Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ երեք ամսով երկարացրել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի և Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի տնային կալանքի ժամկետը։
Այս մասին մեզ տեղեկացրեցին «Բալասանյան դաշինքից»։
Հիշեցնենք, որ Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով գործն արդեն ուղարկվել է դատարան։
Բալասանյանականները հույս ունեին, թե գոնե նախաքննության ավարտից հետո այս գործով անցնող անձանց երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ կարձակեն։
Կարդացեք նաև
Բալասանյանների շրջապատի մարդիկ տնային կալանքի երկարացումը կապում են Գյումրու նախընտրական վիճակի հետ. ըստ նրանց, Բալասանյաններին լռեցնում են, որպեսզի դերակատարություն ու ազդեցություն չունենան Գյումրու ՏԻՄ ընտրություններում` ՔՊ֊ին մրցակից որևէ ուժի սատարելու հարցում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ