Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի ՀՀ-ին ու ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 09,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր մեծ թվով ՔՊ-ականներով, կառավարության գրեթե ողջ կազմի ուղեկցությամբ եկել էր Գյումրի` գալա միջոցառմանը մասնակցելու, որը նվիրված էր Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթների ներկայացմանն ու առցանց դրամահավաքի արդյունքների  ամփոփմանը, բավական երկար ելույթ ունեցավ՝ շեշտադրելով իրենց կողմից ապօրինի գույքի վերադարձմանն ուղղված աշխատանքը։

Նա ներկաներին հիշեցրեց, որ իրենց ամենաշատ քննադատում են այն բանի համար, որ հեղափոխությունից հետո խոստացել էին թալանվածը վերադարձնել, սակայն  մեծ հաջողություններ չունեն այդ գործում։ Նա չհամաձայնեց այդ տեսակետի հետ՝ նշելով, որ Գյումրիում տեղի ունեցող արտահերթ ընտրությունները ինչ-որ առումով  հենց այդ գործընթացում իրենց հաջողության վկայությունն են։

«Ինչ ի նկատի ունեմ, ուզում եմ հիշեցնել Գյումրիի ավագանիում խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը՝ «Սև Բերդը» սեփականաշնորհվել է ապօրինի ձևով և պետք է վերադարձվի համայնքին։

Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։

Իհարկե, որոշակի հանգամանքի պայմաններում Գյումրիի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանին հանդես եկավ նախաձեռնությամբ, և այդ պայմաններում, ըստ էության, ավագանին կողմ քվեարկեց, բայց պիտի պարզվեր, որ դրանով աշխատանքն ավարտված չէ, և Գյումրիի քաղաքապետարանը պետք է դատարանում պաշտպանի այդ հայցը։

Բայց ամենակարևորը ներդրվում է նոր ինստիտուտ, հենց կոնկրետ Գյումրիում, ընդհանրապես  ՀՀ-ում, որը ոչ թե քաղաքական որոշումների, ոչ թե քաղաքական նյարդերի, այլ ինստիտուցիոնալ ձևով պետք է Գյումրիում և հանրապետության մնացած համայնքներում  իրականացվի ապօրինի սեփականաշնորհված, ժողովրդական լեզվով ասած թալանված կամ գողացված գույքը։

Ահա էստեղ է, որ առաջացավ քաղաքական ճգնաժամ և, ըստ էության, Գյումրի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով՝ հայտարարեց, որ ինքը հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։

Սա է  քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ, և դրանք տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Սա շատ կարևոր է արձանագրելու համար։ Եվ այս ընտրություններն իրականում հենց այս համատեքստը և այս ենթատեքստը ունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց՝ սա լավ առիթ է անդրադառնալ մեղադրանքներին, թե իրենք արդյո՞ք հետևողական են ժողովրդից  գողացվածը վերադարձնելուն, թե՞ գնացել են կոմպրոմիսների ու նվազել է իրենց քաղաքական կամքը ու վճռականությունը։

Նա հավաստիացրեց, որ իրենց կամքը ոչ միայն չի նվազել, այլ դարձել է պետական ինստիտուտ։

Նա թվարկեց այն ինստիտուտները, որոնք ստեղծվել են ապօրինի գույքի վերադարձման նպատակով։

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես 2018, 2019 թվականներին պայմանական «Սաշիկ» անունով մարդկանցից մի քանի տասնյակ միլիոնի գույք են վերադարձրել, սակայն հետագայում պետական համակարգ են ստեղծել, որպեսզի հատիկ առ հատիկ գնան այդ գույքերի հետևից։

Նա իր ելույթում անդրադարձավ նաև Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին՝ նշելով, թե նրանց մասնակցությունն ընդամենը մեկ համատեքստ ունի։

«Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին ու վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։

Գյումրիի ընտրություններին մասնակցում է  300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի ՀՀ-ին և ժողովրդին՝ ի սեփականություն։ Ընդ որում` հայտնի է՝ ումն են այդ գույքերը, դրանք Միշիկի գույքերն են, Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն ենք և դրանք Սերժիկի գույքերն են», -ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ ոմանք առնետների նման  նկուղներից դուրս են եկել ու փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում՝ հանուն թալանի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։

«Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք առնետային պադվալները, որտեղ  իրենք սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31