Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան խնդրահարույց, բայց անհրաժեշտ դաշնակից է Վաշինգտոնի համար. լսումներ ԱՄՆ Կոնգրեսում

Մարտ 07,2025 12:50

«Ամերիկայի ձայն». Թուրքիան մեկ ոտքով Եվրոպայում է, մյուսով՝ Մերձավոր Արևելքում, և փորձում է կենտրոնանալ երկուսի վրա, սակայն չեմ կարծում, որ կհաջողի՝ ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Քիթ Սելֆը՝ ենթահանձնաժողովի հրավիրած «Թուրքիան՝ որպես միջնորդ Արևելքի ու Արևմուտքի միջև» անվանումով և ավելի քան մեկ տասնյակ ամերիկացի կոնգրեսականների մասնակցությամբ լսումների ժամանակ:

Իր խոսքում կոնգրեսական Սելֆն շեշտել է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան ավանդաբար գործել է ՆԱՏՕ-ի դաշնակցի դերում՝ հաճախ իր արտաքին քաղաքական շահերը համապատասխանեցնելով ՆԱՏՕ-ի նպատակներին, սակայն նախորդ տասնամյակում եղել են որոշ գործողություններ, որոնք հակոտնյա են ՆԱՏՕ-ի նպատակներին:

«Պատմականորեն Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավարևելյան դարպասն էր հին Խորհրդային Միության դեմ: Սակայն նախորդ տասնամյակի ընթացքում այդ տարածաշրջանը ամուր պահելու Թուրքիայի հանձնառությունը սկսել է թուլանալ»,- հայտարարել է ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Սելֆը:

Ենթահանձնաժողովի բարձրաստիճան կոնգրեսական, դեմոկրատ Վիլյամ Քիթինգի կարծիքով՝ մի շարք հարցերում, օրինակ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու, Սև ծովով ուկրաինական ցորենի արտահանման համաձայնագրի վերաբերյալ, Թուրքիայի որդեգրած դիրքրոշումներն ողջունելի են, սակայն որոշ դեպքերում՝ խնդրահարույց, ներառյալ՝ «Համաս» ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերվող աջակցությունը, ռուսական S-400 հրթիռների ձեռք բերումն ու Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության ձգձգումը:

«Թուրքիայի հետ մեր երկկողմ հարաբերություններում ունենք տարբեր դրսևորումներ: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները գնահատելիս՝ կարևոր է գիտակցել, որ երկու կողմերն էլ պետք է նպաստեն և աշխատեն ի շահ մեր հարաբերությունների և մեր անվտանգությանը ողջ աշխարհում»,- ասել է կոնգրեսական Սելֆը:

Երկու կուսակցույուններից ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների մասնակցությամբ լսումներին մի շարք հիմնահարցերի հետ մեկտեղ անդրադարձ եղավ Թուրքիայի վարած քաղաքականությանը Հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերություններին ու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պահպանման գործընթացին:

«Նաև համոզված եմ, որ Թուրքիան պետք է օգտագործի իր լծակները Ադրբեջանի վրա և նպաստի Կովկասում կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է կոնգրեսական Քիթինգը:

Իր հերթին, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստան իր տարակուսանքն ու մտահոգությունն է հայտնել Թուրքիայի աճող ազդեցության, Հայաստանի հետ համաձայնության գալու հարցում Անկարայի ցանկության բացակայության և Ադրբեջանի հետ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ, որն, ըստ կոնգրեսականի, վտանգում է հայկական կողմի արևմտամետ ուղեգիծը:

«Թուրքիան ամենևին էլ կառուցողական չի եղել իր ջանքերում Հայաստանի հետ բանակցությունների և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում։ Եվ ես շատ մտահոգված եմ Թուրքիայի դերով: [Թուրքական կողմի ջանքերը] օգտակար չեն: Հուսով եմ, որ Թրամփի վարչակազմը կորոշի որ, նրանք պետք է աջակցեն Հայաստանին և այն ջանքերին, որոնք Հայաստանը գործադրում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերություններում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծել է կոնգրեսական Կոստան:

Ի պատասխան կոնգրեսական Գեյբ Ամոյի հարցին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ զսպելու Հայաստանի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ լսումներին հրավիրված ամերիկացի փորձագետներից Սելենդա Ուոլանդը ընդգծել է, որ այս հարցում Անկարայի վարած քաղաքականությունը վնասակար էր ամերիկյան անվտանգային ազգային շահերին:

«Կարծում եմ՝ թիրախավորված պատժամիջոցները, եթե դրանք օգտագործվեին որպես լծակներ, կարող էին օգնել Թուրքիային կառուցողական դեր ստանձնել հատկապես Ադրբեջանի վրա ազդելու գործում՝ խնդիրը դիվանագիտորեն կարգավորելու համար»,- ասել է նա:

Հարավկովկասյան հարցերում Թուրքիայի վարած քաղաքականության մասին խոսելիս՝ լսումներին հրավիրված ամերիկացի փորձագետներից Center for a New American Security հաստատության ավագ վերլուծաբան Սելեստա Ուոլանդն ընդգծել է՝ Թուրքիայի քայլերը հակասել են ամերիկյան շահերին: Անկարան նախորդ մի քանի տարիներին բացասական դեր է խաղացել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում՝ շարունակել է վերլուծաբանը և շեշտել, թե դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը բանակցությունների սեղանին կմոտենա ողջամիտ լուծումներով՝ առանց Թուրքիայի դրական ազդեցության:

«Երբեմն Թուրքիան քայլեր է ձեռնարկել, որոնք հակասում են ամերիկյան ազգային անվտանգության շահերին…։ Թուրքիայի կողմից Ադրբեջանի զինումը ներշնչեց նախագահ Ալիևին, որ նա կարող է հասնել Հայաստանի դեմ իր նպատակներին և տարածքներ գրավել այնպես, որ հանգեցնի Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր հայերի տեղահանմանը և [նրանց] փախստական [դարձնելուն]»,- ասել է Ուոլանդերը:

Լսումների մասնակից Foundation for Defense of Democracies հաստատության գործադիր տնօրեն, վերլուծաբան Ջոնաթան Շնոուզերը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նույն կարծիքին էր՝ Թուրքիայի դերը բացասական էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած գործընթացում:

«Թուրքիան կարող է ավելի լավ դերակատարում ունենալ: [Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում] այն աջակցել է մեկ կողմին, ինչը նշանակում է, որ հանդիսացել է հակամարտության կողմ: Այս մոտեցումը չպետք է շարունակվի, եթե մենք ցանկանում ենք ինչ-որ կայունություն հաստատել տարածաշրջանի այս հատվածում»,- ընդգծել է վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է Թուրքիային պարտադրի ավելի պատասխանատու դեր ստանձնել այս հարցում, իսկ Անկարայի կողմից զենքի տրամադրման դադարեցումը կողմերից մեկին կհանդիսանա որպես պատասխանատու քաղաքականության առաջին քայլ:

Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի ավագ վերլուծաբան Աննա Բարշևսկայան, ով ևս հրավիրված էր լսումներին, իր խոսքում ընդգծել է, թե Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը բխում է ԱՄՆ շահերից՝ ի տարբերություն Ռուսաստանի:

«[Հարավային Կովկասը] կարևոր ռազմավարական կապուղի է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև: Հարավային Կովկասում ազդեցության կորուստը կվնասի Ռուսաստանին ռազմավարական առումով, քանի որ դա ցույց կտա Ռուսաստանին, որ այն այլևս չունի նույն աստիճանի վերահսկողություն իր, այսպես կոչված, մերձավոր արտասահմանում»,- ասել է Բարշևսկայան:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում վերջինս նաև նկատել է, որ Մոսկվան ցանկանում է հետխորհրդային տարածքը տեսնել ապակայունացված, թույլ և Ռուսաստանից կախված, ուստի ամերիկյան շահերից է բխում ավելի մեծ կայունություն ապահովել այս տարածաշրջանում։

«Միացյալ Նահանգները կարող է ցույց տալ, հատկապես ավելի բարձր քաղաքական մակարդակում, որ զգալի չափով հանձնառու է խաղաղությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը: Միևնույն ժամանակ, Հայաստանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ»,- պնդել է Բարշևսկայան:

Լսումների ընթացքում, պատասխանելով կոնգրեսական Ջո Վիլսոնի հարցին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է բարելավել իր հարաբերույունների Թուրքիայի հետ՝ Բարշևսկայան արձագանքել է, որ չնայած Թուրքիան խնդրահարույց դաշնակից է բազմաթիվ ասպարեզներոմ, սակայն այն անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին, հատկապես այսօր Մերձավոր Արևելքում և այլուր առկա անկայունության ֆոնին: Բորշևսկայան կոչ է արել պրագմատիկ մոտեցում որդեգրել Անկարայի հետ հարաբերություններում՝ տարանջատելով խնդիրները միմյանցից:

Արամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31