Չնայած որ կառավարությունը ձեռնամուխ է մնում մինչեւ 2030 թվականը «Ակադեմիական քաղաքի» գործարկման ծրագրին, չհստակեցված է մնում «Ակադեմիական քաղաքում» Հայաստանում գործող օտարերկրյա համալսարանների ներգրավվման հարցը:
Այս առթիվ գրավոր հարցումներով դիմել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանին, Հայաստանում ֆրանսիական համալսարանին եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանին՝ փորձելով ճշտել՝ կառավարությունը երբեւէ կապի դուրս եկե՞լ է նրանց հետ՝ ի վերջո «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելու հետ կապված հարցերով, ո՞րն է համալսարանի դիրքորոշումը եւ, հաշվի առնելով կառավարության ղեկավարի 2024-ի գարնանն արված հայտարարությունն, ըստ որի՝ «Ակադեմիական քաղաքից» դուրս Հայաստանում համալսարան պետք է չլինի, վերը նշված համալսարանները պատրաստվո՞ւմ են մի օր տեղափոխվել «Ակադեմիական քաղաք»:
Առայժմ բացակայում են առարկայական քննարկումները. Խոդերյան
Հայ-ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Դիանա Խոդերյանը «Առավոտին» փոխանցեց, որ «Համալսարանը նպատակահարմար է համարում «Ակադեմիական քաղաքի» տեխնիկական կլաստերում ունենալ որոշակի ներգրավվածություն եւ այդ կլաստերներից որեւէ մեկում կենտրոնացած լինեն մեր բնագիտական եւ ինժեներական ուղղությունների գծով գիտական լաբորատորիաները: Դա մեզ հավելյալ հնարավորություններ կընձեռի տարաբնույթ կրթական ծրագրերի եւ գիտական հետազոտությունների անցկացման համար»:
Կարդացեք նաև
ՀՌՀ խոսնակն, այնուհանդերձ, հավելեց, որ «նախագծում ներգրավվելը ենթադրում է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության, այսինքն՝ համահիմնադիր երկրների համատեղ որոշում, որը այս պահին չկա»:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Դիանա Խոդերյանն ընդգծեց, որ «Ակադեմիական քաղաքի» տեխնիկական կլաստերում ներգրավվելն ունի որոշակի նախապայմաններ. դրանք են՝ «համահիմնադիրների համապատասխան որոշում եւ ֆինանսավորում»:
Եզրափակելով՝ Խոդերյանը տեղեկացրեց՝ հարցի շուրջ առայժմ բացակայում են առարկայական քննարկումները. «Չնայած մենք մեր ցանկությունը սույն հարցի շուրջ արդեն ոչ մեկ անգամ արտահայտել ենք»:
Մենք եւս կտեղափոխվենք. ՀՖՀ
Հայաստանում ֆրանսիական համալսարանից մեր հարցմանն ի պատասխան շեշտեցին՝ Համալսարանը «ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, օրենքներով»։
«Եթե կառավարության որոշումն է՝ տեղափոխվել, ապա ինչպես հայկական օրենսդրությամբ գործող մյուս համալսարանները, մենք եւս կտեղափոխվենք, երբ «Ակադեմիական քաղաքի» կառուցումն ավարտվի», -գրել են մեզ բուհից։
Հայաստանի ամերիկյան համալսարանից երկու անգամ ուղարկված մեր գրավոր հարցումներին առայժմ չեն պատասխանել։
Ոչ մի համալսարան «Ակադեմիական քաղաքից» դուրս. Փաշինյան
Հիշեցնենք. 2024-ի մարտին վարչապետ Փաշինյանը Դիլիջանում հայտարարել էր. «Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարեւոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ի վերջո Երեւան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, եւ «Ակադեմիական քաղաքից» դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը, հայաստանյան, թե՛ օտարերկրյա, մասնավոր, թե՛ պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»:
Այս հայտարարությունից օրեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանին։ Համալսարան ուղարկված հարցման մեջ հարցնում ենք նաեւ՝ արդյո՞ք քննարկման մաս է կազմել «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելու հարցը։
Հարցմամբ դիմել ենք կառավարությանը՝ փորձելով հստակեցնել, թե ինչպես են բոլոր բուհերը «Ակադեմիական քաղաքում» տեղավորելու նախագծում ներգրավելու օտարերկրյա համալսարաններին։ Առայժմ չունենք պատասխան։
Այլ հանգամանքներ
Եթե Ամերիկյան համալսարանի դեպքում հիմնադիրներից պետական կողմ է միայն Հայաստանի Հանրապետությունը, ապա Ֆրանսիական եւ Ռուսական համալսարանները հիմնադրվել են առաջինի դեպքում՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի, երկրորդի դեպքում էլ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից, ուստիեւ ֆրանսիական եւ ռուսական կառավարությունները անմիջականորեն ներգրավված են այդ համալսարանների կառավարչությունում։ Թե ինչպե՞ս է Հայաստանի կառավարությունը ստիպելու կամ համոզելու օտարերկրյա համալսարաններին դուրս գալ Երեւանից, հայտնի չէ։
«Առավոտը» կշարունակի հետեւել թեմայի շուրջ զարգացումներին։ Ամերիկյան համալսարանից կամ վարչապետի աշխատակազմից արձագանքներ ստանալու պարագայում կտեղեկացնենք մեր ընթերցողներին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.03.2025