Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն հիմարները, ովքեր չեն հասկանում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ, չեն ճանաչում նրան, չգիտեն, որ մեծագույն հայրենասեր է». Մանե Թանդիլյան

Մարտ 07,2025 13:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
02:30
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե հացադուլ անեի՝ այս իշխանությունների հետ որեւէ բան խոսելու համար, թերեւս կասեի՝ կլինի՞ չվնասեք այն մարդկանց, ովքեր գտնվում են Բաքվի բանտում։ Այլ պահանջ այս իշխանություններից ունենալն ուղղակի անմտություն է»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որն, ի աջակցություն Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, հացադուլ է հայտարարել։ 

Մանե Թանդիլյանը նշեց, որ այսօրվա իշխանության հրապարակային խոսքը վնասում է Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին։ «Սա ամոթ է, ես ուղղակի իրենց ասելիք չունեմ, եթե այդքան ոչ խելք ունեն, ոչ հասկացողություն, որ իրենց հրապարակային խոսքերը վնասում են, էլ ինչ պատկերացնեմ, թե իրենք ինչ-որ մի տեղ մի բան պետք է անեն։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը հրապարակային ասել է, թե ինչ պետք է անել, որովհետեւ մեր իշխանությունները համարձակություն ունեն ստելու մեր հանրությանը՝ ասելով, թե իրենք ջանք են գործադրում, որը չի երեւում։ Սա փաստ է եւ ապացույց, ու ոչինչ չի արվում, եթե չասեմ, որ սա նպաստում է, որ այդ մարդիկ ավելի երկար պահվեն Բաքվի բանտերում ու չվերադառնան։ Հետեւաբար, այս իշխանություններից մի պահանջ կարող է լինել՝ հեռանալ վերջապես՝ իրենց այս անկարողությունն ու անմեղսունակությունն իրենց հետ հավաքել տանելով»,- ասաց Թանդիլյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ իշխանության աշխատանքի արդյունքում շատ գերիներ արդեն վերադարձվել են Հայաստան, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրանց աշխատանքի շնորհիվ է դա եղել։ Նրանք այդպես միշտ կարող են պնդել, միշտ լավ բաները կարող են վերագրել իրենց, իսկ բառերը գցել նախկինների, եղանակի, հարեւանի վրա, նրանք այդ մարդիկ են։ Նրանց մանիպուլյացիան ու ստախոսությունը կարմիր գիծ ու սահման չունի։ Ես վստահ չեմ, որ իրենք ջանք են գործադրել, ու այդ ջանքի շնորհիվ են գերիները վերադարձել։ Տարբեր այլ միջոցներ կան, ու հիմա մենք աշխատում ենք այդ տարբեր այլ միջոցների ուղղությամբ, որ կարողանանք մեր գերիներին վերադարձնենք։ Ահա արդեն 7 գերի դատապարտված են, նրանց կարողանո՞ւմ են վերադարձնել, ոչինչ չեն կարողանում։ Եթե մի օր մի աշխարհաքաղաքական դերակատար այդ գործով զբաղվի, միգուցե ինչ-որ բան ստացվի»։

Անդրադառնալով Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ Մանե Թանդիլյանը ասաց. «Ես գիտեմ, թե նա ինչո՞ւ գնաց Արցախ: Նա նաեւ պատկերացնում էր, թե ինչ տեղի կունենա։ Ուղղակի այն հիմարները, ովքեր չեն հասկանում, թե ինչու Ռուբեն Վարդանյանը գնաց Արցախ, նրանք չեն ճանաչում նրան, չգիտեն, որ մեծագույն հայրենասեր է, եւ, ահա, դա է դրդել իրեն։ Նրանք, ովքեր երբեք դա չէին անի, պատկերացում չունեն, թե ում մասին ինչ են խոսում։ Ասում են՝ այդքան փողեր ուներ, ինչո՞ւ գնաց, որովհետեւ դուք փոքր եք, ճղճիմ եք, չհամեմատվեք Ռուբեն Վարդանյանի հետ ու չհամարձակվեք դատողություններ անել, որոնցից գաղափար չունեք։ Չհամեմատվեք ու կասկածի տակ չդնեք նրա՝ Արցախ մեկնելու մաքրությունն ու իսկությունը»։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31