Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ, կուսակցությունից հեռացվել է․ Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար

Մարտ 07,2025 22:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը 2017 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։

«Նա կուսակցությանն անդամագրվել է իր դիմումի համաձայն, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։ Նրան հեռացրել ենք կուսակցությունից, երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամների վերահաշվարկ ենք կատարել, նա չի ներկայացել վերահաշվարկին»,- Aravot.am-ին փոխանցեց Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը՝ պատասխանելով ՔՊ-ականների այն պնդումներին, թե Սարիկ Մինասյանը կուսակցական չի եղել, առավել ևս՝ ՀՀԿ-ական։

Նշենք, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը՝ «Մեր Սարիկը», Գյումրու ՏԻՄ ընտրությունների ֆոնին իր հերթին սկսել է խստորեն քննադատել այսպես ասած նախկիններին։ Օրինակ՝ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով առաջադրման նպատակով ՔՊ-ի փաստաթղթերը ներկայացնելիս՝ Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Գյումրեցիները միշտ հստակ իրենց գնահատականը տվել են Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Կարծում եմ՝ ոչինչ և ոչ ոք չի մոռացվել, մեր քաղաքացիների հիշողությունները թարմ են և իրենց նորմալ, ճիշտ գնահատականը կտան։ Կարևոր է, որ նորմալ մասնակցեն ընտրություններին, անտարբեր չլինեն, որովհետև այս ընտրություններով որոշվելու է Գյումրու հինգ տարիների ճակատագիրը»։

Այսօր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով ընդդիմախոսներին, թե Գյումրու քաղաքապետի 9 թեկնածուների մեջ ամենանախկինը ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանն է, քանի որ եղել է թե՛ ՀՀԿ-ական և թե՛ մտերիմ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջ՝ գործարար Արման Սահակյանի հետ, ասել էր․ «Բնականաբար պիտի փորձեն արատավորող ինչ-որ բաներ կպցնել Սարիկ Մինասյանին, եթե նախկին հասկացողությունները փորձում են խոսքերով ասել ու կպցնել Սարիկ Մինասյանին, մենք գործնականում տեսնում ենք՝ ում թիկունքում որ ուժերն են կանգնած։

Գյումրեցիներին մոլորեցնել պետք չէ, գյումրեցիներն էլ են տեսնում, թե ում թիկունքում որ նախկին նախագահն է կանգնած։ Սարիկ Մինասյանի թիկունքում այսօր շատ ձիգ կանգնած է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և վստահ քայլերով գնում է առաջ։ Այստեղ բերել, նախկինների կողմից Սարիկ Մինասյանին դարձնել նախկին, զավեշտին մոտ իրավիճակ է ստեղծվում»։

Մեր դիտարկմանը, թե Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ-ական, Դավիթ Առուշանյանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

«Սարիկը Մինասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որևիցե այլ տեղեկություն մեզ հայտնի չէ։ Ես նման տեղեկություն չունեմ ու չեմ կարող ասել։

Ես գիտեմ, որ Սարիկ Մինասյանը այլ կուսակցության, ավելի ճիշտ խմբակցության պատգամավոր է եղել, չի եղել կուսակցական։ Այսօր Սարիկ Մինասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»,- ասաց մարզպետը։

 

Ի դեպ, ՀՀԿ կառույցից մեզ փոխանցել են, որ անհրաժեշտության դեպքում կհրապարակեն փաստաթղթեր, որոնք հավաստում են Սարիկ Մինասյանի՝ նախկին ՀՀԿ-ական լինելու մասին։

Այս թեմայի շուրջ կլսենք նաև Սարիկ Մինասյանին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ. Գ. Հոդվածի հրապարակումից հետ Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես երբեք չեմ եղել Հանրապետական կուսակցության անդամ։ Այն, որ ժամանակին հանրապետականները կուսակցական շեֆերի աչքին բարձրանալու համար քիչ էր մնում մանկապարտեզի երեխաների անունները ցուցակով տանեին ու ներկայացնեին որպես նոր կուսակցականներ դա գիտեի, բայց որ մի օր ինքս պիտի դառնայի նման խարդավանքի զոհ, չէի կարող պատկերացնել։

Ես գյումրեցիների առաջ պարզ ճակատ եղել եմ ու հենց այդպես էլ մնում եմ։ Բոլորդ էլ գիտեք, որ ես երկար տարիներ աշխատել եմ Գյումրու համայնքապետարանում, Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ու եթե ինչ-որ մեկն այդ հանգամանքից ելնելով՝ առանց ինձ հարցնելու, իմ անունը այս կամ այն ցուցակի մեջ է գրել ու սրա-նրա առաջ ինձ կուսակցական դիմումատու ներկայացրել, ուղիղ ասում եմ՝ գլուխը պատին է տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31