Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է․ Քրիստինե Վարդանյան

Մարտ 09,2025 18:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներխուժումները, ռմբակոծությունները, պատերազմներն այն գործիքներից են, որոնք տարբեր պետություններ կիրառում են խնդիրներ լուծելու համար։ Սակայն ամեն երկիր չէ, որ ցեղասպանությունն օգտագործում է որպես պետական քաղաքականության գործիք։

Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է։ Այդ պետության հիմնարար մոտեցումը հետևյալն է՝ չկան բնիկ ժողովուրդներ, չկա խնդիր։ Ամեն անգամ, երբ Թուրքիան բախվել է «խնդրի»՝ դա լուծելու ուղին եղել է բնաջնջումը։

Մեզ փորձում են համոզել, որ եթե այլևս չհիշենք Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիան չի հարձակվի մեզ վրա, չի փորձի նոր ցեղասպանություն իրականացնել։ Բայց եթե «հիշողությունն է թշնամանքի պատճառը», ապա ինչի՞ մասին էին հիշում Սիրիայի ալավիները, որ այսօր ցեղասպանվում են ուղիղ եթերում։ Ինչի՞ մասին էին խոսում եզդիները, որի հետևանքով նրանց նույնպես ենթարկեցին ցեղասպանության։ Կամ ի՞նչ էին հիշում ասորիները, հույները, բոլոր նրանք, ովքեր դարձել են Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության զոհ։

Խնդիրը հիշողությունը չէ։ Խնդիրը Թուրքիայի՝ պետական փիլիսոփայությունն է, որի հիմքում ընկած է կայսերապաշտական, նվաճողական, ցեղասպանական մոտեցումը։ Ցեղասպանությունը Թուրքիայի համար երբեք անընդունելի մեթոդ չի եղել, այն հարցեր լուծելու ամենահաճախ կրկնվող պրակտիկան է։
Հենց այս իրականության պայմաններում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը վերածվում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման պայքարի, այլև անվտանգային վահան է դառնում բոլոր այն ժողովուրդների համար, որոնք Թուրքիան դիտարկում է որպես «խնդիր»։

Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերը պետք է հասնեն այն կետին, որտեղ Թուրքիան պարտադրված առերեսվի իր պատմությանը ու վերջնականապես հրաժարվի այդ գործիքակազմի կիրառումից։ Հակառակ դեպքում Թուրքիան է հասնելու նրան, որ այս տարածաշրջանում այդ բոլոր ժողովուրդները պարզապես այլևս գոյություն չունեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31