ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին
ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին
ՀՀ ՆԳՆ նախարարին
Կարդացեք նաև
Հաղորդում ներկայացնող անձ` Զարուհի Համազասպի Փոստանջյան
10 մարտ, 2025 թվական
Կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդում
Հանցանքի կատարումն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությունների ներքո նախաքննություն իրականացնելու համար կոռուպցիոն հանցանքներ:
Այսպես.
Երևանի քաղաքապետարանի կողմից Երևան քաղաք՝ Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ ոմն Վահրամ Աթաբեկի Ադամյանին, ծնված 1970 թվականի ապրիլի 20-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր տրված 06.06.2019 թվականին, 007-ի կողմից տրամադրվել է նախագծման թույլտվություն (ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671): Սույն նախագծման թույլտվության համար հիմք հանդիսացող հողը, որը Վահրամ Աթաբեկի Ադամյանը գնել էր համեստ գումարով 31.10.2023 թվականին վաճառել է առասպելական գնով (արտաքին դիտորդի համար ակնհայտ շինծու գործարքի տպավորություն ունեցող գործարք) իր ծնողներին և իրեն պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությանը (տես՝ Երևանի Նաիրի Զարյան 11, 13 հասցեների կադաստրային գործը), որին էլ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձ Տիգրան Ավինյանը տվել է չարաբաստիկ` թիվ 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը: Կարծում ենք, որ Վահրամ Աթաբեկի Ադամյանը նման կասկածելի գործարք է կնքել իրեն և իր ծնողներին պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության հետ ոչ իրավաչափ նպատակ հետապնդելով:
«ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության կողմից Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում գտնվող հողում շինարարական գործունեությունը մեծ վնաս է պատճառել և պատճառում հարակից շենքերի ու տների բնակիչներին, այդ թվում նաև Նաիրի Զարյան փողոցի ավտոճանապարհային երթևեկության անվտանգությանը (ավտոպատահարից ծանր մարմնական վնասվածք է ստացել 15-ամյա աղջիկ): Ակնառու է, որ նրանց կողմից ծավալվող շինարարության հետևանքով վթարային կդառնան հարակից շենքերը, ուստի վնասները փոխհատուցելու պարտականությունից ենթադրաբար ազատվելու համար Վահրամ Աթաբեկի Ադամյանը ընտրել է վերոնշյալ քայլերը:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչը մեզ հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վահրամ Աթաբեկի Ադամյանը ցանկանում էր ստանալ 16 հարկանի շենք կառուցելու թույլտվություն, սակայն նրան տրվել է 9 հարկանի շենք կառուցելու թույլտվություն: Այսինքն, Վահրամ Աթաբեկի Ադամյանի ախորժակը բավականին մեծ է: Եվ հաշվի առնելով, որ արդեն նախագծված շենքի մակերեսից ավելի շատ են փորել ընդերքը, այսինքն` առկա է նախագծից շեղում, ուստի բացի ոչ իրավաչափ ձեռք բերված նախագծման թույլտվությունից (ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671) և շինարարության թույլտվությունից (01150-02-1985-24), առկա է ոչ իրավաչափ հսկողություն Երևանի քաղաքապետարանի կողմից ապօրինի շինարարության նկատմամբ, որը պետք է բավարարի Վահրամ Աթաբեկի Ադամյանի ախորժակը: Բացի վերոգրյալից, անհրաժեշտ է ուսումնասիրել և քրեաիրավական գնահատականի արժանացնել նախագծման թույլտվություն (ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671) և շինարարության թույլտվություն (01150-02-1985-24) վարչական ակտերի հիմքում ընկած բոլոր փաստաթղթերը, քանի որ փորձագիտական դրական եզրակացությունները իրենց մեջ պարունակում են հակասություններ և կեղծ եզրահանգումներ: Մասնավորապես անհրաժեշտ է ուսումնասիրել հ. 259 պետական համալիր փորձաքննության եզրակացության հիմք հանդիսացող ամփոփաթերթի քվեարկությունների արդյունքները և նամակագրությունը: Այս փաստաթղթում առկա են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ քվեարկությունները նախագծի վերաբերյալ:
Համաձայն լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությունը բարեխիղճ չէ` աշխատում է խախտումներով, որպիսիք են.
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությունում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ: «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության բոլոր 45 աշխատակիցներին էլ Տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
Հարկային մարմինների ստուգումները պարզել են, որ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության նախագահ Վահրամ Աթաբեկի Ադամյանը չի ներկայացրել 36.1 մլն դրամի շահութահարկը:
Իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության բոլոր բաժնետերերի եկամուտների հայտարարագրերում ներառված տեղեկատվությանը և պահանջում ուսումնասիրել մասնավորապես` Վահրամ Աթաբեկի Ադամյանի համեստ գումարով գնված և առասպելական գնով, արտաքին դիտորդի համար ակնհայտ շինծու գործարքի տպավորություն ունեցող գործարքին` 31.10.2023 թվականի, անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրին: Գործարք, որի մի կողմը Վահրամ Աթաբեկի Ադամյանն է, իսկ մյուս կողմը իր ծնողներին և իրեն պատկանող «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերությունը:
Իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության տրված նախագծման թույլտվություն (ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671) և շինարարության թույլտվություն (01150-02-1985-24) վարչական ակտերով սահմանված պայմանների խախտման փաստին` արդեն փորվել է հսկայական փոս, որը նախատեսված չէ նախագծով և այդ փոսը արդեն իսկ առաջացրել է ճաքեր հարևան շենքերում:
Նաիրի Զարյան, Վրացական, Հրաչյա Քոչար փողոցների հատվածում «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության կողմից վարձված բեռնատարները անդադար խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները և ստեղծում վթարային իրավիճակ:
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը պահանջում ենք անհապաղ նախաձեռնել քրեական վարույթ և հանրային քրեական հետապնդում իրականացնել Տիգրան Ավինյանի, Վահրամ և Աթաբեկ Ադամյանների, Գայանե Վերդյանի և «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊ ընկերության ու Երևանի քաղաքապետարանի համապատասխան ներկայացուցիչների, փորձագիտական կեղծ եզրակացություններ տրամադրող անձանց նկատմամբ:
Կից ներկայացվում են`
- Պայմանագրի, ՃՆԱ հ.01/18-07/1-Դ-112575-671 և 01150-02-1985-24 վարչական ակտերի պատճենը, լուսանկարներ:
- Տեսձայնագրությունների 3/10/25 հղումները`
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1183108666607073,
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1326372692018250
https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1140807564024911, https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1140807564024911:
Հաղորդում ներկայացնող` Զարուհի Փոստանջյան
Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած Կոռուպցիոն հանցանքների մասին հաղորդումը