Կոնյակի տուփի մեջ կոնյակից բացի, դրված է եղել նաեւ 1.571.560 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումար
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Սուրեն Խաչատրյան) 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ստացել է թիվ ՀԿԴ/0217/01/23 քրեական գործը Հայկ Սարգսյանի (պաշտպան՝ Տիգրան Ղազարյան), 4 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, Արմեն Ներսիսյանի (պաշտպան՝ Հունան Բաբայան), ՝ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, Գագիկ Տոնոյանի (պաշտպան՝ Ռուբեն Հակոբյան)՝ 4 դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, Պետրոս Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով: Այս գործը հայտնի է «Դասախոսների գործ» անվամբ:
Նախնական դատալսումները նշանակվել էին 2023 թվականի հոկտեմբերի 18-ին:
Դատական նիստերը դռնբաց են:
Կարդացեք նաև
Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանի, նույն ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանմամ միջոց էր ընտրվել տնային կալանքը:
Հանրային մեղադրողները Արծրուն Ալեքսանյանը, Հայկ Մանասյանը, Դ.Հարությունյան են:
Ըստ գործի նյութերի՝ Արմեն Ներսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով այն բանի համար, որ նա զբաղեցնելով Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալի, տնտեսագիտության եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված հիմնադրամի անունից իրավունք, պարտականություն եւ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, նույն ֆակուլտետի դեկան, նույն հիմքով պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Սարգսյանի հետ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող Ա. Ծ.-ի օգտին թողտվություն, հովանավորչություն եւ ապօրինի գործողություն կատարելու համար Պ. Հ.-ից Հայկ Սարգսյանի՝ աշխատասենյակում 2023 թվականի փետրվարի 17-ին ստացել են 19.000 ՀՀ դրամ արժողությամբ «KREMLIN Award» տեսակի կոնյակ եւ խոշոր չափերով՝ 1.571.560 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք:
Ըստ մեղադրանքի, Հայկ Սարգսյանը, Պետրոս Հովհաննիսյանից տեղեկանալով նույն ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանողի ծննդաբերելու եւ նորածնի խնամքով զբաղված լինելու հանգամանքով պայմանավորված՝ ուսումնական գործընթացի հետ կապված խնդիրներ ունենալու մասին, իր աշխատասենյակ է հրավիրել դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանին եւ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի լաբորանտ Մ. Հ.-ին:
Ներկայացրել են 2023 թվականի մարտ ամսին նախատեսված քննաշրջանի, ապա՝ փորձաշրջան անցնելու, այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի եւ գործողությունների, այդ թվում՝ «Մուդլ» համակարգում գրանցվելու վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ: Հիշյալ համակարգում առկա տվյալների համաձայն՝ Ա. Ծ.-ն փորձաշրջանն անցել է Արմեն Ներսիսյանի որդու ընկերության մարքեթինգի բաժնում՝ վերջինիս ղեկավարությամբ:
Նշված գումարի մի մասը տրվել է Հայկ Սարգսյանին, մի մասը՝ վերցրել է դասախոս կինն իրեն, ապա Հայկ Սարգսյանն իր աշխատասենյակ է հրավիրել Արմեն Ներսիսյանին եւ քննարկել Պետրոս Հովյաննիսյանի (թիկնապահ) կողմից կաշառքի գումարը փոխանցելու հանգամանքները: Հայկ Սարգսյանը 1000 ԱՄՆ դոլար տվել է Արմեն Ներսիսյանին, իսկ մնացածը տեղադրել է իր դրամապանակում: Ի դեպ, Հովհաննիսյանի նկատմամբ խափանմամ միջոցը բացակայելու արգելքն էր:
Խափանման միջոցների հետ կապված դատարանը բազմաթիվ որոշումներ է կայացրել, երկարացվել են դրանք երեք ամսով:
2024 թվի մարտի 28-ին դատարանը որոշում է.
- Մեղադրյալ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոփոխել։
- Մեղադրյալ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրել վարչական հսկողությունը, 5 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը եւ բացակայելու արգելքը։
- Մեղադրյալ Հայկ Սարգսյանին պարտավորեցնել շաբաթը մեկ անգամ գրանցվել ՀՀ պրոբացիայի ծառայության Երեւանի քաղաքային մարմնում:
Վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում մեղադրյալ Հայկ Սարգսյանին արգելել.
1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանը,
2) երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան ժամը 8։00-ն լքել իր բնակության վայրը:
Արմեն Ներսիսյանի գրավի չափը 1 միլիոն դրամ էր, նրա տնային կալանք խափանման միջոցի պահանջները նույնն էին, ինչ Հայկ Սարգսյանինը:
Հետագայում, իհարկե, Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված վարչական հսկողության հետ սահմանված՝ երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան ժամը 8։00-ն, իր բնակության վայրը չլքելու վերաբերյալ սահմանափակումը դատարանը վերացրել էր։
5 հատորանոց գործով պաշտպանական կողմը հատուկ վերանայման բողոք էր բերել, ինչը, սակայն, մերժվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից, որոշումը մնացել անփոփոխ:
Այս տարի մեկ դատական նիստ է տեղի ունեցել՝ հունվարի 29-ին, հաջորդ նիստը կշարունակվի մարտի 18-ին, ժամը 14.00-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2025