Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի վարչակազմն առաջնորդվում է «ուժն է իրավունքը» սկզբունքով. Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել Թրամփ-Զելենսկի հանդիպման վերաբերյալ

Մարտ 10,2025 09:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մարտի 7-ին հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Վենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման վերաբերյալ, որը կայացել էր փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։

Ինստիտուտը նշում է, որ այս հանդիպումը խորը մտահոգություն է առաջացրել, հատկապես Ուկրաինայի այն աջակիցների շրջանում, ովքեր սատարում են «երկրի պայքարը Ռուսաստանի ագրեսիայի դեմ»։ Սակայն, հայտարարության հեղինակների կարծիքով, ոչ միայն Ուկրաինայի աջակիցները, այլև նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում պատերազմին, ՆԱՏՕ-ի դերին, Բայդենի քաղաքականությանը կամ ԱՄՆ ռազմական ծախսերին, պետք է ուշադրություն դարձնեն այս հանդիպմանը։

Լեմկինի ինստիտուտը մատնանշում է, որ հանդիպումն արտացոլում էր Թրամփի վարչակազմի աշխարհընկալումը, որն ընդգծում է ուժի գերակայությունը թուլության, խոցելիության ու փոքր պետությունների նկատմամբ։ Հատկապես փոխնախագահ Վենսի պահվածքը գնահատվել է որպես «վտանգավոր» ոչ միայն ԱՄՆ-ի ներկա վարչակազմի, այլև երկրի ժողովրդավարության համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջնորդվում է «ուժն է իրավունքը» սկզբունքով, ինչը, ըստ Ինստիտուտի, կարող է լուրջ սպառնալիք ստեղծել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Այս մոտեցումը, ինչպես նշվում է, խոցելի է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից մանիպուլյացիայի համար, ինչը կարող է նպաստել ցեղասպանական նպատակների իրագործմանը։

Լեմկինի ինստիտուտը նաև մատնանշում է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը ոչ միայն Ուկրաինայի, այլև Գազայի, Արևմտյան ափի, ինչպես նաև ներգաղթյալների ու գենդերային փոքրամասնությունների նկատմամբ։

«Մենք չենք կարծում, որ իրավիճակը լրիվ անհույս է, սակայն, եթե ամերիկացիները չդիմադրեն, վարչակազմը կարող է լուրջ վնաս հասցնել տարբեր խմբերին ողջ աշխարհում», — նշվում է հայտարարության մեջ։

Ինստիտուտը նաև մտահոգություն է հայտնում Թրամփի ընտրած խորհրդականների վերաբերյալ, որոնցից ոմանք, ըստ փաստաթղթի, հանրային ելույթներում օգտագործել են նացիստական ժեստեր կամ կապ ունեն ծայրահեղ աջ շարժումների հետ։

Հայտարարության վերջում նշվում է, որ կայուն խաղաղությունը Ուկրաինայում պետք է հիմնված լինի արդարության վրա։ «Կապիտուլյացիան միայն գերեզմանի խաղաղություն կբերի, ինչը կհանգեցնի երկարատև պատերազմի՝ նոր դրսևորումներով»։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ԱՄՆ վարչակազմին պաշտպանել Ուկրաինայի անվտանգությունը որպես ցանկացած բանակցության ելման կետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31