Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան հորդորում է դադարեցնել կինոյի բարեփոխուﬓերի ընթացքը վիժեցնելու փորձերը

Մարտ 10,2025 12:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան» հորդորում է դադարեցնել կինոյի բարեփոխուﬓերի ընթացքը վիժեցնելու փորձերը և դիտարկել բարեփոխուﬓերը որպես ոլորտը առողջացնելու հնարավորություն։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի Մարտի 4-ին, Կողմ՝ 136 / Դեմ՝ 60 ձայների հարաբերակցությամբ, ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթի ընթացակարգի՝ «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի հանրային քննարկումը:

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել կինոոլորտի մեկ տասնյակ փորձագետներ, տասնյակից ավելի մասնագետներ մասնակցել են քննարկումներին՝ հրավիրված հյուրի կարգավիճակով, ապահովելով մասնագիտական ներգրավվածության բարձր աստիճան: Կանոնակարգի մշակմանը հաջորդել են երկու այլ կարևոր իրադարձություններ՝ «Հայաստանի կինոյի Հիմնադրամի» կառավարման խորհրդի և հիմնադրամի տնօրենի ընտրությունը։

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» ՀԿ խորհրդի անդամները ակտիվորեն ներգրավված են վերը նշված գործընթացներում։ Ֆեդերացիայի Խորհրդի նախագահը եղել է կանոնակարգը մշակող փորձագետների խմբում, խորհրդի անդամները մասնակցել են հրավիրված մասնագետի ձևաչափով։ Ֆեդերացիան մասնակցել է Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարման խորհրդի ընտրությանը և ունեցել է իր թեկնածուն՝ Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում։

Ուշադիր հետևելով կինեմատոգրաֆիական որոշ շրջանակների կողմից կինոյի պետական կառավարման բարեփոխումների գործընթացի, ընդունվող փաստաթղթերի լեգիտիմության, մասնագիտական համայնքի ներկայացվածության վերաբերյալ պարբերաբար տարածվող մտահոգություններին, «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան», որպես կինոյի բարեփոխման գործընթացի ականատես և մասնակից կառույց, հայտարարում է հետևյալը․

  1. ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ․

«Հայաստանի կինոյի հիմնադրամը» ունի կինոյի բարեփոխումները իրականացնելու և լեգիտիմության անքննելի մանդատ երկու պատճառով․ նախ, հիմնադրամի տնօրենը ընտրվել է բաց մրցույթի արդյունքում, երբ կինոյի նախորդ կառավարիչները նշանակվել են վերադասի հրամանով, առանց մրցույթի։ Ապա, Հիմնադրամը կառավարվում է կոլեգիալ մարմնի՝ կառավարման խորհրդի կողմից, այն դեպքում, երբ նախկինում, կանոնակարգի կոպիտ խախտմամբ, կինոկառույցը ղեկավարվել է տնօրենի պաշտոնակատարի կողմից՝ միանձնյա։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան», մինչ այս պահը, չունի որևէ մտահոգություն կապված կինոյի կառավարումն իրականացնող մարմնի՝ Հիմնադրամի, և նրա կողմից ընդունվող փաստաթղթերի լեգիտիմության կապակցությամբ։

  1. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ

Ֆեդերացիան վերահաստատում է իր սատարումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող կինոյի պետական կառավարման բարեփոխման գործընթացին, փաստելով, որ մինչ այս պահը նախարարությունը ապահովում է մասնագիտական համայնքի ներկայությունն ու մասնակցությունը այդ գործընթացում։

Մենք սակայն չենք թաքցնում, որ դժգոհ ենք բարեփոխումների տեմպերից։

  1. ԿԻՆՈՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՈՎ

Ֆեդերացիան դիմում է «կինոհամայնքի» ներկայացուցիչներին՝ հորդորելով դադարել ապավինել նեղ թիմային շահին, և նայել կինոյի բարեփոխումներին՝ որպես ոլորտը առողջացնելու, պետական աջակցության արդար, թափանցիկ, մրցակցային համակարգ ձևավորելու բացառիկ հնարավորություն։

Կոչ ենք անում կինոյի ոլորտում տասնամյակներով կուտակված խնդիրների լուծումները գտնել կոլեգիալ, մեկ ամբողջական կինոհամայնքի ներսում անցկացվող մասնագիտական քննարկումների միջոցով և հրաժարվել իշխանության ներկայացուցիչների հետ սեպարատ հանդիպումներում նեղ ոլորտային շահերը սպասարկելու արատավոր ավանդույթից։

  1. ԿԻՆՈՈԼՈՐՏԸ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼՈՒ ՄԱՍՈՎ

Ֆեդերացիան դիմում է առանձին կինոգործիչներին, գործիչների խմբերին՝ հորդորելով զերծ մնալ «կինոհամայնքի» անունից հանդես գալու անհարկի փորձերից։ Կինոհամայնքը բարեբախտաբար, վաղուց միատարր չէ, բաղկացած է տարբեր խմբերից, որոնց թվում է նաև «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան», որի անդամների մասնագիտական վարկը որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել։ Մենք չենք կարող լիազորել կամ թույլ տալ կինոգործիչների որևէ խմբի խոսել ամբողջ «կինոոլորտի» անունից։

Պարզապես պետք է ուժ գտնել հաղթահարելու ամբիցիաները, անկեղծություն ունենալ, հրաժարվել ակնհայտորեն նախապատրաստված արշավով բարեփոխումների ընթացքը վիժեցնելու փորձերից, գալ ընդհանուր հայտարարի՝ միմյանց հետ աշխատելու ճանապարհով և առաջարկելով լուծումներ ի շահ հայկական կինոյի զարգացման։

 ՖԱՀՖ խորհուրդ

Սաթիկ Ստեփանյան | պրոդյուսեր, Խորհրդի քարտուղար

Մերի Ադամյան | կինոդրամատուրգ, Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| կինոռեժիսոր, պրոդյուսեր, Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| պրոդյուսեր, Խորհրդի անդամ

Հովհաննես Գալստյան | կինոռեժիսոր, Եվրոպական Կինոակադեմիայի անդամ, Խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31