Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, պատասխանելով ՔՊ-ականների այն պնդումներին, թե Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը կուսակցական չի եղել, առավել ևս՝ ՀՀԿ-ական, երեկ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ նա 2017 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։
«Նա կուսակցությանն անդամագրվել է իր դիմումի համաձայն, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Նրան հեռացրել ենք կուսակցությունից, երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամների վերահաշվարկ ենք կատարել, նա չի ներկայացել վերահաշվարկին»,-հայտնել էր Արտյոմ Ղուկասյանը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում հրապարակել փաստաթղթեր, որոնք կապացուցեն Սարիկ Մինասյանի՝ նախկին ՀՀԿ-ական լինելու մասին։
Եվ մինչ այս թեմայի շուրջ Aravot.am-ը կլսեր Սարիկ Մինասյանի պարզաբանումը, նա իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կոշտ ձևով պատասխանեց ՀՀԿ-ականներին՝ կտրուկ հերքելով ՀՀԿ-ի հետ իր առնչությունը։
Սարիկ Մինասյանը գրել էր․ «Հանրապետական կուսակցությունը, լավ հասկանալով, որ որպես կուսակցություն ի զորու է միայն սևացնել այս կամ այն մարդուն՝ ՀՀԿ-ականի պիտակը նրան կպցնելով, փորձում է դա անել իմ նկատմամբ։
Կարդացեք նաև
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել Հանրապետական կուսակցության անդամ։ Այն, որ ժամանակին հանրապետականները կուսակցական շեֆերի աչքին բարձրանալու համար քիչ էր մնում մանկապարտեզի երեխաների անունները ցուցակով տանեին ու ներկայացնեին որպես նոր կուսակցականներ, դա գիտեի, բայց որ մի օր ինքս պիտի դառնայի նման խարդավանքի զոհ, չէի կարող պատկերացնել։
Ես գյումրեցիների առաջ պարզ ճակատ եղել եմ ու հենց այդպես էլ մնում եմ։ Բոլորդ էլ գիտեք, որ ես երկար տարիներ աշխատել եմ Գյումրու համայնքապետարանում, Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ու եթե ինչ-որ մեկն այդ հանգամանքից ելնելով՝ առանց ինձ հարցնելու, իմ անունը այս կամ այն ցուցակի մեջ է գրել ու սրա-նրա առաջ ինձ կուսակցական դիմումատու ներկայացրել, ուղիղ ասում եմ՝ գլուխը պատին է տվել»։
Սարիկ Մինասյանի պաշտոնական այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀԿ Գյումրու կառույցը տրամադրել է փաստաթղթեր՝ ստորագրված ու ձեռագրով լրացված (տես փաստաթղթերը)։
Դրանցից մեկը Սարիկ Մինասյանի՝ 2017 թվականի հունիսի 12-ի դիմումն է՝ հասցեագրված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին։
«Ծանոթացել եմ ՀՀԿ ծրագրին ու կանոնադրությանը, որին լիովին համաձայն եմ։
Համաձայն եմ կուսակցության վարած քաղաքականությանը և խնդրում եմ ինձ ընդունել կուսակցության շարքերը»․ համակարգչով հավաքած այս տեքստի տակ դիմող Սարիկ Սամվել Մինասյանը ստորագրել է, իսկ ձեռագրով երկու տեղ գրված է նրա անուն-ազգանունը։
Մյուս փաստաթուղթը Սարիկ Մինասյանի անձնական թերթիկն է, որից ակնհայտ է դառնում, որ նա Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանում է անդամագրության դիմում ներկայացրել ՀՀԿ-ին։
Նկատենք, որ երկու փաստաթղթերում էլ Aravot.am-ը ծածկել է նրա անձնական տվյալները՝ տան հասցեն, հեռախոսահամարը, նաև անձնագրի համարը։
Ինչևէ, Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը ՔՊ-ականներին ու Սարիկ Մինասյանին կոռեկտության կոչ է անում։
«Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած ՔՊ-ին ու ՔՊ-ի Սարիկ Մինասյանին կոչ եմ անում պահպանել կոռեկտությունը։
Դուք ընտրողներին ներկայացրեք ձեր ծրագրերը, ոչ թե փորձեք դիվիդենտներ շահել՝ ՀՀԿ-ի հաշվին։ Սև փիառի ժամանակներն անցել են, ժողովուրդը ձեզանից ծայրահեղ հիասթափվել է, դուք դեռ ՀՀԿ եք փորձում փնովե՞լ։
ՀՀԿ-ն Գյումրու ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, սակայն բռնել եք հնացած ու այլևս չաշխատող թեզ ու 5 րոպեն մեկ հնչեցնում եք՝ նախկիններ՝ ՀՀԿ, Սերժ Սարգսյան․․․
Հանգիստ մնացեք, ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է․ 7 տարին բավական չէ՞ր, որ ժողովուրդը ձեզ լավ ճանաչեր․ ձեր կործանարար քաղաքականության հետևանքով այսօր ունենք հանձնված, ուրացված Արցախ ու կիսաքանդ երկիր, մշուշոտ ապագա, հազարավոր զոհեր, ամոթ ու խայտառակություն։
Թասիբի քաղաքում երկիրը կործանող, ամեն ինչում ձախողված, անթասիբ ՔՊ-ն դեռ ՀՀԿ-ից է խոսո՞ւմ։
7 տարի խաբել եք ու նորից ուզում եք խաբե՞լ, այսօր ժողովուրդը ձեզանից անվտանգություն է ուզում, Արցախն է ուզում, արժանապատիվ կյանք է ուզում, հավատ է ուզում վաղվա օրվա նկատմամբ, ապագայի ծրագիր է ուզում, դուք դեռ Սերժ Սարգսյանից եք բամբասո՞ւմ՝ պարապ կնիկմարդու պես։
Այնքան հեռու եք քաղաքականությունից, որ ժամանակի պահանջն անգամ չեք զգում։
Անցել է այն ժամանակը, որ ձեր կեղծ թեզը գործի, ձեր խոսացածը ձեր դեմ է աշխատելու․ ժողովուրդը տեսնում է, որ անհիմն խոսակցություններ եք տանում, դատարկ բամբասանքներ եք հնչեցնում։
Հեռու մնացե՛ք ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից ու մի քիչ բարոյականություն ունեցեք, վաղը ձեր անունը հիշող չի լինելու, իսկ նրա սերունդը պատմության մեջ մնալու է հաղթող ու ստեղծող սերունդ։
Բավ չէ՞ խաբեք ու խաբեք ժողովրդին, Սերժ Սարգսյանը 5 հազար բնակարան է կառուցել Գյումրիում, ՔՊ-ականներիցդ շատերը բնակվում են այնտեղ։ Սերժ Սարգսյանի կառուցած բնակարաններում ապրում ու Սերժ Սարգսյան եք զրպարտո՞ւմ, դուռը բացել-փակելուց մի քիչ բարոյականություն ունեցեք։
Այդ նույն Սերժ Սարգսյանը 23 միլիոն եվրո հատկացրեց Գյումրու փողոցների ասֆալտապատման համար, հիմա դուք կանգնել 140 փողոցի ասֆալտապատումից եք խոսո՞ւմ՝ մոռանալով ինչ միջոցներով եք անո՞ւմ։
Սարիկ Մինասյան, հիմա կասես փրայմերիզին մասնակցելու դիմումն էլ դու չե՞ս գրել, զսպվածությունն ու կոռեկտությունը քեզ չեն խանգարի, հիշի՛ր, Գյումրին փոքր քաղաք է, ու բոլորը բոլորին շատ լավ են ճանաչում», -ասում է Արտյոմ Ղուկասյանը։
Այս թեմայի շուրջ պատրաստ ենք լսել Սարիկ Մինասյանին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ