Ի պաշտպանություն Բաքվում անօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանի, Արցախի քաղաքական ու ռազմական մյուս ղեկավարների, ինչպես նաեւ գերության մեջ պահվող մեր այլ հայրենակիցների Երեւանի Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղափոխվել էր Համալսարանական թիվ 1 հիվանդանոց։
Համապատասխան բուժզննում անցնելուց եւ բժիշկների հսկողության տակ ավելի քան 24 ժամ մնալուց հետո տիկին Թանդիլյանը այսօր՝ հացադուլի իններորդ օրը երեկոյան վերադարձավ Ազատության հրապարակ՝ ակցիան շարունակելու։
«Ցուցանիշներս նորից մի փոքր վատթարացել էին, ինքնազգացողությունս մի քիչ զիջում էր։ Գնացի՝ նորից ջուր ներարկեցին։ Հրաժարվեցի այլ միջամտությունից։ Բայց բժիշկներն արդեն սկսել են մի քիչ ավելի խիստ խոսել ինձ հետ։ Ենթադրում եմ՝ արյանս ցուցանիշներն արդեն անհանգստացնող են իրենց համար։ Խոստացել եմ իրենց, որ եթե անդառնալի վնասի նշույլներ կտեսնեն, ինձ տեղեկացնեն եւ համապատասխան որոշում ընդունենք։
Խոստումիս տերը կլինեմ։ Բժիշկների վերահսկողության տակ եմ։ Անչափ շնորհակալ եմ իրենց։ Ես առաջին հիվանդանոցում եմ բուժում ստացել։ Այս պահին մի քիչ ավելի լավ եմ, քան հիվանդանոց գնալիս, բայց ավելի վատ, քան մինչեւ հիվանդանոց գնալը»,- Aravot.am-ին ասաց տիկին Թանդիլյանը։
Կարդացեք նաև
Մեր զրույցի պահին Մանե Թանդիլյանին այցելության էր եկել գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Աղաբաբյանը։ Ասում են, որ եթե մարդը կանգնում է նույն անունը կրող երկու անձանց միջեւ եւ երազանք է պահում, երազանքը կատարվում է։ Այսպես ծնվեց այս լուսանկարը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ