Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում նախկին իշխանությունների վերադարձ չի լինելու»․ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան

Մարտ 07,2025 20:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որը Գյումրիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի սկսվելուն պես կգնա արձակուրդ՝ գլխավորելով « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում մթնոլորտը որոշակիորեն լարված է։

«Թեկնածուները շատ-շատ են՝ 9-ն են, ու քանի որ նրանց մեջ կան դերակատարներ, որոշակի շրջանակներում ազդեցություն ունեն, բնականաբար, ընդհանուր իրավիճակը նախընտրական է, անցնում է որոշակի լարվածությամբ։

Նախընտրական գործընթաց է, չեմ կարծում որևիցե ընտրություն, նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում անցնում է տոնական միջոցառումների շրջանակներում»,- ասաց մարզպետը։

Aravot.am-ի այն հարցին, թե որտեղի՞ց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այդքան ինքնավստահություն, թե հաղթելու է իրենց թեկնածուն՝ «Մեր Սարիկը»․ չէ՞որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, միշտ անակնկալներ է մատուցել՝ ընտրություններով իր ուրույն վերաբերմունքը ցույց տալով օրվա գործող իշխանություններին, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Ինքնավստահությունը նրանից է, որ գյումրեցիները միշտ իրենց հստակ խոսքն ասել են։

Ինքնավստահությունը գալիս է մեր արած աշխատանքից, արվելիք աշխատանքից, նոր ծրագրերից․ գյումրեցիները շատ լավ տեսել են իրենց կյանքի փոփոխությունը, տեսել են իրենց քաղաքի փոփոխությունները։

Վստահ եմ՝ այն ժամանակ էլ, երբ ընտրությունների ելքերը հնարավոր չեն եղել կանխատեսել, պատճառն այն է, որ գյումրեցիները տեսել են, թե այդ մարդիկ Գյումրիում ինչ են արել ու ինչ են անելու։ Տեսել են, որ որևիցե բան չեն արել ու չեն անելու, դրա համար ընտրություններում չեն հաղթել այդ ուժերը։

Հիմա մենք վստահ ենք, որովհետև տեսնում ենք մեր արած աշխատանքը, տեսնում ենք ժողովրդի գնահատականը մեր արած աշխատանքին։ Վստահ ենք, որ գումրեցին միշտ կշռադատված որոշումներ է կայացնում՝ հաշվի առնելով նախկին, ներկա ու կատարվելիք աշխատանքը, ծրագրերը, որոնք լինելու են Գյումրիում»։

Դավիթ Առուշանյանը նշում է՝ Գյումրիում նախկին իշխանությունների վերադարձ չի լինելու․ ժողովուրդը 2018 թվականին է հստակ որոշում կայացրել ու այդ ճանապարհով շարունակում է առաջ գնալ։

«2021 թվականին էլ է նույն ճանապարհով առաջ գնացել, 2025 ու 2026-ին էլ նույն ձևով է առաջ գնալու։ Ես վստահում եմ գյումրեցիներին ու գյումրեցու որոշումը»։

Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև ընդդիմախոսներին, որոնք մրցապայքարի դուրս եկած 9 թեկնածուների մեջ նորաթուխ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին համարում են ամենաանախկինը, քանի որ նա եղել է ՀՀԿ կուսակցության անդամ, ավելին՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մոտ ընկերոջ՝ գործարար Արման Սահակյանի մտերիմն է։

Մարզպետը պատասխանել է նաև Գյումրիում շրջանառվող տեղեկություններին ու հնչող ահազանգերին, համաձայն որոնց՝ «գողականներին» հարկադրել են ձայն բերել ՔՊ-ականներին, հատկապես այն «գողականներին», որոնք քրեական ենթամշակույթ կրելու մեղադրանքով դատվում են Շիրակի մարզի ընդհանուր դատարանում և որոնց ասվել է․ «Ձայն բեր, տանք ազատություն»։

Այս և այլ հարցերի շուրջ Դավիթ Առուշանյանի հետ ամբողջական զրույցը տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31