ՀՀ վճռաբեկ դատարանը փետրվարի 28-ին քննության է առել Արմավիրի մարզի գործերից մեկով՝ Հարություն Ավետիսյանի պաշտպանների՝ Մ.Շխիմյանի եւ Ա.Պիվազյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձեւավորել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու վերաբերյալ:
Դատարանին հայտնվել է ինքնաբացարկ, սակայն դատարանն առանց քննելու, առանց խորհրդակցական սենյակ մտնելու՝ մերժել է այն:
Այս գործով ուշագրավն այն է, որ դատախազն իր որոշմամբ Հ. Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացրել էր, իսկ դատարանը նախնական դատական նիստում, առանց նոր էական հանգամանք նշելու, հարցը քննության առարկա դարձնելու, կալանավորել է Հ. Ավետիսյանին:
Դիմելով Վճռաբեկ դատարան՝ նրանք խնդրել էին կալանավորումը փոխել այլընտրանքային խափանման միջոցով:
Կարդացեք նաև
Հ. Ավետիսյանին կալանավորել են երեք ամսով, իսկ պաշտպանական կողմը վիճարկել է հիմնավոր կասկածի առկայությունը, փաստելով, որ մեղադրական եզրակացության մեջ ընդամենը երեք փաստական հանգամանք է, որը վերաբերելի է Հ. Ավետիսյանին, այն էլ՝ անուղղակիորեն:
Ըստ բողոքաբեր պաշտպանների. «Դատարանը կալանավորման հիմքում դրել է գործի քննությանը որեւէ եղանակով ներազդելու մտավախությունը, սակայն մեղադրյալը թե նախաքննության ժամանակ, թե ավարտական փուլում գտնվել է ազատության մեջ, չխախտելով իր վրա դրված պարտականություններից ոչ մեկը»:
Վճռաբեկ դատարանը Հարություն Ավետիսյանի վերաբերյալ 2025 թվականի փետրվարի 28-ի թիվ ԱՐԴ/0180/01/23 որոշմամբ արձանագրել է, որ ի ապահովումն անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի՝ օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար, եթե նրա վերաբերյալ միջնորդությունը մերժվել է կամ վերջինս համապատասխան որոշմամբ ազատվել է կալանքից։
Այսպես, անձը կրկին կարող է կալանավորվել միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, եւ որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Ի դեպ, այս որոշումը շատ փաստաբաններ կարեւոր են համարել:
Քրեական ծանր գործերով հայտնի փաստաբան Աննա Ծառուկյանից երեկ փորձեցի ճշտել, թե արդյոք, կրկնակի կալանավորումը վտանգներ չի՞ պարունակում, նա պատասխանեց. «Շատ լավ որոշում է: Ինձ անհանգստացնողն այն է, որ կարող է հիմնավոր կասկածը անհրաժեշտություն չլինի քննարկելու: Դրա անհրաժեշտությունը թողել են դատարանի վրա, չնայած դատարաններ կան, որոնք ասում են, թե երբ քննարկում ես, անձի անմեղության կանխավարկածը կարող է խախտվի:
Ոչ մի վտանգավոր տեղ չունի, հակառակը, որոշմամբ ասվել է այն, որ հիմնավոր կասկածի դեպքում, չես կարող անվերջ կալանավորես:
Տպավորություն է, թե նշված գործով մեղադրողն ասել է՝ ինձ հայտնի չէր նոր երեւան եկած հանգամանքը, վարույթում եղել է, այսինքն, քեզ հայտնի չի եղել, բայց դատարաններին հասու է եղել, քննարկում չի եղել, հիմա նոր էական հանգամանք Վճռաբեկ դատարանը չի տեսել, որ յուրաքանչյուր անգամ փաստաթուղթ ձեռք չբերեն, ասեն, թե սա նոր է, նոր երեւան եկած հանգամանք է: Լինի այնպիսի հանգամանք, որ իր փաստակազմով նորություն լինի»:
Ըստ Վճռաբեկ դատարանի. «Քննարկվող դեպքում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված՝ կալանավորման պայմանների եւ հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումներն արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նույն մեղադրանքով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Հ. Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա «Տեղեկություններ եւ միջոցներ տրամադրելով օժանդակել է մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Վ. Բարոյանին կյանքից զրկելուն»: Ըստ առաջին ատյանի դատարանի՝ առկա էր հիմնավոր կասկած, մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքը ենթադրաբար կատարելու վերաբերյալ:
«Առավոտ» օրաթերթ
06.03.2025