Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք շատ լուրջ ռիսկեր ենք տեսնում. Գենյա Պետրոսյանը՝ օրենքի նախագծում դատավորներին առնչվող կարգավորումների մասին

Մարտ 07,2025 14:08

Հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումներ համարելով խնդրահարույց, եւ համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիացմանը։

«Հիմնականում երկու ուղղություն է կարգավորվում այս նախագծով, երկուսն էլ վերաբերվում են դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերին: Առաջինի դեպքում մենք որոշակի բարեփոխումներ ենք նախատեսում արդեն իսկ գործող էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի շրջանակում տարբեր ասպեկտներով: Երկրորդ մասով փոփոխությունները եւ լրացումները նախատեսվում են նոր՝ խորհրդատվական մարմնի ձեւավորման տեսքով: Դա դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով խորհրդատվական հանձնաժողովի ձեւավորումն է:

Դատավորներն այսուհետ հնարավորություն կունենան դիմելու խորհրդատվական հանձնաժողովին եւ ստանալու առանձին դեպքերում կոնկրետ եզրակացություններ» ,-Մեդիա կենտրոնում կայացած «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ․ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դերը՝ դատաիրավական բարեփոխումներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ խորհրդատվական հանձնաժողովում, ինչպես էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում է, նախատեսում են, որ ընդգրկվածությունը ներառական լինի. «Այս պահին նախագծով նախատեսել ենք ունենալ 5 անդամ, որոնցից 3-ը կնշանակվեն դատական համակարգից, իսկ 2-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից»:

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկումներ ունեն, որոշները վերաբերում են անգամ գործող կարգավորումներին. «Այսինքն` գուցե անմիջականորեն նախագծի սահմանված կարգավորման հետ առնչություն չունեն, սակայն քանի որ վերանայվում է այս ամբողջ կարգապահական վարույթներին առնչվող կարգավորումների հատվածը, հնարավորություն է ստեղծվում հասցեագրելու նաեւ այն խնդիրներին, որոնք արդեն իսկ առկա են գործող օրենսգրքում»:

Գենյա Պետրոսյանն ընդգծեց, որ իրենց արձանագրած հիմնական խնդիրները վերաբերում են էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի ո՛չ դատավոր անդամների ընտրության կարգին. «Այս պահի դրությամբ թե գործող օրենսգրքով եւ թե նախագծով ո՛չ դատավոր անդամներն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այսինքն, դատավորներն ընտրում են հանձնաժողովի կազմում ընդգրկված թե դատավոր անդամներին, թե ո՛չ դատավոր անդամներին: Ըստ էության, հանձնաժողովի ամբողջ կազմը ձեւավորվում է դատավորների կողմից:

Մենք շատ լուրջ ռիսկեր ենք տեսնում այստեղ, մեր մտահոգություններն ու առաջարկները հիմնավորվում են նաեւ միջազգային լավագույն փորձով եւ չափանիշներով, Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ կարծիքներով, որոնք հանգում են նրան, որ դատական կորպորատիվիզմի ռիսկերը կանխարգելելու, նվազեցնելու եւ միաժամանակ այդ հավասարակշռումը՝ մի կողմից հանձնաժողովի անկախությունը, մյուս կողմից՝ թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, վերահսկողությունն ապահովելու նպատակով, պետք է լինի հանձնաժողովի հավասարակշռված կազմ հանձնաժողովի ներսում: Եվ այդ հավասարակշռումը ոչ միայն ենթադրում է դատավոր եւ ո՛չ դատավոր անդամների ներկայությունը, այլեւ ընտրության կարգի տարբերակումը: Դատավոր անդամները պետք է ընտրվեն դատավորների կողմից, իսկ ոչ դատավոր անդամների ընտրությունը պետք է վերապահվի այլ անկախ մարմնի»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31