Aravot.am-ի տեղեկություններով, փաստաբան Քրիստինե Ստեփանյանը հաղորդում է ներկայացրել, որ մարտի 4-ին Լեփսիուս փողոցում Երեւանի քաղաքապետարանին պատկանող թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդներից մեկն իր հետեւից հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ստեփանյանը հաստատեց, որ իսկապես միջադեպ է եղել: Նրա փաստմամբ, վարորդը հրաժարվել է կանգնել սահմանված կանգառում, ու ինքը ստիպված է եղել ծանր պայուսակներով իջնել կանգառից հեռու եւ քայլել սառույցների վրայով:
«Վարորդը հետեւիցս հայհոյանքներ հնչեցրեց, տրանսպորտում կանայք կային, որոնք հիստերիայի մեջ ընկան համարյա եւ սկսեցին գոռգոռալ: Փառք աստծո, ամեն ինչ տեսագրվում է: Ես ոստիկանությունից խնդրել եմ, որ տեսագրությունը պահանջեն, որովհետեւ դիմել էի նաեւ Երեւանի ավտոբուս ընկերություն, խնդրել վարորդի տվյալները, որպեսզի վարորդի հետ կապված բողոք գրեմ, սակայն ոչ վարորդի տվյալները հայտնեցին, ոչ էլ տեսագրություն ներկայացրին, դրա համար դիմել եմ ոստիկանություն, որ հարցը կարգավորվի: Սա միակ դեպքն է, որ վարորդի հետ կապված նման խնդիր է եղել»,-ասաց նա:
Փաստաբանը հավելեց, որ ավելի վաղ դիմել էր նաեւ Երեւանի քաղաքապետարան, որ կանգառի՝ բացակայող նշանները տեղադրեն, քաղաքապետարանից պատասխանել էին, որ նշաններ չկան, սակայն վարորդները տեղեկացված են, որ պետք է կանգնեն: Նշյալ վարորդը, սակայն, հրաժարվել է կանգնել Լեփսիուսի փողոցում:
Կարդացեք նաև
«Այդ վարորդը ցինիկաբար նայեց աչքերիս մեջ, քշեց մինչեւ գերեզմանների մոտ, ես ավտոբուսում եղած կանանց հիստերիայից հասկացա, որ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Այժմ սպասում եմ ոստիկանության պատասխանին»,- նշեց Քրիստինե Ստեփանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ