգամ վտանգվել էր այդ ծրագիրը, երբ 2020 թվականի հունիսին որոշում էր կայացվել փակել այն։ Քննարկում եղավ և շատ հարցեր բարձրացվեցին, սա կարող եք դիտել առցանց: Սակայն բացի նրանից, որ ծրագիրը մնաց, առանձնապես ոչինչ չփոխվեց, ոչ գումարը մեծացավ, ոչ էլ դիմելու համակարգը բարեփոխվեց լիովին պրոֆեսիոնալ լինելու համար։

Այժմ, ինչ է կատարվում, 5 տարի անց, այն նորից վտանգված է, բայց այս անգամ մեզ ամոթով թողնելով արտասահմանյան գործընկերների աչքերում։ Փաստորեն, ընտրական հանձնաժողովը ավելի մեծ քանակի նախագծեր է հաստատել, հրատարակիչները տեղեկացվել են դրա մասին, ապա երբ պայմանագրերը կնքելու պահն է եկել՝ ցանկը զգալիորեն կրճատվել է։ Ո՞վ և ի՞նչ հիմունքով է այս որոշումը կայացրել։ Ի՞նչ պիտի պատասխանենք մեր այն գործընկեր հրատարակիչներին, ովքեր դիմել են ծրագրին, ստացել հաստատում, գուցեև արդեն սկսել են թարգմանել գրքերը, քանի որ անիրատեսական կարճ ժամկետ է տրված նրանց դրա համար, և ապա պարզում են, որ իրենց ֆինանսավորումը առկա չէ։

Բացի դրանից, ի՞նչ հիմունքով են դուրս եկել ցանկից որոշ գրքեր և ինչու են մնացել նրանք, որոնք մնացել են։ Այստեղ էր, երբ պարոն Միլիտոնյանի մանկական գրքի արաբերեն լեզվով հրատարակման հարցը ինձ զարմացրեց։ Եթե այս գիրքը լիներ չկրճատված ցանկում, դա ինձ չէր անհանգստացնի, քանի որ արդեն իսկ մեծ քանակի հայտեր չենք ստանում, ու ճիշտ է բոլորն էլ հաստատել, եթե, իհարկե, հրատարակիչները գործուն և ակտիվ են իրենց երկրներում, թերևս սա առաջին չափորոշիչն է, թե որ հայտերը հաստատել։ Բայց եթե պետք է կրճատել ցանկը, ապա ես պահանջում եմ բացատրություն և պատրաստ եմ հիմնավորել իմ կարծիքը թե ինչու այս գիրքը առաջնահերթություն չպետք է լինի։

Ի դեպ, տեղեկացնեմ որ, արդեն դիմել եմ այս հարցերով ԿԳՄՍ նախարար տիկին Անդրեասյանին, վարչապետ Փաշինյանին և ԱԺ համապատասխան հանձնաժողովին պատճեններն եմ ուղարկել խնդրելով նրանց անձնական վերահսկողություն այս հարցի շուրջ։

-Տիկին Աշխարոյան, բայց պետությունը ապահովում է մեր տաղավարը հեղինակավոր Ֆրանկֆուրտի միջազգային գրքի ցուցահանդեսում և Դուք մասնակցում եք դրան։

– Հենց բանն այդ է, որ պետությունը մի կողմից ծախսեր է անում հայ գրականությունը տարածելու և Հայաստանը ձեր նշած Ֆրանկֆուրտի ցուցահանդեսին ներկայացնելու համար, մյուս կողմից մասնավոր ձեռնարկությունները, ինչպես օրինակ՝ հրատարակչությունները, գրական գործակալները իրենց մասնավոր ներդրում են ունենում այս և մյուս ցուցահանդեսներին մասնակցելու, որպեսզի վաճառեն իրավունքներ կամ հաստատեն կապեր, իսկ արդյունքում այս ծրագրի կրճատված ֆոնդերի պատճառով այդ ջանքերը հոդս են ցնդում։ Որպես օրինակ ասեմ, որ Բուլղարիան կամ Սլովենիան թարգմանության և հրատարակման համար տալիս է մեկ գրքի համար 3000-8000 եվրո, իսկ այս տարի հայաստանյան ծրագրի 8 գրքերին ընդհանուր 15 000 եվրո է հատկացված։

– Կառավարությանը ուղղված նամակում Դուք նաև առաջարկներով եք հանդես եկել։ Կուզեինք մեկ-երկուսը նշեք։

– Ամենագլխավորը և խնդրել եմ, որպեսզի այդ ծրագրի ընթացակարգերը բարելավվեն, օգտվելով միջազգային հաջողված փորձից։ Ընտրական գործընթացին չմասնակցեն շահերի բախում ունեցող անձինք, օրինակ` հրատարակչությունների ներկայացուցիչներ կամ փոխկապակցված մարդիկ։ Ընտրական չափանիշները պետք է համապատասխանեն միջազգային շուկայի ժամանակակից պահանջներին։ Օրինակ՝ ամենակարևոր երկու պայմանները թարգմանական ծրագրի դիմորդներին գնահատելիս՝ թարգմանչի որակավորումն է և հրատարակչության ներուժը գիրքը ըստ արժանվույն տարածելու հարցում։ Եթե մեր լավագույն հեղինակների, ամենաբարձր գնահատված գրքերի համար դիմել է միջին կարգի հրատարակչություն, ապա այդ հայտը պետք է մերժվի և մերժվում է ոչ թե հեղինակը, այլ հրատարակիչը։ Իհարկե, պետությունը նաև կարող է սահմանել երկրների և լեզուների առաջնահերթություններ և հայտում նշի դրա մասին։ Բայց այս պահին մենք այնքան քիչ ենք ներկայացված, որ բոլոր լեզուներով թարգմանված լինելը մեզ համար կարևոր է։

Անդրադառնալով այս տարվա ծրագրին, նախնական հաստատված ցանկից դուրս են մնացել Գուրգեն Խանջյանի և Սուսաննա Հարությունյանի գրքերը, որոնք արդեն իսկ բազմաթիվ լեզուներով են թարգմանված և այս լեզուների ցանկի ընդլայնումը ավելի կարևոր է, քան ավելի մեծ քանակի գրողների մեկ կամ երկու լեզվով թարգմանված լինելը։

 

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ Արևիկ Աշխարոյանը Ֆրանկֆուրտի 2024թ․ցուցահանդեսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուշակ says:

    Սուսաննան ի՞նչ գրող, միշտ մնաց միջակից ցածր մակարդակում, կարդացեք, նոր թարգմանեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31