Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հացադուլ, արդեն ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ

Մարտ 07,2025 16:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ, ի պաշտպանություն Բաքվում ապօրինաբար դատվող Ռուբեն Վարդանյանի, Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների եւ Ադրբեջանում գտնվող մեր գերիների հայրենիք վերադարձի, մարտի 3-ից հացադուլ է սկսել Լեւիկ Խաչատրյանը: Նա քաղաքական որեւէ ուժի անդամ չէ եւ ակցիան նախաձեռնել է որպես ՀՀ պարզ քաղաքացի: Aravot.am-ը այցելել է նաեւ նրան:

«Հացադուլս անժամկետ է: Ինչի ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ, որովհետեւ տեղեկացված եմ, որ Ազատության հրապարակում էլ հացադուլ են հայտարարել: Ես մտածում եմ, որ տարբեր կառույցների առջեւ տարբեր տեսակի ակցիաներ պետք է արվեն, որ կարողանանք գերտերությունների ուշադրությունը հրավիրել, որպեսզի նրանք իրենց ամբողջ գործիքակազմով ազդեն Ադրբեջանի անօրինականությունների վրա, վերջ դնեն հայ գերիների նվաստացումներին ու խոշտանգումներին:

Կխնդրեմ, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլը դադարեցնի, քանզի նա մեզ առողջ է պետք: Հացադուլը նրա վրա կարող է ավելի վատ անդրադառնալ, քան մեր՝ երիտասարդներիս վրա:

Եվ երրորդ, որպեսզի մեր բոլոր ռազմագերիները, որոնք արդեն դատվել են եւ իրենց պատիժը կրում են Բաքվի ՔԿՀ-ում ու նաեւ նրանք, ովքեր դեռ չեն դատվել, վերադարձվեն:

ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ եմ, որովհետեւ կոնվենցիա կա մարդու խոշտանգումների եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ: ՄԱԿ-ը նույնպես պետք է այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկի, թեեւ տեղեկացել եմ, որ նամակ է ուղղել, որ ազատ արձակեն մեր ռազմագերիներին: Իսկ թե Ադրբեջանը ո՞նց կնայի այդ նամակին, հարցի մյուս կողմն է: Լրահոսում կարդացի, որ Ադրբեջանը պատրաստվում է ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի գրասենյակները հանել»,-ասաց Լեւիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով ՄԱԿ-ի գրասենյակից շարքային աշխատողներ եւ պաշտոնյաներ իրեն մոտեցել են, լսել, պատրաստակամ են առօրյա հարցերով օգտակար լինել:

Հացադուլավորը հասկանում է, որ մեր գերիներին վերադարձնելու գործում Հայաստանի իշխանությունը լծակներ ունի, բայց ըստ նրա, դա նուրբ հարց է: «Ռուբեն Վարդանյանի փաստաբանը կետերով ասել էր, թե ինչ պետք է արվեր եւ չի արվել: Գիտեմ, որ կառավարությունը նշվածներից ոչինչ չի արել: Ըստ մասնագետների գնահատականի, ֆիկտիվ չի աշխատում: Մյուս կողմին էլ, որ լսում ես, ասում են՝ կարող է մի բան անենք, գերիների վրա վատ անդրադառնա: Դրա համար չեմ կարող որակավորել նրանց անգործությունը:

Ես մի բան գիտեմ, հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ չպետք է բաժանվենք՝ կառավարության ներկայացուցիչ, ընդդիմության ներկայացուցիչ: Եթե պետականամետ ես, չպետք է նայես, թե ով ում կողմնակիցն է: Պետք է միանաս պայքարին, որ քո հային հետ ուզես: Հայը առաջին հերթին պետք է պահանջատեր լինի»,-ասաց Լեւիկ Խաչատրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31