Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի սպասողական քաղաքականությունը մոտեցնելու է պատերազմի վտանգը»

Մարտ 08,2025 13:00

«Հայաստանը պետք է իր ստորագրությունը ետ կանչի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, բայց այս պարագայում էլ դա շատ վտանգավոր կարող է համարվել, որովհետեւ չկա որեւէ այլ փաստաթուղթ, որը կարող էր երաշխավորել այս փխրուն հրադադարը, կամ, եթե ետ չի կանչում ստորագրությունն այդ փաստաթղթից, պարտավոր է վերադառնալ եռակողմ բանակցությունների ֆորմատ եւ քիչ, նվազագույն ռիսկային տարբերակով՝ փորձել լուծում տալ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

-Նախօրեին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր պանթեոն այցելեցին շատերը՝ Վազգենի զինակիցներ, Արցախի ազատագրման համար պայքարած մարդիկ, բանակի կայացման համար ներդրում ունեցած մարդիկ, ովքեր այսօր գործող իշխանության հենարանն են, իշխանությունը, որը թշնամուն հանձնեց Արցախը, ամեն ինչ անում է՝ թշնամու պահանջով, բանակի հիմքերը կազմաքանդելու համար։ Հետաքրքիր է՝ ի՞նչ մտորումներ, զգացողություններ ունեք, քանի որ ժամանակին ինքներդ էլ Վազգեն Սարգսյանի հետ շփումներ ունեցել եք։

-Իրականում, այդ մարդիկ վաղուց Վազգեն Սարգսյանի արժեհամակարգի, թողած ժառանգության հետ կապ չունեն, որովհետեւ հնարավոր չէ գտնվել Նիկոլ Փաշինյանի կողքին եւ լինել Վազգեն Սարգսյանի գծի հետեւորդը։ Այս առումով, այդ մարդիկ կոշտ երկընտրանքի առաջ են, այդպիսին է կյանքը, այդպիսին է զարգացումների տրամաբանությունը, իրենք պետք է ընտրություն անեն՝  կամ Նիկոլ Փաշինյանի կողքին են, կամ՝ Վազգեն Սարգսյանի գործի շարունակողներն են։

– ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունների եւ գերության մասին, պնդում է՝ «…պետք է գերի չընկնեին, այո, պետք է չընկնեին։ Այդպիսի մակարդակի ղեկավարության՝ գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ»։ Օրերս Ալեն Սիմոնյանն էր ասել, որ ՀՀ-ն աշխատանք տանում է գերիների վերադարձի մասով, բայց անտեսանելի, որ չխանգարի հարցի լուծմանը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ նույնը կրկնեց, մինչդեռ տպավորություն է եւ դա հաստատում է նաեւ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի գրառումն այն մասին, որ ՀՀ-ն՝ ԱԳՆ-ն, վարչապետը, ԱԺ-ն ավելին կարող են անել, որ ինքը նման կեցվածք պետության կողմից, իր գործունեության ընթացքում չի հանդիպել։ Հայաստանն այս հարցում բավական կրավորական կեցվածք ունի, աելին՝ մեղադրվում են գերեվարվածները։

-Բաքվում պահվող ռազմագերիների հարցը պետք է գտնվեր հայկական օրակարգի առանցքային տեղում, այդ հարցը պետք է առանցքային նշանակություն ունենար հայկական իշխանությունների համար։ Ակնհայտորեն դա այդպես չէ։ Այո, մինչեւ հիմա մենք լսում ենք իշխանություններից շատ երկիմաստ հայտարարություններ՝ Բաքվում պահվող ռազմագերիների վերաբերյալ։ Ես ուզում եմ հիշեցնել 2024 թվականի սեպտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ, ըստ էության, նա հեգնում էր Ռուբեն Վարդանյանին։ Մի քանի օր առաջ Ալեն Սիմոնյանն ինչ-որ անհասկանալի բաներ էր խոսում, որը հանգում էր նրան, որ հանուն պետական շահերի կարելի է նաեւ այդ մարդկանց իրավունքներն ու շահերը ոտնահարել… Գիտեք, ես չեմ տեսնում, որ Հայաստանի իշխանության համար այս հարցն առաջնահերթություն է։ Եթե նրանք ստիպված ինչ-որ արձագանքումներ էլ անում են, միայն այն պարագայում, երբ կա հասարակական ճնշում։ Օրինակ, վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի հետ կապված։

Ես կարծում եմ, որ գերիների, ռազմագերիների հարցի լուծման արդյունավետ բանալին կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ Հայաստանը վերադառնա եռակողմ հայտարարության ձեւաչափ, որովհետեւ նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ հստակ գրված է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձման իմպերատիվ պահանջի մասին։ Կարծում եմ, սա էլ քայլ կլինի, եթե իշխանությունն անի՝ ռազմագերիների հարցի լուծման ուղղությամբ։

-Ի դեպ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով 2018-ի հեղափոխությունն ավելին էր համարում, քան Արցախի ազատագրական պայքարը եւ ով պարզվում է՝ հույս ունի սահմանազատման-սահմանագծման արդյունքում Արցախը ետ բերելու, կարծում է, որ մեր պետականության խնդիրները 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության չբացահայտման արդյունք են։ Ինչո՞ւ Հայաստանի որեւէ իշխանություն համարձակություն չի ունենում մոտենալ այդ հարցին։

-Ես չեմ կարող իշխանությունների փոխարեն այդ հարցին պատասխանել, բայց Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոստում տվել է, որ իշխանության գալու պարագայում, ամեն ինչ անելու է «մարտի 1-ի» եւ «հոկտեմբերի 27-ի» բացահայտման համար։ Ինչո՞ւ չի արել՝ դժվարանում եմ այս հարցին պատասխանել։ Ենթադրում եմ, որ նա չի կարողացել ստեղծել իշխանության այնպիսի համակարգ, այնպիսի որակի իշխանություն, որը կարող է նման մակարդակի գործեր բացահայտել։ Նաեւ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան հանցագործություններ է գործել, որ մեկը լինի՝ իրեն պատասխանատվության կանչի։ Հետեւաբար, ինքն առանձնապես չի էլ գնալու նախկինում եղած հանցագործությունների բացահայտման ետեւից, որպեսզի նախադեպ չստեղծի՝ հետագայում, հաջորդ իշխանության կողմից իրեն պատժելու համար։

-Ադրբեջանը հերթական անգամ մերժել է տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները, դրանք ոչ պրակտիկ որակելով։ Ի դեպ, հայտնի էլ չէ, թե ի՞նչ էր առաջարկել ՀՀ իշխանությունը։ Մերժումներն էլ կարծես սահմանագծին են մոտենում. աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ի՞նչ հանգուցալուծումներ եք տեսնում, ո՞ր սպառնալիքներն են առաջնահերթ։

-Այս առումով, վիճակը բավական մտահոգիչ է։ Վերջին օրերին, Նիկոլ Փաշինյանը կոմունիկացիաների ապաշրջափակման առումով շարունակաբար կրկնում է բոլոր այն թեզերը, որոնք 2-3 ամիս է՝ Բաքվի կողմից մերժվում են, դրանք կիրառական նշանակություն չունեցող են համարում Բաքվում։ Ադրբեջանը շատ հստակ մեկ բան է ասում՝ դուք նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնել եք պարտավորություն, կատարեք այդ պարտավորությունը՝ առանց խնդիրը խճճելու։ Հիմա, վերանանք, թե ի՞նչ է ասում Բաքուն. շատ հստակ է, որ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, այնքան էլ էական չէ, որ ՌԴ-ն կամ Ադրբեջանն այդ փաստաթղթի բազմաթիվ կետեր չեն կատարել, որովհետեւ, դրանով հանդերձ, նրանք Հայաստանին չեն ազատել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կատարելու պարտավորությունից։ Հետեւաբար, կամ Հայաստանը պետք է իր ստորագրությունը ետ կանչի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, բայց այս պարագայում էլ դա շատ վտանգավոր կարող է համարվել, որովհետեւ չկա որեւէ այլ փաստաթուղթ, որը կարող էր երաշխավորել այս փխրուն հրադադարը, կամ, եթե ետ չի կանչում ստորագրությունն այդ փաստաթղթից, պարտավոր է վերադառնալ եռակողմ բանակցությունների ֆորմատ եւ քիչ, նվազագույն ռիսկային տարբերակով՝ փորձել լուծում տալ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա, այսպես կոչված, սպասողական քաղաքականությունը բերելու է շատ վատ հետեւանքների։ Ինչպես նախապատերազմյան փուլում նա, ըստ էության, հրաժարվեց գնալ կարգավորման 2019 թվականի պլանի համաձայն եւ դրանով դուռ բացեց պատերազմի համար, այնպես էլ այսօր, եթե նա հրաժարվի քաղաքական լուծումներից, որպեսզի իրեն դավաճան չասեն եւ այլն, եւ այլն, ապա ավելի մոտեցնելու է նոր պատերազմի վտանգը։

– Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից ետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը։

-Այն պահից սկսած, երբ Հայաստանը սկսեց բանակցել Բաքվի հետ՝ միջազգային ատյաններից հայցերը ետ վերցնելու վերաբերյալ, սպասելի էր, որ վաղ թե ուշ տեղի է ունենալու Եղիշե Կիրակոսյանի եւ նրա թիմի հրաժարականը։ Ի վերջո, փաստը կայացավ։ Ես դեռ զարմանում եմ, որ Եղիշե Կիրակոսյանը համեմատաբար երկար աշխատեց Նիկոլ Փաշինյանի հետ։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31