Բացառիկ դեպքերում եւ օրենքով սահմանված պաշտպանության պայմանների համաձայն՝ համաձայնություն տալու կարողություն չունեցող անձից Հայաստանը պարտավորվեց թույլատրել վերցնել վերականգնողական հյուսվածք՝ պայմանով, որ բավարարված են Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները:
Մարտի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայի սահմանադրականության գործով ՍԴՈ-1770 որոշումը: Այն ուժի մեջ մտավ հրապարակման պահից:
ՀՀ կառավարության ներկայացուցիչն էր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լ. Նանուշյանը, անչափ կարեւոր այս գործը լսվեց գրավոր ընթացակարգով: Կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան 2024 թվականի հոկտեմբերի 10-ին: ՍԴ 2024 թվականի նոյեմբերի 1-ի ՍԴԱՈ-167 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել էր քննության. ապա 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴԱՈ-190 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել էր՝ մինչեւ կասեցման հիմքերը վերանալը: Այս տարվա փետրվարի 21-ին վարույթը վերսկսվել է:
1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կարդացեք նաև
Կոնվենցիայի կատարման պատասխանատու մարմին է համարվում առողջապահության նախարարությունը:
Հայաստանը պարտավորվեց ապահովել, որ առողջապահական ոլորտում ցանկացած միջամտություն հնարավոր լինի միայն համապատասխան անձի ազատ եւ տեղեկացված համաձայնությամբ, ինչպես նաեւ ապահովել, որ տվյալ անձը նախապես պատշաճ տեղեկություններ ստանա միջամտության նպատակի եւ բնույթի, ինչպես նաեւ դրա հետեւանքների եւ ռիսկերի վերաբերյալ, նաեւ՝ «այն դեպքում, երբ օրենքի համաձայն անչափահաս անձը միջամտությանը համաձայնություն տալու կարողություն չունի, ապահովել, որ այդ միջամտությունը կատարվի միայն նրա ներկայացուցչի կամ իրավասու մարմնի կամ օրենքով նախատեսված անձի կամ մարմնի թույլտվությամբ, իսկ անչափահասի կարծիքը հաշվի առնվի որպես նրա տարիքին եւ հասունության աստիճանին համաչափ հետզհետե որոշիչ դարձող գործոն»:
Ըստ կոնվենցիայի՝ այն դեպքերում, երբ օրենքի համաձայն չափահաս անձը հոգեկան հիվանդության, հիվանդության կամ համանման այլ պատճառներով չունի միջամտությանը համաձայնություն տալու կարողություն, ապահովել, որ այդ միջամտությունը կատարվի միայն նրա ներկայացուցչի կամ իրավասու մարմնի կամ օրենքով նախատեսված անձի կամ մարմնի թույլտվությամբ:
Հայաստանը կապահովի, որ մարդու գենոմի փոփոխությանն ուղղված միջամտություն իրականացվի միայն կանխարգելիչ, ախտորոշիչ կամ թերապեւտիկ նպատակներով եւ միայն այն դեպքում, երբ դա տվյալ մարդու ժառանգների գենոմը որեւէ փոփոխության ենթարկելու նպատակ չի հետապնդում:
Սահմանադրական դատարանի որոշմամբ հայտնի դարձավ նաեւ Հայաստանի վերապահումներից մեկի մասին:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վերապահում է արել կոնվենցիայից՝ նշելով, որ՝ «Կոնվենցիայի 36-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածով սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության բացառումը սահմանվում է հետեւյալ կերպ. «Ապագա երեխայի սեռն ընտրելու նպատակով օժանդակ վերարտադրողական բժշկական տեխնոլոգիաների օգտագործումն արգելվում է՝ բացառությամբ սեռով պայմանավորված ժառանգական ծանր հիվանդությունից խուսափելու դեպքերի»: Սույն դրույթը հակասում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա:
Հետեւաբար, կոնվենցիայի 14-րդ հոդվածը չի կիրառվի Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ ծառայությունների նկատմամբ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.03.2025