ՍԻՐԻԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՏԵՄՊԵՐՈՎ
Վերջին լուրերը Սիրիայից
Ըստ ԶԱՐԹՕՆՔ-ին մոտ կանգնած աղբյուրների, իրավիճակը ներկայումս դեռ թեժ է հյուսիսային Սիրիայի հիմնականում ալավիական ափամերձ շրջաններում, որտեղ մարդկության դեմ հանցագործություններ են իրականացվում, հատկապես թուրքական կողմի աջակցությունը վայելող Համզաթ և Ամշատ ծայրահեղական խմբավորումները և հիմնականում օտարերկրյա վարձկան մարտիկները, որոնք ջարդեր են կազմակերպում` մտնելով ալավիների և տեղի այլ փոքրամասնությունների տներ, նրանց ամբաստանելով նախկին վարչակարգին հետ գործակցելու հանձանքով (տեղի հայ համայնքի անդամ հայր և որդի Պողոսներն արդեն սպանվել են, ինչպես հայտնի է) և տեղում հաշիվ են մաքրում նրանց հետ՝ նախ սպանելով տղամարդկանց (թուրքական ծանոթ ձեռագրով), կանանց ու երեխաներին թողնելով անօգնական ու խոցելի՝ հետագայում նրանց նույնպես և ավելի հեշտ ոչնչացնելու մտադրությամբ։ Կրկին այս նույն խմբավորումներն են, որ մինչ օրս բախումներ են կազմակերպում հյուսիսային Սիրիայի քրդերի հետ՝ միշտ հրահրված թուրքական կողմից։
Մի կողմից՝ գաղտնիք չէ, որ ալավիները կամ նախկին ռեժիմի կողմնակիցները մի քանի օր առաջ ձախողված փորձ կատարեցին ընդվզելու ներկայիս ռեժիմի դեմ, ինչի համար այժմ սկսել են շատ ծանր գին վճարել։ Ահաբեկիչները դա օգտագործում են որպես պատրվակ իրենց արյունոտ նպատակներին հասնելու համար։
Կարդացեք նաև
Սիրիայում քրիստոնյա փոքրամասնությունների՝ հունական ուղղափառ, սիրիական և հռոմեական կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները վերջին ժամերին ստորագրել են համատեղ հայտարարություն, որում, ի թիվս այլ բաների, մատնանշվում է նաև Սիրիայի ներկայիս իշխանությունների՝ ազգային համերաշխություն նախաձեռնելու դանդաղ ընթացքը, ինչն էլ այս ամենի պատճառն է։
Այս պահին արյունահեղությունը շարունակվում է, մինչդեռ իշխանությունները միտումնավոր կամ անհասկանալի այլ պատճառներով եռօրյա ուշացումով դեպքի վայր են ուղարկել բանակային ստորաբաժանումներ՝ հակակշռելու սանձարձակ իրավիճակին։
Հատկանշական է, որ աշխարհագրական բոլորովին հակառակ ուղղությամբ, այս դեպքում երկրին հարավը Դամասկոսի հետ ինտերնետ կապը կորցրել են Դուրզի համայնքի մեծամասնությամբ բնակեցված Դարաա և Սվեյդա նահանգները։ Մի բան, որը զուտ պատահականությունից դուրս կարող է ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ Սիրիայում այսօրվա իրադարձությունների կամ առաջիկա օրերի հնարավոր իրադարձությունների հետ։
Այս պահին Սիրիայի նույն հյուսիսարևմտյան շրջանում գտնվող Քեսաբի հայավանում դեռ զգուշավոր հանգիստ է, սակայն վտանգը պահպանվում է, քանի որ շրջանը վերահսկվում է թուրքմեն զինյալների կողմից։
Այս ամենի նախապատմությունը
Վերջին մի քանի տարիների ընթացքում բոլոր զինված խմբավորումները, որոնք կռվում էին սիրիական կառավարության դեմ, զուգահեռաբար արյունալի առճակատում են ունեցել միմյանց հետ, այդ թվում՝ նրանցից մեկը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որն այսօր իշխանության է եկել Սիրիայում՝ իր առաջնորդ Ահմադ ալ-Շարիայի հետ։ Վերջին խումբը Իդլիբի իր բանտերում ուներ մեծ թվով ռազմագերիներ այլ զինված խմբավորումներից։
Սիրիական նախկին իշխանությունների դեմ Հալեպ և Դամասկոս վերջին հայտնի արշավի նախօրեին Ահմադ Ալ-Շարին փորձեց միավորել բոլոր վերոհիշյալ խմբավորումներին և, որպես բարի կամքի ժեստ, ազատ արձակեց իր մոտ պահվող բոլոր բանտարկյալներին՝ համատեղ վերջնական հարված հասցնելու համար Ասադի ռեժիմին։
Ըստ մեր աղբյուրի, այդ օրերին եղել է նաև ներքին պայմանավորվածություն՝ վերջնական հաղթանակից հետո «պատերազմական ավարը» կիսել վերոնշյալ խմբերի միջև։ Այս դեպքում Սիրիայի հյուսիսը պետք է ընկներ թյուրքական խմբավորումների ձեռքը, բնականաբար Թուրքիային սահմանակից լինելու պատճառով։ Այստեղ հարկ է նշել մեկ այլ հանգամանք, որը սիրիական իշխանությունների, թեև ոչ հրատապ օրակարգն է՝ մայրաքաղաք Դամասկոսը փոխարինել Հալեպով, որն աշխարհագրորեն ավելի մոտ է Թուրքիային, իսկ Դամասկոսը աշխարհագրորեն ավելի մոտ Իսրայելին։ Այստեղ կարեւոր է նշել, որ, ի բարեբախտություն Հալեպի հայ համայնքի, Հալեպն ընկավ տեղի Հալեպի զինված խմբավորումների ձեռքը, որոնք Հալեպին որպես թալանի քաղաք չվերաբերվեցին։
Սիրիական վարչակարգի տապալումից հետո իշխանության եկած Շարին, ինչպես խոստացել էր, սկսեց իշխանությունը հնարավորինս բաժանել բոլոր նրանց միջև, ովքեր ամեն դեպքում հակառակ դիրքերում էին, և դա է պատճառը, որ ներկայիս կառավարությունում կոնսենսուս չկա փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի հարցում, որն ամեն օր ավելի ու ավելի է երևում խտրականության դեպքերով և նման երևույթներով։
Սիրիայի հայերի ճակատագիրը և խոսքը գործի վերածելու Հայաստանի իշխանությունների անհավատալի դժկամությունը
Չնայած առաջին օրերի լավատեսությանը, այսքան հակասություններով լի իրավիճակում, մեզ համար պարզ էր, որ այսպես կոչված հաղթանակի առաջին օրերի տոնակատարությունների ավարտին կգա պահը, երբ Սիրիայի ժամանակակից փրկիչները վայր կդնեն իրենց «ազնվական ու հանդուրժող» դիմակները և ցույց կտան իրենց իրական դեմքը։ Մենք դա անընդհատ արտահայտել ենք բոլոր հնարավոր հարթակներում։ Ուստի Սիրիայի քրիստոնյա փոքրամասնությունների և մասնավորապես հայերի համար չափազանց վտանգավոր է մեծ հույսեր կապել նոր իշխանությունների հետ, և անհրաժեշտ էր օգտագործել խաղաղ օրերը որպես «արտոնյալ շրջան»՝ պլանավորելու համակարգված ելք այդ մշուշոտ ապագայով երկրից։
Հայկական պետության կողմից որևէ լուրջ նախաձեռնության բացակայության դեպքում, որը բավականին ակտիվ է նույն թուրքական կողմի հետ անմիտ կամ դավադիր մոտեցմամբ խաղաղություն կնքելու ուղղությամբ, սիրիահայերն իրենց ազգային կառույցների հետ միասին կհայտնվեն լիակատար ոչնչացման ենթակա, որի հիմնական մեղքը կհամարձակվեի այսօր դնել այստեղ՝ ներկայիս, թուրքամետ իշխանությունների և տեղի համայնքային ղեկավարներին վրա: Անհեռատես առաջնորդներ, որոնք զուտ անձնական նկատառումներից ելնելով շարունակում են ստիպել խեղճ ժողովրդին ապրել դատարկ հույսերով։
Այստեղ գուցե տգեղ է, բայց տեղին եմ համարում հիշել այն պատկերը, որտեղ Հալեպի (Բերիո Դեմ) առաջնորդը ամիսներ առաջ սեղանների վրա դրված կապոցներով գումար էր բաժանում հայերին: Տեղի հայերի համար նման ռեսուրսներն ու բյուջեն պետք է տրամադրվեն միայն համակարգված տարհանմանը, որպեսզի փրկեն դառը վիճակի մեջ գտնվող մեր հայրենակիցները և հայկական մշակութային օբյեկտըները կամ գոնե այնտեղ գտնվող շարժական արժեքներն ու արխիվները։
ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲԵԱՆ