Գյումրիում է նաեւ ավելի առարկայական արտացոլվում Հայաստանի ընդդիմության երկու առանցքային բեւեռների` Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո նոր թափ հավաքած ներքին հակամարտությունը, որն առանց այդ առիթի էլ սրվել էր վերջին շրջանում համացանցում միմյանց վրա շաղ տրվող կոմպրոմատների հեղեղով, հրապարակային ելույթներով, չնայած ԱԺ վերջին ճեպազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ժխտում էր հակամարտության առկայությունը: Բայց երեւի հնարավոր չէ ժխտել անժխտելին: «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանն, ինչպես միշտ, օրիգինալ է. «Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է», ասել է նա եւ առաջարկել հիմնական ընդդիմադիր ուժերին (երկրորդ նախագահ- «Հայաստան» դաշինք, Հանրապետական եւ Դաշնակցություն)` փակել թեման, արձանագրել տարանջատումը եւ գործել գլխավոր ուղղությամբ, ամեն մեկն իր պատկերացրած ձեւով:
Նկատենք` ընդդիմության ներքին հակամարտությունն, իրոք, հարմարավետ միջավայր է ստեղծում իշխանության համար եւ դեռ ստեղծելու է`ընդամենը մեկ տարի հետոյի խորհրդարանական ընտրությունների ֆոնին: Հայտնի օրինակով պատկերավորենք` սովորաբար երբ որսի համար անզիջում կռվում են երկուսը-երեքը, որսը փախցնում է բոլորովին ուրիշ մեկը: Այս իմաստով միմյանց դեմ պայքարող ընդդիմադիր թեւերը, նկատո՞ւմ են դա, թե ոչ, հենց Գյումրիում էլ իշխանության համար հարմարավետ միջավայր են ստեղծում: Եթե, իհարկե, մեծ սցենարն այդպիսին չէ:
Սակայն Գյումրիի առաջիկա ՏԻՄ ընտրություններն առաջին հայացքից են միայն առանցքային` հետագա ներհայկական գործընթացների առումով ավելի կարեւոր է արտաքին քաղաքական ֆոնը, որտեղ ամեն ինչ, ի դեմս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չափազանց արագացված գործողությունների, փոխվում է լույսի արագությամբ, եւ այն, ինչ երեկ թվում էր առարկայական, այսօր դատարկ օդ է:
Ինչպես ասում են` աշխարհում հիմա ամեն բան կախված է մազից, ու որ Հայաստանում շարունակում են խոսել խաղաղության օրակարգից, ավելին` երկրի վարչապետն իր հերթական հոդվածով ու հրապարակումներով կարծես խնդրողի դիրքից ուզենա արագացնել հարեւանի հետ թուղթ ստորագրելու հնարավորությունը, խիստ զարմանալի է, անկախ այն բանից, որ հարեւանն ամենեւին նման ցանկություն չի դրսեւորում, եթե չասենք ընդհակառակը`սրում եւ հրահրում է, անընդհատ նոր պահանջներ ներկայացնում: Հերթականը` մարտի 5-ին, Իգդիր -Նախիջեւան գազատարի բացման ժամանակ Ալիեւը Սյունիքն Արեւմտյան Զանգեզուր է անվանել: Նույնիսկ դպրոցականն այս օրերին կարող է ասել, որ մեր տարածաշրջանի բոլոր խնդիրները, այդ թվում հաղորդուղիների բացումն ուղիղ կապ ունեն ռուս-ամերիկյան բանակցությունների եզրափակիչ որոշումների հետ, որից հետո հասկանալի կլինի հերթի դրված մեր տարածաշրջանին մեծ խաղացողների վերաբերմունքը, ըստ այդմ էլ` շատ ու շատ հարցերի աշխարհաքաղաքական դրվածքը: Այսինքն` ինչ-որ թուղթ ստորագրվի-չստորագրվի, ոչ մի նշանակություն չի ունենալու այն պահի համար, երբ աշխարհի մեծերը որոշեն մեր տարածաշրջանով զբաղվել:
Կարդացեք նաև
Չնայած` չի կարելի ասել, որ մերոնք դա չեն նկատել կամ հաշվի առել: Հենց միայն այն, որ տեխնիկական ինչ-որ տարաձայնություններով բացատրելով Ազգային ժողովի լիագումար նիստ չընդգրկվեց ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, դրա վկայությունն է (որքան էլ պատասխանատուները ժխտեն դա): Այս քառօրյայի ԱԺ -կառավարություն հարցուպատասխանին անգամ արտգործնախարարին չէին թողնում, որ իրեն ուղղված հարցերին պատասխանի (արտաքին քաղաքականության մասին ընդհանրական հարցերին աշխատում էր վարչապետը պատասխանել, մի անգամ անգամ Միրզոյանն արդեն ոտքի էր կանգնել, որ մոտենար ամբիոնին, վարչապետը նրանից շուտ մոտեցավ), նկատվում էր, որ իշխանությունն իր ասած ամեն բառը փորձում է վերահսկել: Ու ավելի շատ` խոսելու իրավունք տրված է վարչապետին ու ԱԺ նախագահին: Ի դեպ` վերջինս լրագրողների հետ զրույցում խորհրդավոր կերպով ակնարկել էր, թե առաջիկա օրերին ինչ-որ արագացված զարգացումներ են սպասվում:
Ու անգամ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցի քննարկման` անորոշ ժամանակով հետաձգումն այս համատեքստում կարելի է դիտարկել` շառից-փորձանքից հեռու:
Բայց, օրինակ, հայ գերիների` Բաքվում խոշտանգման, տեղի ունեցող ֆարս-դատավարության վերաբերյալ Հայաստանի իշխանության ավելի քան զգուշավոր քայլերը հայ հանրությանն անհասկանալի են, հանրությունն ավելի գործուն քայլերի է սպասում: Սխալ է մտածել, որ չպետք է գրգռել Ադրբեջանին՝ ավելի խիստ գնահատականներով, քանի որ Բաքուն այդ ֆարսով փորձում է իրավական գործիքակազմ հավաքագրել հենց Հայաստանի դեմ` ապագա միջազգային դատական գործընթացներում դատավճիռների օրինակներ ունենալու համար: Եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվող մեղադրանքների մի մասը կարելի է ներկայացնել ՀՀ քաղաքացիներից նրանց, որոնք գեթ մի անգամ մեկնել են Արցախ: Վերջապես Ալմաաթիի համաձայնագրով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Նիկոլ Փաշինյանին եւս` այդ դեպքում նրա ղեկավարած երկրի ստորաբաժանումներն ի՞նչ էին անում Արցախում 2020-ի պատերազմի ժամանակ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում