Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը ԼՂ-ի հայերի էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստան ներխուժելու նպատակ է հետապնդում․ Ջոն Ինյարիտու

Մարտ 10,2025 13:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արմենպրես». Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ փորձելով վերաշարադրել պատմությունն այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» պահանջով, որն ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս նարատիվը նպատակ ունի արդարացնել արցախահայության էթնիկ զտումները և հող նախապատրաստել նոր ներխուժման համար՝ հայկական հողերն անվանելով «պատմական Ադրբեջան»»,-ասել է Ինյարիտուն։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա։

«Շատ պարզ է, որ այս հայտարարությունների վերջնական նպատակը ԵՄ-ի վրա դիվանագիտական ​​ճնշում գործադրելն է՝ փորձելով կառույցի գործունեությունն ավելի համապատասխանեցնել Ադրբեջանի շահերին՝ հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն:

Անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանից հնչող դժգոհություններին և առաքելության գործունեության դեմ քարոզչություն իրականացնելու Բաքվի նպատակներին՝ պատգամավորը կարևոր է համարել, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատը հստակորեն ուրվագծված է հենց ԵՄ-ի կողմից։

«ԵՄ դիտորդական առաքելությունը կենտրոնանում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մոնիթորինգի, կայունության խթանման և հետագա հակամարտությունը կանխելու համար միջազգային համաձայնագրերի պահպանման վրա:

Այս առումով առաքելության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները դժվար է հասկանալ, հատկապես մի երկրի համար, որը, թվում է, ձգտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-նշել է պատգամավորը:

Նրա դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության դեմ Ադրբեջանի բողոքները կարող են ի հայտ գալ նաև երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի կամ Ռուսաստանի ճնշումների հետևանքով:

«Առաքելությունը կոչված չէ մի կողմին մյուսի նկատմամբ գերադասելու, ոչ էլ հետախուզական գործունեությամբ է զբաղվում: Նրա հիմնական նպատակն է նպաստել տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը, ինչն, անշուշտ, հակասում է հերթական անգամ Հայաստան ներխուժելու Ադրբեջանի փորձերին»,-նկատել է Ինյարիտուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31