Միջազգային կարգի քայքայումը և ուժի գերակայության վերադարձը. ԱՄՆ-ի նոր վարչակազմի իշխանության գալը ուղեկցվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգի քայքայումով։ Միացյալ Նահանգները, լինելով այդ համակարգի հիմնադիրներից մեկը, այժմ որդեգրել է դրա ապամոնտաժման քաղաքականություն։
Այսօր անհնար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը, սակայն արդեն ձեռնարկված քայլերը վկայում են, որ միջազգային հարաբերություններում գերակշռող սկզբունքը վերածվում է ուժի իրավունքի և «ջունգլիների օրենքի»։ Այս պայմաններում ուժային կենտրոնները առաջ են մղում սեփական շահերը՝ անտեսելով միջազգային իրավունքը, մասնավորապես՝ սահմանների անխախտելիության սկզբունքը։
Հայաստանի անվտանգության միջավայրի սպառնալիքները․ ԱՄՆ վարչակազմը անսպասելիորեն կանգնեց այն ուժային կենտրոնների կողքին, որոնք միջազգային կարգի հիմքում դնում են ազդեցության ոլորտները, այլ ոչ թե միջազգային իրավունքն ու օրենքի գերակայությունը։ Արդյունքում, անվտանգության միջավայրը փոքր և միջին երկրների համար դառնում է վտանգավոր, քանի որ միջպետական հարցերը սկսում են լուծվել ռազմական ուժի միջոցով։ 2020-2023 թթ․ երկրորդ Արցախյան արշավը, որը սկզբում դիտարկվում էր որպես բացառություն, այժմ վերածվում է միջազգային հարաբերությունների նոր նորմի։
Այս իրավիճակում, երբ ուժն է ծնում իրավունքը, Հայաստանը այլընտրանք չունի, քան հիմնվել իր ինքնիշխանության, ազգային արժեքների և հայ ժողովրդի հնարավորությունների վրա։ Անհրաժեշտ է ազգային գաղափարախոսություն և քաղաքականություն, որը միավորում է համայն հայության ուժերը՝ շարունակվող ագրեսիան զսպելու համար։
Կարդացեք նաև
Համապարփակ անվտանգության անհրաժեշտությունը․ Երկրորդ Արցախյան արշավից հետո նոր իրողություններում համապարփակ անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) ստեղծմանը այլընտրանք չկա։ Համակարգի ձևավորմամբ է հնարավոր պատրաստվել և արձագանքել ճգնաժամերին, դիմակայել ռազմական ագրեսիային՝ համախմբելով համայն հայության ողջ ռեսուրսը։
Այս մոտեցման իրականացմանն են ուղղված Անվտանգային և ռազմամարզական կազմակերպությունների միավորման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի մի շարք հասարակական ու մասնավոր կազմակերպությունների գործունեությունը։
ՀՀ իշխանությունների քաղաքականությունը․ Հայաստանի ներկայիս իշխանությունները, թեև խոսքով ընդունում են համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի անհրաժեշտությունը, սակայն արդեն երեք տարի է՝ որևէ գործնական քայլ չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Անվտանգության համապարփակ մոտեցումը պահանջում է վերջնական հրաժարում հետխորհրդային մշակույթից և անցում ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպված հասարակություն – պետություն – իշխանություն հարաբերությունների։
Սա ենթադրում է նոր քաղաքացիական պայմանագրի հաստատում համերաշխության սկզբունքի վրա, որի շրջանակներում պետությունը, իշխանությունը և հասարակությունը ստանձնում են փոխադարձ պարտավորություններ և պատասխանատվություն՝ Հայաստանի պետական և ազգային ինքնիշխանությունը արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու համար։
Սակայն, Հայաստանի պետական համակարգն իր բնույթով, կառուցվածքով և գործառույթներով դեռևս մնում է հետխորհրդային։ Պետական հաստատությունները դիմադրում են բարեփոխումներին՝ փորձելով պահպանել իրենց արտոնությունները և ազդեցության լծակները։ Բացի այդ, իշխանական վերնախավը շարունակում է ատելություն և պառակտում սերմանել հայ հասարակության մեջ՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Պետական քարոզչությամբ տարածվում են պատմույթներ, որոնք ուղղակի հարվածում են հայկական մշակույթին և պատմությանը՝ քանդելով հայկական ինքնությունը։
Վերջին տարիներին ՀՀ իշխանությունները փորձել են պարտադրել հայ ժողովրդին «խաղաղության խաչմերուկ» լինելու տեսլականը, «խաղաղության ու կայուն սահմանների» հասնելու պատրանքը։ Նրանք փորձում են ոչ միայն ներմուծել օտար, հայ ժողովրդի ազգային շահերին հակասող գաղափարախոսություն, այլև ամբողջությամբ կտրել պետական քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային իրականությունից, ազգային պատմությունից ու ապագա հեռանկարներից։ Եթե նախկինում այսպիսի վարքագիծը անընդունելի էր, ապա նոր իրականությունում այն դառնում է բացարձակապես անթույլատրելի։ Իշխանությունները պարտավոր են հրաժարվել այն գաղափարախոսությունից, քաղաքականությունից և քայլերից, որոնք խարխլում են հայկական հասարակության ոգին ու դիմադրողականությունը։
Եզրակացություն
Այսպիսով, ոչ միայն հետխորհրդային ժամանակաշրջանն է ավարտվել, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված դարաշրջանը։ Հայ ժողովուրդը պարտավոր է վերջնականապես հրաժեշտ տալ հետխորհրդային Հայաստանին, եթե ցանկանում է մնալ իրականության մեջ և ունենալ ապագա ու պատմություն։
Հայկական հասարակությունը պատրաստ է փոփոխությունների, ի տարբերություն հետխորհրդային Հայաստանի իշխանական վերնախավի, որը հրաժարվում է իր արժանի տեղը զբաղեցնել հայոց պատմության մեջ՝ կառչած մնալով ներկայից և ձգտելով վերահսկել հայ ժողովրդի ապագան։
Հետխորհրդային Հայաստանի առաջնորդները սահմանափակ ժամանակ ունեն հասարակական-քաղաքական կարգի փոփոխության հեղափոխական ուղուց խուսափելու համար։ Բարեփոխումների հեղափոխական ուղին ներկայիս միջազգային անվտանգության պայմաններում, երբ Հայաստանի առաջ կանգնած են գոյութենական ռազմական սպառնալիքներ, պարունակում է անթույլատրելի ռիսկ և խիստ անցանկալի է։
Մենք՝ որպես ժողովուրդ, պարտավոր ենք ընտրել այլ ճանապարհ՝ վերջնականապես բաժանվելու հետխորհրդային անցյալից։
Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում