«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն Թրամփի կառավարման շրջանում գնում է ԱՄՆ-ի բացառիկության ճանապարհով, որպես աշխարհի թիվ մեկ պետություն հաստատելու ճանապարհով»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփն ընտրել է Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու, ազդեցության գոտիները բաժանելու ճանապարհը․ «Ինձ մոտ այն տպավորությունն է, որ եվրոպական մայրաքաղաքներում ոչ այնքան Ուկրաինայի ճակատագրով են անհանգստացած, այլ որ Ուկրաինայի՝ հնարավոր ազդեցության գոտիների բաժանումից իրենց ոչինչ չի հասնի»։
Ուստի դիմելով ՀՀ-ում արևմտամետ շրջանակներին՝ ասաց․ «ՀՀ-ում ապրող այն արևմտամոլների կարծիքը, որ ահա, Եվրոպան գալու ու մեզ փրկելու է ադրբեջանաթուրքական սպառնալիքից, դրանք դատարկ խոսքեր էին և քաղաքական տգիտության շարքին են դասվում։ Հավաքական Արևմուտքն Ուկրաինային օգտագործեց հակառուսական ճակատ ստեղծելու համար, Ուկրաինայից ստացավ հակառուսաստան, բայց դրանից ի՞նչ օգուտ ստացավ Ուկրաինան, չենք տեսնում։ Եվրոպայի երբեմնի ամենամեծ երկրի բնակչությունը 40-50 տոկոսով պակասել է, և բոլոր նրանք, որոնք հույս էին կապում միացյալ Արևմուտքի օգնության հետ, թող տեսնեն Ուկրաինայի և Զելենսկու այս խայտառակ վիճակը, արևմուտքի ցինիկ պահվածքը և տեսնեն ՀՀ-ի իրավիճակը»։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ քանի դեռ նիկոլիստական ռեժիմը ՀՀ-ն հանում է ռուսական ազդեցության ոլորտից և տանում դեպի Անկարա-Բրյուսել, լավ բան մի սպասեք։ Իսկ ինչ պետք է անի իշխանությունը, Էդուարդ Շարմազանովն այս կարծիքին է․ «Դիվանագիտության ու արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է, թե ինչ չպետք է անել։ Այսօրվա իշխող վարչակազմն անում է այն, ինչ չպետք է անել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ