Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես մաքուր օդի մի պատառիկ ստացա, ընդհուպ մինչև պետական մակարդակով ամենուր քարոզվող անբարոյական վարքագծի և մեր հասարակությանը մեծապես պատած բարոյազրկման գաղջ մթնոլորտում ես… մաքուր օդի մի պատառիկ ստացա…
…Պատմությունն իր գնահատականը Ռուբեն Վարդանյանին դեռ կտա, սակայն այն, ԻՆՉ ԱՆՈՒՄ Է ՆԱ ՀԵՆՑ ՀԻՄԱ, մանավանդ մեր երկրում տիրողի ֆոնին, արդեն իսկ արժանի է ամենայն դրվատանքի: Իրոք, գտնվելով Բաքվի բանտի գերության մեջ, լինելով ՍՈՎԱՀԱՐ, ունենալով փայլուն անցյալ, սակայն անորոշ ներկա և մռայլ ապագա, այս մարդը մեզ ՈՉ ՄԻԱՅՆ կոչ է անում չհիասթափվել ու չդադարեցնել պայքարը հանուն ազգային նպատակների, ԱՅԼԵՎ զգուշացնում է ներկա, ինչպես նաև ապագայում մեզ սպառնացող վտանգների մասին: Իր կոչում ՍԱ Է ԿԱՐԵՎՈՐԸ, ոչ թե այն, թե «Խոջալու»-ն իբր հավասարեցրել է «Սումգայիթ»-ին, ՍԱ Է ԷԱԿԱՆԸ, ոչ թե այն, թե «Շուշիի» փոխարեն «Շուշե» է ասել, ընդ որում դեռ ամենևին էլ բացառված չէ, որ դա կարող էր լինել իր ուղերձը հրապարակելու, այն մեզ հասցնելու… վճարը: Ավելին, մարդն այնքան ոգու ուժ ունի, որ ոչ միայն ոգևորիչ հորդոր է հղում մի ամբողջ ազգի, այլև իր մեջ ուժ է գտնում նաև… ներողություն խնդրելու մի կնոջից, որի ամուսնու գերեվարման երևի թե ակամա պատճառն է դարձել:
…ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂ ԼԻՆԵՆՔ, ՄԵԶ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ, սա է իմ հավատամքը և իմ հասարակական գործունեության գաղափարական ողջ հիմքը: Ուժեղ լինելը, սակայն, ենթադրում է փողի առկայություն, իսկ դա կարող է լինել միայն ուժեղ տնտեսության առկայության պարագայում, որն իր հիմքում ժողովրդավարական արժեքները կունենա: Վերջերս ես գրեցի մեր ազգային էլիտայի դեգրադացման մասին, գրեցի հույսով, որ էլիտան ԿԳԻՏԱԿՑԻ իր դերն ու նշանակությունը հասարակության մեջ և պետության ուժեղացման գործում: Էլիտան՝ ՄԵԾ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՔ, պետք է գիտակցեն իրենց դերն ու նշանակությունը, քանի որ, ունենալով մեծ ռեսուրսներ, նրանք նաև մեծ հնարավորությունների են տիրապետում, իսկ ով շատ հնարավորություն ունի, նա ավելի շատ է պատասխանատու լավի ու վատի համար: Սա է, սա գուցե և դառը, բայց ՍԹԱՓ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է – մեծ ռեսուրսներն են ծնում մեծ հնարավորություններ, իսկ նույնիսկ ամենափայլուն գաղափարն իսկ կմնա գետնի վրա ու կյանքի չի կոչվի, եթե տակը չկան ռեսուրսներ:
Կարդացեք նաև
«Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ և միայն ՈՒԺԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ, էլիտա, արժանապատվություն ու պատիվ ունեցող երկրի հետ են կարող իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»,- ասում է Ռուբեն Վարդանյանը և շարունակում,- «հենց դա է էլիտայի ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, քանզի էլիտան էլիտա է համարվում ոչ թե այն պատճառով, որ շատ փող, կապեր, ուժ կամ անգամ ինտելեկտ ունի, այլ՝ այն բանի գիտակցման համար, որ հասկանա, որ ՈՒՄ ՇԱՏ Է ՏՐՎԱԾ, ՆՐԱՆԻՑ ԷԼ ՇԱՏ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ: Եվ այդ իրական էլիտայի մոտ անձնականը հանրության նկատմամբ պարտքից միշտ պետք է հետո լինի, ազգի ու երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միշտ պետք է գերակա լինի անձնական բոլոր շահերի ու ցանկությունների նկատմամբ»…
Մի կողմ թողած էմոցիաները՝ Ռուբեն Վարդանյանի ՈՒՂԵՐՁԻ ՄԵԽԸ, ըստ իս, հենց սա է: Նա դիմում է հայ մեծահարուստներին…
Ես իհարկե իդեալիստ չեմ և լավ եմ հասկանում, որ մեր ազգային էլիտան կազմող անձիք հենց հիմա անմիջապես չեն ելնի տեղերից ու իրենց ռեսուրսները չեն ծառայեցնի ազգային ու պետական նպատակներին, ես բնականաբար հիանալի գիտակցում եմ, որ շատերը նույնիսկ կծիծաղեն, բայց…
… Բայց, հարգելիներս, չէ՞ որ նյութական ռեսուրսները հենց ձեզ մոտ են և մեր այս ողբալի վիճակի համար բարոյական պատասխանատվությունը հասարակ մարդու վրա չի դրվելու, այն ՁԵՐ ՎՐԱ Է ԴՐՎԵԼՈՒ, ներկան ու ապագան հենց ՁԵԶ ԵՆ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԱՆԵԼՈՒ որպես անհատների, որոնք կարող էին ինչ որ բան անել, բայց չարեցին: Ի վերջո այդ հասարակ Ահմեդը չէ առավելության հասել հասարակ Արմենի նկատմամբ, այդ Ալիևի կլանն ու տարաբնույթ գոդնիսանովներն և էմինաղալարովներն են առավելության հասել հայկական փողատերերի նկատմամբ, նրանք, որպես մեծահարուստներ, իրենց քաշային կարգում ՀԵՆՑ ՁԵԶ ԵՆ ՍՏՈՐԱՑՐԵԼ ու հենց ձեր նկատմամբ են առավելության հասել, քանզի մեր պետության, հասարակության և, ընդհանրապես… մեզ բոլորիս համար պատասխանատուն դուք էիք ու դուք ԵՔ:
Մի բան էլ ասեմ – մեծամիտ չհնչի, բայց Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ասենք չո՞րս միլիարդ դոլար ունես, թե՝ յոթ միլիարդ: Իմացողները կփաստեն՝ նույնն է, մեծ հաշվով նույն հնարավորությունները և նույն հաճույքները, սակայն… տղերք, գուցե ՄԻ ՔԻՉ ՔԻՉ ՈՒՆԵՆԱՔ, բայց ՄԵԶ ԱՅՍ ԿԵՂՏԻՑ ԴՈ՞ՒՐՍ ՔԱՇԵՔ: Հը՞:
Ռուբենը իր նեղ տեղից ձեզ հենց սա է ասում, մտածեք այս մասին, հետներդ չեք տանելու այդ միլիարդները, մի քանի հարյուր միլիոն կամ նույնիսկ մեկ միլիարդ դոլար պակաս ունենալու պարագայում ձեր հնարավորությունները և հաճույքները որակական փոփոխություն ՉԵՆ ԿՐԻ: Ձեր ժառանգները, հավատացնում եմ ձեզ, նույնիսկ չեն էլ նկատի, որ դուք իրենց մի քանի հարյուր միլիոն դոլար ավել կամ պակաս եք թողել, բայց փոխարենն այս փոքրիկ երկիրն իր երկուսուկես միլիոն բնակչությամբ… շունչ կքաշի:
Իդեալիստ չեմ, բայց գոնե ՄԻ ՔԻՉ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ մեր ազգային էլիտայի ներկայացուցիչների ազնիվ, ոնց կասեին՝ ԹԱՍԻԲՈՎ, մղումներին:
Տղերք, մտածեք այս մասին, մեր հինգհազարամյա ազգը ԴԱՆԴԱՂ ՄԱՀԱՆՈՒՄ Է, մեկ հարյուրամյակ հետո մեր ազգը կարող է մանրանալ կամ նույնիսկ պետություն չունենալ – ի՞նչ կարժենան այդ պարագայում ձեր միլիարդները, ի վերջո ո՞ւր են հիմա Շահամիր Շահամիրյանի փողերը, որ, շատ չէ, սրանից 250 տարի առաջ, ասեմ ձեզ, աշխարհի ամենահարուստ հայն էր և իր հարստությամբ ոտք էր մեկնում նույնիսկ պարսից շահերի ու օսմանյան սուլթանների հետ, ո՞վ է հիշում հիմա դրանց մասին:
Տղերք, մտածեք այս մասին…
Հենա անումա էլի՝Քրիստոսի արձանն է կանգնեցնում Հատիս սարի գագաթին՝ամենքը իրենց «ինտելեկտին» համապատասխան անում են ….ցավոք սրտի: