ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավարությունը։
Հիշեցնենք, դատախազությունը նոր մեղադրանք էր առաջադրել Ռուբեն Հայրապետյանին, այդ թվում նաեւ ՀՖՖ-ից 150 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության վերաբերյալ:
Այսօր դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը պետք է հայցի փոփոխության մասով դիրքորոշում հայտներ, սակայն հարցը դատախազությունում դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա։
Կարդացեք նաև
Ռուբեն Հայրապետյանի պաշտպանն այսօր հարցեր ուղղեց դատախազին, սակայն, քանի որ դատախազությունը պաշտպանական կողմին դեռ չի ներկայացրել ենթադրյալ ապօրինի գույքի վերաբերյալ թվային հաշվարկները, հնչեցին առավել իրավական հարթությունում գտնվող հարցերը։ Օրինակ, պաշտպան Վահագն Դալլաքյանը նկատեց, որ կա ենթադրյալ հանցագործություն՝ 2014 թվականին իրականացված, բայց ապօրինի գույքի մասով անձին վերաբերող ուսումնասիրությունը սկսվում է 1990 թվականի դեկտեմբերի 9-ից ու հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով է դատախազությունն իր հայցում 2014 թվականից առաջ ձեռք բերված գույքն ապօրինի գնահատում։
Ռուզաննա Խուդավերդյանը պատասխանեց՝ ուսումնասիրությունները շատ ավելի վաղ շրջանից են սկսում եւ սահմանվում են այն ժամկետից, երբվանից դատախազությունը տվյալներ է ձեռք բերում։ Նա հայտարարեց, որ այդ ընթացքի համար կարող են նաեւ գնահատականներ տրվել այն գույքի նկատմամբ, որի նկատմամբ բռնագանձման պահանջ պետք է ներկայացվի։
Պաշտպանը շարունակեց՝ ուսումնասիրվել են 1980 թվականից սկսած Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի եկամուտները, որն այդ ժամանակ 17-18 տարեկան տղա է եղել, իսկ ընտանիքի մյուս անդամների մասով հաշվարկներ չեն արվել, դրանք չեն վերլուծվել, մինչդեռ Ռուբեն Հայրապետյանի հայրը՝ Ռաֆիկ Հայրապետյանը, 1955 թվականից աշխատել է, ինչի վերաբերյալ փաստաթղթերը պաշտպանական կողմը ներկայացրել է դատախազությանը։ Վերջինս, ի դեպ, ԽՍՀՄ վերջին տարիներին ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, բայց քանի որ հարցը 30-40 տարվա վաղեմության է, արխիվներում այդ փաստաթղթերը չեն պահպանվել։
«Օրենքի 7-րդ հոդվածի (ուսումնասիրության սահմանները) 1-ին մասը սահմանում է ուսումնասիրության ընթացքում կատարվող գործողությունները։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը կարգավորում են ուսումնասիրվող ժամանակահատվածը, այսինքն՝ այն ժամանակային շրջանը, որի նկատմամբ կարող են իրականացվել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները։ Տվյալ դեպքում ուսումնասիրվող ժամանակահատված է սահմանվել 1999 դեկտեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Այս պարագայում ի՞նչ իրավական հիմքով է այդ ժամկետից առաջ ձեռք բերված գույքին տրվել իրավական գնահատական՝ ապօրինի կամ օրինական ծագում ունեցող։ Եթե դա արվել է, որպեսզի պարզվի ուսումնասիրվող ժամանակահատվածի սկզբում գույքի և դրամական միջոցների մնացորդը, ապա ինչո՞ւ է հաշվարկվել միայն Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձը՝ սկսած 1980-ից, երբ վերջինս 17 տարեկան էր։ Ինչո՞ւ է հայցվորը ելել այն կանխավարկածից, որ 1980 թվականի դրությամբ Հայրապետյանների ընտանիքը չուներ որևէ գույք կամ խնայողություն, և այդ թվականից սկսած ապրել է միայն պատանի Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի հաշվին»,-հարցրեց պաշտպանը։
Դատախազն էլ համաձայնեց, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն իրենց փաստաթղթեր է տրամադրել 1991 թվականից սկսած, ուստի իրենց հաշվարկները հիմնականում այդ տվյալների վրա են հիմնված, դրանից ավելի վաղ ժամանակահատվածի մասով տվյալ չունեն։ Մինչ այդ փաստաթղթերը Ազգային արխիվում են պահպանվել, դատախազը պնդեց, որ դրանց հիման վրա վերահաշվարկ է կատարվել, ինչը հայցում արտացոլվել է եւ պաշտպանական կողմին թվային տվյալները ներկայացնելուց հետո, շատ բան պարզ կլինի։ Դատախազությունում նաեւ դեմ չեն քննարկել պատասխանողների ներկայացրած այլ կողմնորոշիչ տվյալները եւ վերահաշվարկներ անել։
Պաշտպանի տպավորությամբ, ստացվում է մի իրավիճակ, որ Հայրապետյանների ընտանիքն այդ ամբողջ ժամանակահատվածում ապրել է 17-18 տարեկան Ռուբեն Հայրապետյանի աշխատանքով միայն։ Պաշտպանը տարակուսեց՝ որքանո՞վ է իրավաչափ եզրահանգումը, որ եթե տվյալներ չկան եւ չգիտենք ընտանիքի 30-40 տարի առաջվա եկամուտները, հետեւաբար, 1990-ականներին ձեռք բերված այս կամ այն գույքը ապօրինի ծագում ունի։
Պաշտպանական կողմը ևս բարդություններ ունի որոշակի ապացույցներ ներկայացնելու առումով, զուտ այն պատճառով, որ տվյալներ չեն պահպանվել, բայց իրենք չեն կարծում, որ դա պետք է բացասական ազդեցություն ունենա իրենց վստահորդի համար։ Տրամաբանական են համարում, որ դատախազությունը վերահաշվարկի հիմքում որոշակի տնտեսագիտական հաշվարկների վրա արած եզրահանգումներ դնի։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարց հնչեց նաեւ Հայրապետյանների ընտանիքի ունեցվածքի իրական շահառուի մասին։ Ընտանիքի ողջ ունեցվածքի, այդ թվում Հայրապետյանի հետ փոխկապակցված այլ ֆիզիկական անձանց մասնակցությամբ ընկերությունների իրական շահառու դատախազությունը Ռուբեն Հայրապետյանին է ճանաչել։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավական հիմքով է դատախազությունը նման պնդում անում։
Խոսակցությունը վերադարձավ նախորդ հարցի շրջանակ․ պաշտպանը տարակուսեց՝ ինչո՞ւ է դատախազությունը ենթադրում, որ Հայրապետյանների ընտանիքը 1990-ականներ է մտել զրոյական բալանսով, ինչո՞ւ մինչ այդ տվյալ ընտանիքը չէր կարող արժեքավոր գույք ձեռք բերել կամ ինչո՞ւ են միայն Հայրապետյանի հոր եկամուտները ստուգվում, ինչո՞ւ պապի եւ տատի ժառանգությունը չի դիտարկվում։ Պաշտպանը հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանի հայրը՝ Ռաֆիկ Հայրապետյանը խորհրդային վերջին տարիներին ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, մեծ եկամուտներ է ստացել, սակայն ապացույցներ քիչ են պահպանվել։
Պաշտպանը համաձայն է՝ անվերջ ետ գնալը աբսուրդի է տանում եւ տվյալ պարագայում, աբսուրդ է նաեւ օրենքի ֆիքսած ժամանակահատվածը։
Ի դեպ, քննարկման թեմա դարձավ նաեւ Հայրապետյանների՝ խորհրդային շրջանի ունեցվածքի փոխակերպումը․ դատախազությունը հաշվարկներ է արել ռուբլու բացարձակ արժեքով՝ 1993 թվականին դրամի համար սահմանված՝ 200-1-ի հարաբերակցությամբ։ Պաշտպանը, սակայն չի հասկանում, թե ինչո՞ւ Հայրապետյանները չէին կարող օր-օրի արժեզրկվող ռուբլով գույք ձեռք բերել եւ ունեցվածքը բացառապես դրամական եղանակով պետք է պահեին, որ դատախազությունն էլ նման հաշվարկ ներկայացներ։
Դատախազը պարզաբանեց՝ օրենքով սահմանված ժամկետն է 1991-ը, բայց եթե կլինեն տվյալներ, պատրաստ են քննարկել։ Կգնահատվե՞ն այդ տվյալները, թե՝ ոչ, դատախազը չի կարող հստակ ասել, քանի որ նաեւ օրենսդրության խնդիր կար․ ԽՍՀՄ շրջանում ձեռնարկատիրական գործունեությունը խիստ սահմանափակված էր, շատերը նման գործունեություն ծավալում էին, եկամուտներ ստանում էին, բայց փաստացի ամրագրումներ չկային։ Դատախազն ասաց՝ եթե կոնկրետ ապացույցներ կլինեն, կոնկրետ ապացույցներով պատրաստ են քննարկել։
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպան Ամրամ Մակինյանը հստակեցրեց՝ հայցվորը հայտարարում է, որ կարող են քննարկել 1991 թվականից առաջ ձեռք բերված գույքի օրինականության հարցը։ Դատախազը հստակեցրեց՝ այն համատեքստում, որ արդյոք 1991 թվականից հետո անձինք որոշակի օրինական եկամուտի մնացորդ կարո՞ղ էին ունենալ, թե՞ ոչ եւ կրկնեց, եթե պաշտպանական կողմը տվյալներ կներկայացնի, դրանք առանձին-առանձին կքննարկեն եւ եզրահանգումներ կարվեն։ Քանի որ հարցը գործնական հարթությունում չէր, այլ տեսական եւ խնդիր է առաջանում օրենսդրության տեսանկյունից՝ դրանք ԽՍՀՄ օրենսդրությանը ենթակա հարաբերություններ են լինելու, Ամրամ Մակինյանի համար մոտեցումը, ընդհանուր սկզբունքը ընդունելի չէ՝ ժամկետի սահմանման տեսանկյունից․ «Այսինքն, կարո՞ղ եմ հասկանալ՝ ոչ, իրավունք չունենք քննարկել։ Երբ օրենսդիրն այս օրենքը մշակել է՝ լուրջ նպատակ է հետապնդել, ոչ թե՝ ապացույցը բերեք՝ կորոշենք։ Մեզ համար իրավական որոշակիություն պետք է լինի։ Կարեւոր հարցին պատասխանը չստացա»։
Դատախազը պատասխանեց՝ քննարկել կարող են, բայց քննարկման ընթացքում պետք է հասկանալ, թե ի՞նչ հնարավոր լուծումներ կան՝ օրենքի տեսանկյունից․ «Միգուցե որեւէ դեպքում կոնկրետ ապացույց չընդունվի, բայց առնվազն համակցության մեջ, որեւէ ողջամիտ ենթադրության գանք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ