Բաքվում «Ռուսական տան» ու «Սպուտնիկ Ադրբեջանի» կասեցումից հետո ՌԴ-ում որոշեցին Հեյդար Ալիեւի արձանը տեղադրել Մոսկվայում
Մարտի 4-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը: Ըստ ադրբեջանական գործակալությունների` հուշարձանը տեղադրվելու է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հարեւանությամբ գտնվող զբոսայգում։ Հուշարձանի հիմնարկեքի արարողությանը ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցել, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Վիտալի Սավելեւը եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։
Նույն օրը նաեւ հայտնի դարձավ, որ ռուսական ապահովագրական ընկերությունը վճարումներ է կատարել Ադրբեջանական ավիաուղիների` AZAL-ի Embraer օդանավի կործանման հետ կապված: «ԱլֆաՍտրախովանիե»-ն ամբողջությամբ վճարել է ապահովագրական փոխհատուցումն ավիացիոն մարմնի ապահովագրության շրջանակում՝ կապված Ակտաուի մերձակայքում ադրբեջանական AZAL-ի Embraer օդանավի կործանման հետ, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիոն եւ տիեզերական ապահովագրության գծով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը։ Ըստ նրա՝ ընկերությունն արդեն վճարում է նաեւ ուղեւորներին պատճառված վնասների համար։
«AZAL Embraer 190 օդանավը, որը վթարի էր ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում, ինչպես նաեւ ավիափոխադրողի պատասխանատվությունը ուղեւորների նկատմամբ, ապահովագրված են եղել «ԱլֆաՍտրախովանիեի» կողմից։ Ռիսկերի հիմնական մասը վերաապահովագրվել է Ռուսաստանի ազգային վերաապահովագրական ընկերության կողմից: Օդանավի ամբողջական ապահովագրական վճարը կատարվել է փետրվարին»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Կաբաչնիկը, սակայն, չի հրապարակել ավիացիոն ապահովագրության վճարի չափը։ Նա պարզաբանել է, թե ինչու ապահովագրողին պետք չէ սպասել հետաքննության արդյունքներին։ «Չնայած ավիավթարի հետաքննությունը շարունակվում է՝ մենք բավարար տեղեկատվություն ունենք վճարումները կազմակերպելու համար։ Մեզ՝ որպես ապահովագրողի, ինքնաթիռի կործանման փաստն է կարեւոր, ինչը կասկածից վեր է։ Քանի որ պատերազմի եւ ահաբեկչության ռիսկերը նույնպես ապահովագրված էին, ավիաընկերությունը, ամեն դեպքում, փոխհատուցում է ստանում»,- նշել է նա։
Ընկերությունից նաեւ հայտնել են, որ ուղեւորներին հասցված վնասի եւ տուժածներին ու նրանց օրինական ներկայացուցիչներին փոխադրողի պատասխանատվության ապահովագրության շրջանակում ապահովագրական վճարների հաշվարկը սկսվել է այս տարվա հունվարին, այն շարունակվում է:
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող AZAL մարդատար ինքնաթիռը կործանվել էր 2024թ. դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 ուղեւորներից 38-ը մահացել էին, 29-ը՝ ողջ մնացել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի օդային տարածքում Գրոզնիի վրա ֆիզիկական եւ տեխնիկական արտաքին ազդեցության հետեւանքով։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը հարվածի է ենթարկվել ռուսական կողմից: Ադրբեջանական կողմը պնդում է, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգով, միաժամանակ հայտարարում են, որ հրթիռի բեկորն իրենց տրամադրության տակ է։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքուն պատրաստվում է Ռուսաստանի դեմ օդանավի կործանման գործով հայց ներկայացնել միջազգային դատարան։
Ինքնաթիռի կործանումից մեկ ամիս անց` հունվարի վերջին, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը եւ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը քննարկում էին ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր: Ռուսական կողմն ընդգծել էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի ոգով հարաբերությունների կառուցման բացարձակ կարեւորությունը։ «Այս կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական բնույթի վերջին հրապարակումների, ինչպես նաեւ Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը»,- հայտնել էին Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Մեկ շաբաթ առաջ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն արդեն փոքր-ինչ նախազգուշական տոնայնությամբ արտահայտվեց: Նա նշել էր, թե կարծում է, որ Բաքվում հասկանում են Ռուսաստանի հետ դաշնակցելու կարեւորությունը: Գալուզինն այդպիսի կարծիք էր հնչեցրել` պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» եւ «Սպուտնիկ Ադրբեջանի» գործունեության կասեցման ֆոնին երկրների հարաբերությունների վերաբերյալ լրագրողի հարցին։
Այս հայտարարությունից ընդամենը օրեր առաջ` փետրվարի 24-ին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտնել էր, որ Բաքվում լուծարվել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի («Սպուտնիկ Ադրբեջանի») ներկայացուցչությունները:
Իսկ ավելի վաղ` փետրվարի 3-ին, Բաքուն նոտա էր հղել Մոսկվային՝ Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։ Օրեր անց, փետրվարի 11-ին Բաքվում գործող «Ռուսական տունը» փակվեց, շենքի՝ ռուսերեն գրությամբ ցուցանակը՝ ապամոնտաժվեց։ Բաքվի «Ռուսական տան» տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ կազմակերպությունը փակվել է Ադրբեջանի արտգործնախարարության պահանջով։ Հունվարին Baku TV-ն ռեպորտաժ էր հեռարձակել, որում ադրբեջանցի լրագրողը պնդել էր, թե` «ռուսական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ռուսական տունն» իրականում լրտեսների որջ է»։ Ահա այս ռեպորտաժից հետո, փաստացի Բաքուն «Ռուսական տունը» փակելու համար հող նախապատրաստեց եւ ի վերջո` նրա գործունեությունը կասեցվեց:
Մի պահ պատկերացնենք, թե Ռուսաստանի իշխանությունները ինչպես իրենց կդրսեւորեին, եթե այս ամենը կատարվեր Հայաստանում: Իսկ ահա Ադրբեջանի դեպքում ամեն ինչ անցնում է հարթ, մեղմորեն ու զգուշորեն:
Ավելին, ըստ ամենայնի, Մոսկվայում այն աստիճան են տարվել Ալիեւի «խոցված» սիրտը շահելով, որ որոշել են նրա հոր` Հեյդար Ալիեւի հուշարձանը տեղադրել Մոսկվայում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2025