Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Տիգրան Ավինյանը գա այստեղ եւ տեսնի, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այս խաչմերուկում՝ իր ապօրինի թույլտվության արդյունքում». Զարուհի Փոստանջյանը եւ մի խումբ քաղաքացիներ փողոց են փակել

Մարտ 07,2025 17:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ նախ առավոտյան էին Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց կազմակերպել: Ըստ ցույցի կազմակերպիչների, քաղաքապետարանը Նաիրի Զարյան 11-13 հասցեում գտնվող, նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին՝ բազմաբնակարան, բարձրահարկ շենք կառուցելու համար տրամադրել է շինարարության թույլտվություն: Նրանց պնդմամբ, փաստաթուղթը տրամադրվել է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, իսկ շինարարության իրականացումը հանգեցրել է աղետի. մի դեռահաս աղջկա պատճառվել են մարմնական վնասվածքներ, եւ նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Օրվա երկրորդ կեսին Տիգրան Ավինյանի դեմ բողոքի գործողությունները շարունակվեցին արդեն Նաիրի Զարյան փողոցում, ցուցարարները փակեցին փողոցը: Երթեւեկության խաթարումից դժգոհ քաղաքացիներին Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով կոչ արեց. «Հարգելի քաղաքացիներ, ձեր բոլոր պահանջները ներկայացրեք Տիգրան Ավինյանին կամ նրա հայրիկին, որը մարդկանց համբալ է անվանում»:

Մի պահ ծեծկռտուք սկսվեց ցուցարարների ու փողոցի փակ լինելուց դժգոհ քաղաքացիների միջեւ:

«Դու պիտի էստեղ մնաս քո պահվածքի համար»,-ասաց Զարուհի Փոստանջյանը վարորդներից մեկին: «Տիկին, հասկանում եմ, որ ցույց եք անում, բայց երեխեն դպրոցում մնաց»,-դժգոհեց տղամարդը: Զարուհի Փոստանջյանը սակայն չէր ընկրկում. «Նոր երեխա են գցել մեքենայի տակ…»: « Երեխու կյանքին մեռնեմ…»,-նեղսրտեց վարորդը: «Ի՞նչ կյանքին մեռնեմ, էս խաչմերուկը պետք է կարգավորվի»,-էլ ավելի բորբոքվեց Փոստանջյանը:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է թեմային: Նա անհիմն է որակել Երեւան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հայտարարությունները: «Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոց 11-13 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Վահրամ Ադամյանին 18.09.2023թ. տրամադրվել է նախագծման թույլտվություն: Շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին եւ անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ պետական համալիր փորձաքննություն։

18.09.2023թ. տրված թույլտվությամբ նախատեսվում է 8 վերգետնյա եւ 1 մասնակի նահանջ հարկ։ Նախագիծը ստուգվել եւ հաստատվել է համապատասխան պետական մարմինների կողմից՝ ներառյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

14.11.2024թ. համաձայնեցվել է շինարարական նախագիծը եւ «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին տրամադրվել է շինարարության թույլտվություն՝ 3 տարի ժամկետով (մինչև 14.11.2027թ.)։ Նշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում» ։

Քաղաքապետի մամուլի խոսնակը նաեւ հերքել է ավագանու անդամի այն պնդումը, թե կառուցապատողի եւ Տիգրան Ավինյանի միջեւ քավոր-սանիկական հարաբերություններ են գործում:

Զարուհի Փոստանջյանին, սակայն, չի բավարարել Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակի պարզաբանումը: «Թող Տիգրան Ավինյանը գա այստեղ եւ տեսնի, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այս խաչմերուկում՝ իր ապօրինի թույլտվության արդյունքում»,-հայտարարում է նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31