«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձին։
«Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը 1,5 տարի անց։ Կարծում եմ՝ այն, ինչ Ռուբեն Վարդանյանը փոխանցեց, յուրաքանչյուր քաղաքացի լսելու ու սովորելու մեծ բան ունի։ Պարոն Վարդանյանի ուղերձում մի քանի շատ կարեւոր շեշտադրումներ կան։ Մասնավորապես, գտնվելով Բաքվի բանտում, կոչ է անում չհուսալքվել, որովհետեւ դա համարում է ամենածանր մեղքը մարդու համար, որովհետեւ ցանկացած պարագայում պետք է պայքարել։ Կարծում եմ, որ լսելով Ռուբեն Վարդանյանի պայքարի կոչը Բաքվի բանտից, մեր հասարակությունը կարթնանա։ Պարոն Վարդանյանը համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ միայն պայքարի ճանապարհով է հնարավոր հաղթահարել այս մարտահրավերները»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ հասարակության ճնշող մեծամասնության համար պարզ է, թե ով է Ռուբեն Վարդանյանը։ «Բայց հուսով եմ՝ մի շարք ստահակներ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերն ու գաղափարները, թե ինչ վարքագիծ էին դրսեւորում պարոն Վարդանյանի նկատմամբ։ Նույնիսկ Բաքվի բանտում գտնվելով՝ Ռուբեն Վարդանյանի ուժն ու պատրաստակամությունը՝ պայքարելու հայրենիքի ու մեր ժողովրդի համար, շատ կարեւոր է»,- նշեց նա։
Առաքելյանը հավելեց՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձը անում բողոքի ձայն է՝ ուղղված միջազգային հանրությանը։ Նա հույս հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլից դուրս գալու որոշում կկայացնի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ