Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարիկ Մինասյան, դատարան ես ուզում դիմե՞լ, հանգիստ դիմի՛ր․ ողջ ու առողջ է քեզանից դիմում ընդունած անձը»․ Գյումրու ՀՀԿ խորհրդի ղեկավար

Մարտ 08,2025 20:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանն այսօր կրկին պնդել էր, որ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը  2017 թվականին սեփական դիմում համաձայն անդամագրվել է ՀՀԿ կուսակցությանը:

Որպես ապացույց՝ Գյումրու ՀՀԿ կառույցը հրապարակել էր փաստաթղթեր, որոնցից մեկը 2017 թվականի հունիսի 12-ի դիմումն է՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին, մյուսը՝ անձնական թերթիկը (Տես փաստաթղթերը)։

Արտյոմ Ղուկասյանը միաժամանակ ընտրարշավի դուրս եկած ՔՊ-ականներին ու Սարիկ Մինասյանին կոչ էր արել պահպանել կոռեկտությունը, ընտրողների հետ խոսել սեփական ծրագրերից, ոչ թե ինքնահաստատվել՝ «նախկին-ներկա» կեղծ օրակարգն առաջ տանելով և  ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին սևացնելով։

«Դուք ընտրողներին ներկայացրեք ձեր ծրագրերը, ոչ թե փորձեք դիվիդենտներ շահել՝ ՀՀԿ-ի հաշվին։ Սև փիառի ժամանակներն անցել են, ժողովուրդը ձեզանից ծայրահեղ հիասթափվել է, դուք դեռ ՀՀԿ եք փորձում փնովե՞լ։

ՀՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, սակայն բռնել եք հնացած ու այլևս չաշխատող թեզ ու 5 րոպեն մեկ հնչեցնում եք՝ նախկիններ՝ ՀՀԿ, Սերժ Սարգսյան․․․

Հանգիստ մնացեք, ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է․ 7 տարին բավական չէ՞ր, որ ժողովուրդը ձեզ լավ ճանաչեր․ ձեր կործանարար քաղաքականության հետևանքով այսօր ունենք հանձնված, ուրացված Արցախ ու կիսաքանդ երկիր, մշուշոտ ապագա, հազարավոր զոհեր, ամոթ ու խայտառակություն։

Թասիբի քաղաքում երկիրը կործանող, ամեն ինչում ձախողված, անթասիբ ՔՊ-ն դեռ ՀՀԿ-ից է խոսո՞ւմ։

7 տարի խաբել եք ու նորից ուզում եք խաբե՞լ, այսօր ժողովուրդը ձեզանից անվտանգություն է ուզում, Արցախն է ուզում, արժանապատիվ կյանք է ուզում, հավատ է ուզում վաղվա օրվա նկատմամբ, ապագայի ծրագիր է ուզում, դուք դեռ Սերժ Սարգսյանից եք բամբասո՞ւմ՝ պարապ կնիկմարդու պես։

Այնքան հեռու եք քաղաքականությունից, որ ժամանակի պահանջն անգամ չեք զգում։

Անցել է այն ժամանակը, որ ձեր կեղծ թեզը գործի, ձեր խոսացածը ձեր դեմ է աշխատելու․ ժողովուրդը տեսնում է, որ անհիմն խոսակցություններ եք տանում, դատարկ բամբասանքներ եք հնչեցնում»,-ասել էր Արտյոմ Ղուկասյանը՝ Սարիկի Մինասյանին հիշեցնելով, որ Գյումրին փոքր քաղաք է, ու բոլորը բոլորին շատ լավ են ճանաչում։

Այս թեմային իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում դարձյալ արձագանքել է Սարիկ Մինասյանն՝ այս անգամ համեմատության մեջ դնելով իր անձնագրում տեղ գտած ստորագրությունը ՀՀԿ կառույցին ուղղված դիմումի մեջ եղած ստորագրության հետ։

Սարիկ Մինասյանը շարունակում է պնդել, որ ինքը ՀՀԿ կուսակցության անդամ չի եղել։

Նա իր էջում գրել է․ «Հանրապետական կուսակցությունը նոր կարգախոս ունի,- «Կանգ մի´ առ, խայտառակվի´ր մինչև վերջ»։

Ակնհայտորեն իրենց առաջադրած երկու կամ ավել թեկնածուներին սատարելու նպատակով Հանրապետական կուսակցությունն արդեն մի քանի օր է, ինչ փորձում է բոլորին՝ այդ թվում և ինձ, համոզել, թե ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ։ Այդ էժան հերյուրանքը ես բնականաբար հերքեցի և ահա հանրապետականները, իրենց ողորմելի սուտը ճիշտ դարձնելու համար, հրապարակել են իբրև թե իմ կողմից գրված ՀՀԿ-ին անդամակցելու դիմում։ Բան այնն է սակայն, որ ամեն ինչում կեղծիքով առաջնորդվող կուսակցությունն այստեղ ևս իրեն չի դավաճանում։

Ընդամենը խնդրում եմ նայել իմ ստորագրությանը (անձնագրումս) և կեղծվածին (կեղծ դիմումում)։

Բնականաբար, սա այսպես թողնել չեմ պատրաստվում և դիմելու եմ դատարան՝ պահանջելով հերքում և ներողություն՝ զրպարտության համար։

Մնում է միայն հանրապետականներն ասեն, թե կոնկրետ ո՞ր անբարոյականի ձեռամբ է այս կեղծիքն իրականացվել։

Հ.Գ. Պարոնայք հանրապետականներ, վստահ եմ՝ ձեր փողով առաջադրված թեկնածուներին աջակցելու այլ՝ ավելի արժանապատիվ եղանակներ կան, քան իմ մասին ստեր հորինելը։ Ամոթ է։

Ի դեպ, հաջորդիվ առաջարկում եմ հրապարակել նիստերից իմ մասնակցությամբ նկարներ, անդամավճարի փոխանցման մասին տեղեկություններ»:

Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, իր հերթին արձագանքելով Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանն, ասաց․ «Նորից եմ պնդում, որ Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ․ փառք Աստծո՝ ողջ ու առողջ է այն անձը, որը նրա ձեռքից ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումն ընդունել է։

Եթե Սարիկ Մինասյանը ցանկություն ունի այս թեման շարունակելու․ դատարան  է դիմելու և ուզում է, որ այնտեղ մեկ անգամ ևս պարզվեն անհերքելի փաստերն ու ապացույցները, թող հանգիստ դիմի․ մենք պատրաստ ենք»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31