Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցին ինձ քվե չի տվել, որ ես գնամ՝ ապօրինություն անեմ: Եկեք օրինական ընտրեք քաղաքապետ. Վահե Դոխոյան. «Հրապարակ»

Մարտ 07,2025 11:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախօրեին Վանաձորի ավագանին կրկին արտահերթ նիստ է անցկացրել, քվորումի հարցում ՔՊ-ականներին աջակցել են իշխանությունների կողմից քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Արկադի Փելեշյանի թիմակիցները, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի երկու ճամբարափոխներն ու «Ապրելու երկիր»-ով մանդատ ստանալուց անմիջապես հետո իշխանության կողմն անցած ավագանու անդամ մի կին։

Նախօրեի նիստը սովորականի պես բոյկոտել են «Հայրենիք» կուսակցությունն ու «Ասլանյան» դաշինքի մեծամասնությունը։

Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը մեզ փոխանցեց բոյկոտի պատճառը․ «Համայնքը համարվում է խոշորացված, եթե ընտրվում է քաղաքապետ։ Մենք մինչ օրս քաղաքապետ չենք ընտրել, մենք չենք ասում՝ պարտադիր ընտրվի Մամիկոն Ասլանյանը, արել եք այսքան բան` մարդ գողացել եք, լավ եք արել, դե քաղաքապետ էլ ընտրեք։ Այլ հարց՝ այդ իրականությունը մեզ դուր կգա, թե ոչ, բայց կունենանք քաղաքապետ: Օրենքի սահմաններում կհաշտվենք իրականության հետ եւ կգանք նիստերին։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանն էլ է վարչապետ, բայց այնպես չէ, որ մեր սրտով է, պարզապես այդ դառը իրողության հետ հաշվի ենք նստում։ Եթե կար ժամանակ, որ «Լուսավոր Հայաստանի» բողոքի հիման վրա կար արգելանք՝ քաղաքապետ ընտրելու, հիմա հանվել է, ի՞նչ խնդիր կա` ընտրեք, մենք էլ գանք, մեր դիրքորոշումը հայտնենք»։

Դոխոյանի կարծիքով, իշխանությունը, հավանաբար, վախենում է քաղաքապետի ընտրության օրակարգով նիստ հրավիրել՝ վստահ, որ ավագանին արդեն ազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանին կառաջադրի։ «Ինձ ասում են՝ հանուն Վանաձորի գնամ քվեարկեմ, բայց վանաձորցին ինձ քվե չի տվել, որ ես գնամ ապօրինություն անեմ, դրա համար եմ ասում․ եկեք` օրինական ընտրեք քաղաքապետ, մենք էլ գանք, մեր քվեարկությամբ մեր դիրքորոշումը հայտնենք»,- ասաց Դոխոյանը:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31