«5000 դրամով քվե էին առնում», «Թանկարժեք մեքենաներով էին ման գալիս», «մի քանի հազար քառակուսիանոց տներ էին սարքում»
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանն էր հիշեցնում, թե ինչպես էին 90-ականներին ապրում գեներալները։ Դժվար է չհամաձայնելը, որ նա ճիշտ է հիշում։
Բայց պատկերացնենք, որ հանկարծ Արամ Սարգսյանը ինչ-որ պահի իրոք դառնում է ընդդիմադիր կամ ավելի մահացու մեղք՝ դառնում է Նիկոլ Փաշինյանին մրցակից:
Այդ դեպքում նախ ԱԺ ամբիոնին կմոտենա Ալեն Սիմոնյանը և կցուցադրի լրագրող Տիգրան Նաղդալյանի լուսանկարը, ոչ թե Պողոս Պողոսյանինը։
Ապա հանկարծ Ֆեյսբուքում, Տիկ Տոկում, լրատվամիջոցներով, վարչապետի անձնական էջերով, տաքսիներում և խանութներում կհիշեցնեն, որ Սարգսյանների մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, դատապարտվել է Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար։
Կարդացեք նաև
Դրանից հետո բոլոր իշխանամետ քարոզիչները, որոնք այսօր փառաբանում են Վազգեն սպարապետին, կգտնեն ու non stop ռեժիմով կտարածեն հայտնի տեսանյութը, որտեղ գեներալ Մանվել Գրիգորյանին, որի կերպարը հանրության շրջանում համապատասխանում էր հենց այն գեներալներին, որոնց մասին խոսում էր Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը խորհուրդ է տալիս «խ**ին չդնել» և վստահ ասում նրան․
«Դու շատ ճիշտ ես գնում առաջ»։
Հետո կիշեցնեն, որ Վազգեն Սարգսյանն էր թույլատրել Մանվել Գրիրգորյանին, որ ինչ ուզի, անի։
«Մանվելին ամեն ինչ կարելի է»,- ասել է նա Վանո Սիրադեղյանին ու նրա կնոջը (տես՝ «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» էջ՝ 60-61)։
Անպայման կհիշեն 1996 թվականի կեղծված ընտրությունները, և այն հայտնի տեսագրությունը, որտեղ Վազգեն Սարգսյանն ասում է, որ նույնիսկ, եթե 100% ձայն հավաքեր ընդդիմությունը, մեկ է իշխանությունը չէին տալու։
Դրանից հետո կվերհիշեն 1998 թվականի պալատական հեղաշրջումը ու այսպես շարունակ:
Կսկսեն հնչել «հռետորական» հարցերը՝ ա՜, տեսնես այդ ո՞վ էր գեներալների ու 5000 դրամով ընտրությունները կեղծող պաշտոնյաների ընկերը, դրանց «պռախոդ» տվողը, այդ ո՞ր վիճելի ընտրություններից հետո սկիզբ առավ արատավոր շղթան, դե իսկ Ալմա-Աթայի հռչակագիրն էլ ինչպե՞ս կարող էր առանց ամենազոր Վազգեն Սարգսյանի իմացության ստորագրվել: Կարճ ասած ժանրի լավագույն կանոններով՝ խառը ձևակերպումներ, կիսաճշմարտություններ, ակնարկներ ․․․
Այն, որ անհրաժեշտության դեպքում Վազգեն Սարգսյանի կերպարը կրկին դիվականացվելու է՝ ջնջելով սպարապետի կերպարը ու դրանում հաջողելու է, կասկած չունեմ: Ի դեպ, Բաքվի դատավարություններում որպես «հանցագործ» հնչեցվում է նաև Վազգեն Սարգսյանի անունը, այնպես որ հանուն «խաղաղության խաչմերուկի» Վազգենի «ապասպարապետացումը»՝ ապահերոսացումը, կարող է ավելի անսպասելի սկսվել․ այդ «խաչմերուկում» հերոսը միայն հարկատուն է մնալու:
Զառանցու՞մ եմ: Հինգ-վեց տարի հետ նայենք: Իրավիճակ է փոխվել. հայկական Արցախը չկա, առանց Արցախի Հայաստանը այն Հայաստանը չէ, Վազգենը առանց Արցախի այն Վազգենը չէ, Արամը այլևս այն Վազգենի եղբայրը չէ … մենք էլ այն չենք։
Արարի վերջում Քաղաքացիական պայմանագիրը կհասնի հենց Արամ Սարգսյանին և զարմացած ու բարկացած աչքերով կաղմկի՝ այդ ինչո՞վ ենք գրավելու եվրոպական շուկան, մի՞թե քաղցկեղածին և 60-ից ավելի երկրներում արգելված ազբեստո՞վ, որի հետ կապված բիզնես հետաքրքրություններ ունի Արամ Սարգսյանը: Հետո կընկնեն իր ընտանիքի հետ ասոցացվող մյուս բիզնեսների հետևից։
Շարքը կշարունակվի առանց դադարի ու կարմիր գծերի:
Ռուբեն Հարությունյան