Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են հանձնել իշխանությունը Նիկոլին, մենք ասում ենք՝ տղաներ ջան, դուք թյուրիմացության մեջ եք»․ Էդուարդ Շարմազանով

Մարտ 07,2025 15:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀԿ-ն հարյուր անգամ ասել է՝ մենք ունենք ներքին քաղաքական մեկ օրակարգ` նիկոլիզմի դեմ պայքարը։ Բայց երբ քեզ վրա հետևողականորեն և ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել ու ասել՝ ոչինչ չի կատարվում»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի դեմ հնչող մեղադրանքներին։

Նա վստահեցրեց՝ ՀՀԿ-ն մշտապես՝ առնվազն վերջին տարիներին առաջնորդվել է «0 ամբիցիա» սկզբունքով, ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով․ «ՀՀԿ-ն եղել է բոլոր այն գործիչների կողքին, ով դրա կարիքն ունեցել է․ լինի դա 2-րդ նախագահը, թե սովորական փողոցային պայքարի ակտիվիստ։ ՀՀԿ-ն երբեք իր վրա վերմակը չի քաշել»։

Անդրադառնալով Աղվան Վարդանյանի հայտարարություններին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Ես զարմանքով և ափսոսանքով երեկ արձանագրեցի իմ կողմից հարգված, իմ ավագ գործընկեր ընկեր Աղվանի՝ ճեպազրույցում հնչած, թուղթ ու գրիչով նախօրոք պատրաստված հայտարարությունը։ Կարծում էի, որ մեր հարաբերություններն այնպիսի մակարդակի էին, որ ինքը նման հարցեր կարող էր հնչեցնել աղուհացի, սուրճի սեղանի շուրջ, իմ սենյակում, իր աշխատասենյակում, հեռախոսազանգով, բայց քանի որ հարգելի Աղվան Վարդանյանը ընտրել է այդ ճանապարհը, կանդրադառնամ։

Երբ ինքը մեզ բարոյախրատական խորհուրդներ է տալիս՝ էն էլ հրապարակային, երբ խորհուրդ է տալիս, որ բարոյականությունը լավ բան է, հավատարմությունը լավ բան է, երախտապարտությունը լավ բան է, բայց մի մոռացեք սեփական դեմքը պահպանելու և սկզբունքների մասին, հետո էլ ակնարկում է այլ կախվածության մասին, երբ ինքը երեկ էդ գրած թուղթը կարդում էր, հարց է առաջանում՝ դա անձնական հավատարմության, սկզբունքայնության, հավատարմության դրսևորո՞ւմ էր, թե? ինչպես ինքն է ասում, այլ կախվածության դրսևորում։

Այս թեման ՀՀԿ-ն չի սկսել։ Եվ իմ մոտ այնպիսի համոզմունք է, որ երկրորդի գրասենյակում որոշվել է դիստանցավորվել ընդդիմադիր ՀՀԿ-ից։ Դուք՝ ձեր որոշումը, բայց ինչո՞ւ եք դուք ձեր որոշումը ներկայացնում Հանրապետականի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզով։ Որոշել եք դիստանցավորվել, դիստանցավորվենք, կամ ոնց ասում են՝ ժամանակն է եկել տարանջատվելու։ Էդ ե՞րբ ենք միահյուսված եղել, որ մի հատ էլ տարանջատվենք։ ՀՀԿ-ն առանձին քաղաքական միավոր է։

Էդ որ փորձում են ասել, որ երկրորդի ասուլիսից հետո մեծ բան սկսվեց, կներեք, երբ երկրորդ նախագահը խոսեց, ՀՀԿ-ի ԳՄ անդամներից որևէ մեկը արձագանքե՞լ է։ Էլ չեմ ասում՝ բացասաբար խոսե՞լ է։ Կներեք, այդ բոլոլան, ե՞րբ սկսվեց, երբ ուղիղ հնչեցին մեղադրանքներ, որ յոթ տարի շարունակ մենք ասում ենք՝ էս անբարոյական թեզն ո՞վ է մտցրել խաղի մեջ, իրենք ասում են՝ մենք կապ չունենք։

Կամ փորձում են ՀՀԿ-ից պաշտպանել Կարեն Կարապետյանին։ Կարեն Կարապետյանին պետք չի ՀՀԿ-ից պաշտպանել, ընկեր Աղվան։ Նա եղել է ՀՀԿ առաջին փոխնախագահը։ Եվ որևէ մեկը Կարեն Կարապետյանի գրպանը Նիկոլին իշխանություն հանձնելը չի գցում։

Ասում եք՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են հանձնել իշխանությունը Նիկոլին, մենք ասում ենք՝ տղաներ ջան, դուք թյուրիմացության մեջ եք։ Երբ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, դրանից հետո ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ մայիսի 1-ին պետք է առաջադրի Կարեն Կարապետյանին։ Հանրահայտ փաստ է։ Պարզապես ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ չեմ ուզում մտնել դրա մեջ։ Այդ առաջադրումից Կարեն Կարապետյանը հրաժարվեց, միգուցե այլևս անհնար էր որևէ բան փոխել։

Բայց մեղադրել ՀՀԿ-ին, որի դագաղներն են հանել, երեխաների ու ընտանիքների վրա են հարձակվել, աշխարհի լուտանքները թափել, դա անբարոյականության վերջին գագաթնակետն է։

Վատ եմ զգում, որ Բաքվում գերիներ ունենք, 120 հազար արցախցի բռնագաղթածներ ունենք, ՀՀ-ի՝ թուրքական վիլայեթացման վտանգի առաջ կանգնած ստիպված եմ արձագանքել իմ գործընկերների թեզերին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31