Հացադուլի ութերորդ օրը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է,եւ նա երկրորդ անգամ տեղափոխվել է հիվանդանոց:
Ազատության հրապարակում կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Aravot.am-ին ասաց. «Մոտ երկու ժամ առաջ շտապ օգնության հերթական կանչն իրականացրեցինք մեր հացադուլ անող ընկերների առողջական վիճակը ստուգելու նպատակով: Բժիշկները բոլորին հորդորում են դադարեցնել հացադուլը, քանի որ ամեն օր նրանց վիճակը վատթարանում է: Տիկին Թանդիլյանը այս պահին տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկների հսկողության տակ է: Հետազոտությունները դեռ շարունակվում են: Բժիշկները իրավունք չունեն պարտադրելու, բայց այն վիճակն է, որ անհրաժեշտ է հացադուլից դուրս գալ: Հնարավոր է՝ տիկին Թանդիլյանը գիշերն անցկացնի հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ լինի: Առավոտյան կհասկանանք հետագա անելիքները»:
Հետաքրքրվեցինք, իսկ Մանե Թանդիլյանը համաձա՞յն է հացադուլը դադարեցնել: «Ոչ: Նա այս պահին պնդում է, որ հացադուլը պետք է շարունակի: Հաշվի առնելով նրա սկզբունքայնությունը՝ հույս ունենք, որ բժիշկների հսկողության տակ լինելով՝ նրա վիճակը մի փոքր կբարելավվի, քանի որ այստեղ՝ Ազատության հրապարակում գտնվելով, հանդիպումների եւ իրենց այցելող մարդկանց հետ խոսելու պարագայում եւ Մանե Թանդիլյանը, եւ մեր ընկերները ավելի շատ էներգիա են կորցնում, ինչը նույնպես ազդում է առողջության վրա»,-պատասխանեց Մեսրոպ Առաքելյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ