«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնությունից 15 տարի անց
Ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյանի ու Թելման Գևորգյանի 1960-ականներին հեղինակած «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը հայկական մոդեռնիզմի բացառիկ օրինակներից է, իսկ դեռևս կանգուն դահլիճի ներկա վիճակը Հայաստանում ժառանգության գնահատման ու պահպանության համակարգի հակասական ու խորքային արատավորության լավագույն ցուցիչներից է։
2010 թվականի փետրվարին ամառային դահլիճը հուշարձանների ցուցակից հանելու կառավարության որոշմանը դեմ և դրա պահպանությանը միտված հանրային շարժումը մի կողմից ի ցույց դրեց ժառանգության պահպանության պետական գործիքակազմի անարդյունավետությունը, քաղաքական իշխանության ու մասնավոր շահերի բերումով ժառանգության գույքը իրացնելու գործընթացները զսպելու անկարողությունը, իսկ մյուս կողմից վեր հանեց մեր ոչ վաղ անցյալի ժառանգության ընկալման մեջ հանրային պառակտվածությունը։
Ժառանգության պահպանության գործառույթը իր վրա վերցրած Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության այդ փոքր հաղթանակից 15 տարի անց, մենք դեռ կանգնած ենք պետական համակարգի նույն անգործունեության ու ոչ կոմպետենտության շարունակական մարտահրավերի առջև՝ վկան ամառային դահլիճի այսօրվա լքված ու փակված վիճակն է։ Խնդիրը առավել արտահայտված է դառնում հատկապես, երբ այն առնչվում է արդի ճարտարապետական ժառանգությանը, որը անկախությունից մինչ այսօր զուրկ է եղել լայն պատշաճ լուսաբանումից ու հազվադեպ է եղել մասնագիտական ուսումնասիրության առարկա։
Կարդացեք նաև
Հարկ ենք համարում կրկնել նախաձեռնության և մասնագիտական համայնքի կողմից տարիներով բարձրացվող պահանջները՝ վերականգնել Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի հուշարձանի կարգավիճակը, մշակել դահլիճի վերականգնման և պահպանման հստակ ծրագիր ու ապահովել մշակված ծրագրի պատշաճ ֆինանսավորումն ու իրականացումը։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում նույն ուշադրությանը արժանացնել հայաստանյան մոդեռնիզմի այլ կարևորագույն կառույցներին, ինչպիսիք են՝ Զվարթնոց օդանավակայանը, Ռոսիա կինոթատրոնը և բազմաթիվ այլ արժանի կառույցներ, որոնք հետեւողականորեն չեն ներառվում կառավարության կողմից հաստատվող պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակներում, մի քանի տարի ունենալով նորահայտ հուշարձանի կարգավիճակի փորձագիտական դրական եզրակացությունը։
Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման կանխումը՝ հանդիսանալով առաջին հաջողված քաղաքացիական նախաձեռնություններից մեկը և օրինակ ծառայելով այլ շարժումների, վերահաստատեց, որ նման իրավիճակներում խնդիրների լուծման միակ հույսը պատկան մարմինների վրա հանրային և մասնագիտական ճնշումն է։
Գրեթե նույն իրավիճակում ենք նաև այսօր, երբ ոչ միայն ժառանգության, այլ առհասարակ քաղաքային խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք, ի շարս համազգային մակարդակով գոյաբանական հիմնախնդիրների։ Ուստի, միանալով ալիևյան բռնակարգի անարդար ու անօրինական գերեվարված մեր հայրենակիցների շուտափույթ ազատման պահանջին, ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր ասպարեզներում և ուղղություններով շարունակել հաստատակամ և շարունակական քաղաքացիական պայքարը հանուն մեր պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը։
«Փրկենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը» քաղաքացիական նախաձեռնություն
Երևանի ժառանգության պահպանության կոմիտե
Դոքոմոմո Հայաստան