«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուր պանթեոնում ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին:
«Երեկ Եռաբլուրում տեղի է ունեցել պղծություն: Ես լսում էի Անդրանիկ Քոչարյանին, Սասուն Միքայելյանին, դրանից մեկ օր առաջ ԱԺ-ում Ալեն Սիմոնյանին: Այդ մարդիկ ըստ էության «կոչ» էին անում Բաքվում գտնվող եւ խոշտանգվող մեր ռազմագերիներին ինքնասպան լինել: Բառացի ցիտում եմ Եռաբլուրում Անդրանիկ Քոչարյանի ասածը. «Նրանք իրավունք չունեին գերեվարվելու: Նրանց գերեվարվելը սպառնալիք է երկրի համար»: Նույնը ասել է Սասուն Միքայելյանը, որ նրանք ամեն ինչ պիտի անեին, որպեսզի գերի չընկնեին: Դրանից մեկ օր առաջ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում բաց տեքստով ըստ էության ասում է, որ «եթե ես գերի ընկնեմ, այդ ինքնաթիռը խփեք»: Այսինքն, ինձ խփեք, եթե ես չկարողանամ ինքս ինձ խփել: Եվ երբ լրացուցիչ հարց են տալիս սրանց Եռաբլուրում, թե ինչ պիտի անեին այդ մարդիկ, ասում են՝ իրենց անվտանգության աշխատակիցները պիտի անեին: Այսինքն, պիտի գնդակահարեին: Կամ մի հատ փամփուշտ իրենց մոտ պիտի պահեին եւ չհանձնվեին գերի:
Ես երեկ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում: Առնվազն ես գիտեմ, որ Դավիթ Բաբայանը հատկապես Արցախի հանձնման, Արցախի անկման, Ստեփանակերտի դատարկման վերջին ամիսներին իր մոտ մշտապես պահում էր մի նռնակ՝ ասելով, որ ամեն ինչ պիտի անի, որ գերի չհանձնվի:
Դուք չեք հասկանո՞ւմ, որ այս մարդկանց զրկել են նաեւ փամփուշտով ինքնասպան լինելու իրենց իրավունքից: Նույն Դավիթ Բաբայանին, ես դա գիտեմ, որովհետեւ բազմիցս զրուցել եմ Դավիթ Բաբայանի հետ մինչեւ նրա՝ Շուշի գնալը եւ Շուշիի ճանապարհին հանձնվելը, ասվել է՝ «եթե անգամ փորձեք ձեր կյանքին վերջ տալ, ձեր երեխաները, հարազատները տարվելու են Բաքու»:
Կարդացեք նաև
Եվ այս պետականակործանները, հայրենիք հանձնածները ոչինչ չեն անում: Այսօր Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նորից թվարկել է այն քայլերը, ինչ պիտի աներ Հայաստանի իշխանությունը եւ չի արել, բայց ասում են՝ ինչի՞ ձեզ չեք խփել, ինչի՞ եք գերի հանձնվել:
Բա որ խոսում, ակնարկում եք այդ մի փամփուշտի գաղափարի մասին, բա այդ մի փամփուշտը ձեր քաղաքական թիմը իր ղեկավարի հետ միասին ինչի՞ չի օգտագործել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ իր կոտրած ձեռքով ստորագրել է կապիտուլյացիան, հանձնել է Արցախը: Բա այդ մի փամփուշտը դուք ինչի՞ չեք օգտագործել Տավուշի բնակավայրերը հանձնելուց, Ջերմուկի, Իշխանասարի, Սեւ Լճի դիրքերը դիրքերը հանձնելուց: Դուք Արցախ եք հանձնել: Դուք հայրենիք եք հանձնել: Այդ մի փամփուշտը ձեր դեպքում, թերեւս, ամենաարժանապատիվ ելքը կլիներ»,-ասաց տիկին Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ