Շատերն են հարցնում, թե ինչ է կատարվում այս օրերին Սիրիայում։ Ամփոփելու համար՝ համատարած կոտորած. Տուժողը միշտ ժողովուրդն է։
Նախկին ռեժիմի մնացորդները ջարդեր են անում,
Նոր ռեժիմը ջարդեր է անում,
Բանակը ջարդեր է անում,
Զինված տարբեր խմբեր ջարդեր են անում,
Իշխանությունը ջարդեր է անում,
Ընդդիմությունը ջարդեր է անում:
Եվ եթե ծավալվեի, ապա կասեի, որ նախկին իշխանության ագահությունը, համառությունը, ժամանակին բարեփոխումներ չձեռնարկելու չափից դուրս ինքնավստահությունը, բարեփոխումներ պահանջողներին ջախջախելու անմարդկային վերաբերմունքն այս երկրում այստեղ հասցրեցին իրավիճակը։ Թող ոչ ոք չասի, որ այն, ինչ սկսվեց Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ առաջ, արևմտյան պետությունների հերթական խաղն էր՝ տարածաշրջանն ապակայունացնելու համար: Տվյալ երկրի մը կառավարության պարտականությունն է բացահայտել նման դավերը և համապատասխանաբար աշխատել ու տապալել դրանք։ Հակառակ դեպքում արդյունքը սա է։
Եվ եթե խորանանք, ապա պետք է հասկանանք, որ այս ամենի հետևում այսօր հստակ երևում են «քաղաքակիրթ» Թուրքիայի ականջները։
Իսկ մինչ այդ որտե՞ղ է Հայաստանը և որտե՞ղ ենք մենք այս վիճակում։ Հայաստանի բնակչության մի զգալի մասին թվում է, թե այն, ինչ կատարվում է, տեղի է ունենում մեկ այլ մոլորակի վրա՝ մեզանից կիլոմետրերով հեռու, և այն, ինչ կատարվում է այդ երկրում, մեզ չի վերաբերում։
Կա մի մեծ, անգրագետ և աշխարհագրորեն տգետ հայ հասարակություն, որը չգիտի, որ Սիրիան ուղղակիորեն սահմանակից երկիր է հայոց աշխարհին, որտեղ ապրել և ապրում են հայերը, ովքեր «շնորհիվ» ցեղասպան թուրքերի, այսօր կրկին ծանր գին են վճարում թե՛ մարդկային, թե՛ տնտեսական կորուստներով։
Հայաստանի այսօրվա էլ ավելի տգետ իշխանություններն իրենց հերթին անհեռատես կեցվածքով դեռ խաղում են «Խաղաղության խաչմերուկ» խաղը նույն կողմի հետ, որի հետ այսպես կոչված խաղաղության և սահմանների բացման հաջորդ օրը մեր երկիրը կարող է վերածվել Հայաստանի Ջարդերի և սպանությունների Հանրապետության։
Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ
«Զարթոնք» օրաթերթ