«Հայն իրավունք չունի հնոցպան ու խոհարար դառնալու: Մեզ ռազմագետ զինվորներ են պետք, դարավոր թշնամի ունենք»:
Դուշման Վարդան
Այսօր, երբ կորցրել ենք Արցախը, վտանգված են մեր սահմանները, առավել է կարևոր հիշել ու մեծարել Արցախյան առաջին գոյամարտի հերոսներին, ովքեր մեր ազգին հաղթանակ պարգևեցին, տվեցին հպարտ ապրելու իրավունք։ Այդ Անմահ Հերոսներից է մեր Վարդանը՝ Դուշման Վարդանը՝ Հայաստանի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Վարդան Ռոբերտի Ստեփանյանը։
Ծնվել է 1966թ․ մարտի 8-ին Երևանում։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Դուշման Վարդանի մասին արդեն կենդանության օրոք շատ էինք լսում։ Հատկապես մեր ազգի կողմից հերոսը դարձավ մարտիկ-ազատարարի կերպար Շուշիի, Բերձոր-Լաչինի ազատագրումից, Արցախը Մայր հայրենիքին կապող ճանապարհի բացումից հետո։ Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի՝ Ղույան Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։ Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրվեց։ Մարտական ընկերները պատմել են՝ Շուշին ազատագրելուց հետո Վարդանը մտել է Շուշիի հայկական գերեզմանոց ու ննջեցյալ հայերին աչքալուսանք տվել․ «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգիստ քնեք․․․»:
Կարդացեք նաև
1992 թ․ մայիսին, հրամանատարության որոշմամբ, ստեղծվեց Շուշիի առանձին գումարտակ, որի փոխհրամանատար նշանակվեց Դուշմանը։ Հետագայում էլ շարունակվեց նրա հերոսական կյանքը, բայց 1992 թ․ հուլիսի 3-ին, երբ զինակիցներ Երոյի՝ Արմեն Երիցյանի և Արայիկի՝ Արա Ավագյան հետ մարտական առաջադրանք էր կատարում Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում, զոհվեց ականի պայթյունից։ «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ», -ասել էր Հերոսը։ Իր երազանքի կիսաճանապարհին հավերժ 26 տարեկան մնաց Վարդանը։
Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ Լուսե բանակի տղաների շարքում։ Հերոսի ծննդյան օրը նրա շիրմին այցելեցին հարազատները, բարեկամները, մարտական ընկերները, երիտասարդներ, այլոք։ Հերոսի մայրը՝ տիկին Զարուհին, Վարդանի շիրմաքարի մոտ ներկաներին շնորհավորեց միշտ 26-ամյա որդու ծննդյան օրվա առթիվ՝ հայտնելով շնորհակալություն այցի համար։
Քույրը՝ մասնագիտությամբ ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը, շնորհակալություն հայտնեց մորը՝ Վարդանի նման զավակ ծնելու ու դաստիարակելու համար։ Հուշեր պատմեց իրենց մանկությունից։ «Պատերազմ եք գնում․․․» ռազմահայրենասիրական երգով հանդես եկավ հեղինակը՝ Գուսան Հայկազունին։ Վարդանի շիրիմի հարևանությամբ է նաև 2020թ․ պատերազմում նահատակված 20-ամյա Վարդան Ամալյանի շիրիմը, որի մոտ նույնպես ներկաները ծաղիկներ խոնարհեցին։ Ի պատիվ Դուշման Վարդանի՝ նրա զինվորը՝ ճանաչված երգիչ Դավիթ Ամալյանը, Վարդան կոչեց անդրանիկ որդուն, ով ժամկետային զինծառայության էր Արցախում ու նահատակվեց ավագ Վարդանի ազատագրած Շուշի բերդաքաղաքը պաշտպանելիս։
Հետմահու Դուշման Վարդանին շնորհվել է կապիտանի զինվորական կոչում, 2000-ին Երևանի Շենգավիթ թաղամասում հիմնվել է Վարդանի տուն-թանգարան-գրադարանը: Նրա անունով է կոչվել Շուշիի փողոցներից մեկը: 2019թ․ մայիսի 10-ին Շուշիում կայացավ Դուշման Վարդանի տուն-թանգարանի բացումն ու օծումը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգևորականներ, հերոսի ընտանիքի անդամները՝ Զարուհի մայրը, քույրը, եղբայրը, հարազատներ, ուսանողական ու մարտական ընկերները, ինչպես նաև՝ ԱՀ կառավարության անդամներ, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինվորներ՝ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ։
Միջոցառման ընթացքում ռազմահայրենասիրական պարերի կատարումով հանդես եկավ «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ Երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ։ Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարում, Վարդան Ստեփանյանին նվիրված, 2002թ․ նկարահանել է «Վարդանը» ֆիլմը։ Հերոսի շիրմաքարին ծաղիկներ խոնարհելուց ու խնկարկելուց հետո ներկաներն այցելեցին նրա անվան թանգարան-գրադարան։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ