«Մանե Թանդիլյանի առողջական վիճակով պայմանավորված՝ ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ դադարեցնի հացադուլը։ Սակայն չենք մոռանում, որ այս հացադուլի խնդրանքն ուղղված է Ռուբեն Վարդանյանին, ով հացադուլ է անում արդեն 15 օր։ Եվ ակնհայտ է, որ պարոն Վարդանյանի առողջական վիճակը շատ ավելի վատ է, քան Երեւանում որեւիցե մեկի, հաշվի առնելով, որ այդ հացադուլն իրականացվում է Բաքվի բանտում։ Մենք նույնիսկ տեղյակ չենք բժշկական որեւէ հսկողության ու միջամտության մասին։ Հետեւաբար, հույս ունենք, որ պարոն Վարդանյանն առաջիկա օրերերին հացադուլից դուրս կգա»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Անդրադառնալով Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման մասին տեղեկությանը՝ Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ սա միջազգային հանրության համար կարեւոր ազդակ է։ «Սրանով Ալիեւը ցույց է տալիս, որ թքած ունի միջազգային բոլոր նորմերի, կոնվենցիաների, պարտավորությունների վրա, որովհետեւ այդ հաղորդագրությունը ոչ միայն Կարմիր խաչին էր վերաբերում, այլ նաեւ մի քանի միջազգային կառույցներին եւս, նաեւ ՄԱԿ-ին։ Այսինքն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունը խախտում է ՄԱԿ-ի պահանջները։ Հետեւաբար, միջազգային հանրությունն այս տեսանկյունից պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության ու Ալիեւի հետ այլ լեզվով խոսելու հարցը պետք է դնի։ Մենք տեսնում ենք, որ այն կոչերը, որոնք 2020 թվականից սկսած Ադրբեջանի վերաբերյալ կան, ոչ մի արդյունք չեն տալիս։ Եվ գերիների հարցը, եւ Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթումը, եւ Արցախի էթնիկ զտումն ու շրջափակումը, այդ բոլորն ուղեկցվեցին միայն կոչերով։ Միայն սպառնալիքներով ու պատժամիջոցներով է հնարավոր Ադրբեջանում ինչ-որ բան փոխել։
Այո, ցավոք սրտի, Կարմիր խաչի բացակայությունն ավելի կվատթարացնի ինֆորմացիայի ստացումը, որովհետեւ տեսնում ենք՝ գերիների նկատմամբ այն վերաբերմունքը, որը կա, ավելի է վատանում։ Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ ի պատիվ մեր գերիների, այն սցենարը, որը նախատեսում էր Ալիեւն այս շոուն կազմակերպելիս, մեր գերիներն իրենց ցուցմունքներով բարձր են պահում ՀՀ եւ հայ ժողովրդի շահերը։ Ակնհայտ է՝ այն մեղադրանքները, որոնք կան, ոչ միայն այդ անձերին են ուղղված, դրանք ուղղված են Հայաստանի Հանրապետությանը։ Եթե ուշադիր լինեք, այնտեղ ոչ միայն անձերի գործողությունների մասին են խոսում, մեծ մասը վերաբերում է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ չակերտավոր հանցագործություններին։ Եվ ակնհայտ է, որ սա Ալիեւի սցենարի մեջ չի մտնում, ինչի հետեւանքով ճնշումներն ավելի են շատանալու գերիների նկատմամբ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ամեն Հայաստանի իշխանությունները, որ չեն անում, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց՝ մեկ քայլ կա՝ օր առաջ իշխանությունից հեռանալ։ «Նիկոլ Փաշինյանից ակնկալել ինչ-որ բան անել, անմտություն է, մենք դրանով չենք զբաղվում։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանի ներկայացրած առաջարկները շատ կարեւոր են եւ իրավաբանորեն հիմնավոր, բայց ակնհայտ է, որ դրանով պետք է զբաղվի նոր իշխանությունը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի թեզերը ոչնչով չեն տարբերվում ադրբեջանական թեզերից»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ