Լրահոս
Օրվա լրահոսը

Տարանջատում հանուն ընտրության, կամ՝ Боливар не вынесет двоих. Արմեն Աշոտյան

Մարտ 06,2025 23:55

Լսելով Աղվան Վարդանյանի ծրագրային խոսքն ԱԺ ճեպազրույցների ժամին՝ երկակի զգացողություն ապրեցի։ Մի կողմից, ուրախացա, որ վերջապես ֆեյքային, զրպարտիչ, տելեգրամյան անիմաստ և Երկրորդ նախագահի թիմին պատիվ չբերող խուժանությունից հետո լսեցի բովանդակային, բարեկիրթ և ուշադրությանն ու արձագանքին արժանի ելույթ։

Մյուս կողմից, տխրեցի, որ բանը հասել է արդեն ԱԺ բրիֆինգների ընթացքում նախապես պլանավորած խոսք հնչեցնելուն, ինչը վկայում է դոմինոյի հերթական քարի անվերադարձ անկման մասին (ինչին, ի դեպ, Հանրապետականը՝ ի դեմս բրիֆինգ տվող Հայկ Մամիջանյանի, չգնաց):

Երկար տեքստերիցս բողոքող, դրանք կարդացող և չհասկացող, չկարդացող, բայց քննադատողների համար արձագանքս կփաթեթավորեմ իրենց ընկալումներին ավելի դյուրամարս էմոջիների և սմայլիկների միջոցով, մնացածին կխնդրեմ ուշադրություն դարձնել բուն արձագանքիս վրա։

1.(ստարտ կամ ֆալշստարտ)։ Պարոն Վարդանյանի խոսքը փաստացի ծրագրային հենք էր իրենց իսկ կողմից առաջ քաշվող «տարանջատում» օպերացիայի համար, ինչով նա ուղղակիորեն հաստատեց իմ նախորդ պնդումը, որ ներընդդիմադիր ներկայիս լարվածությունը ոչ թե մեր կողմից է հրահրվել, ոչ թե մի կաթիլ մեղրից է ծագել, այլ Երկրորդ նախագահի թիմի ուղեղային կենտրոնում նախապես ծրագրավորված և նպատակաուղղված պլան է։ (Թե ինչո՞ւ է այդպես, մի քանի ակնարկ նախորդ հոդվածներումս արել եմ, իսկ մոտ ապագայում և պատեհ առիթով ավելի կմանրամասնեմ): Ինչպես փաստեց պարոն Վարդանյանը, Երկրորդ նախագահի ասուլիսն ընդամենը կատալիզատոր էր։ Ահա և մեր միամիտ ընդդիմադիր քաղաքացիներին հուզող «ո՞վ է սկսել» հարցի պատասխանը։

2.🤯🤯🤯 (Խիստ զարմանք): Շարունակելով «տարանջատման» հարցը՝ ստիպված եմ տարակուսանք հայտնել այդ տերմինի և դրա տակ դրվող իմաստի առնչությամբ։ Այդ ե՞րբ էինք միաձուլված կամ խառնված, որ պիտի տարանջատվենք։ Միասնակա՞ն էինք՝ այո։ Համախմբվա՞ծ էինք՝ այո։ Կողք կողքի՞ էինք՝ այո։ Բայց ոչ երբեք միախառնված, որ մի հատ էլ «տարանջատվենք»։ Վստահ եմ, որ պատկառելի բանախոսը սա շատ լավ հասկանում է, ուստի ինչո՞ւ է այսօր իր հիմնավորումներով ԱԺ բերել Երկրորդ նախագահի քարոզիչների կողմից համառորեն շրջանառվող սույն միտքը։ Չէ՞ որ, եթե այլևս համագործակցել չէիք ուզում, կարող էիք այդ մասին պարզապես ուղիղ և պաշտոնական հայտարարել։ Հարցադրումս միամիտների համար է, որովհետև իրականում սույն օպերացիայի հեղինակները դիտավորյալ են գնացել հենց այս կասկածելի և թաքուն ճանապարհով:

3.🧠🧠🧠 («Խելացի պլան»): «Սկանդալ և տարանջատում» օպերացիայի նպատակները պարզ են։ Հենց այնպես հայտարարել ներընդդիմադիր համագործակցության ավարտի մասին՝ չէր կարելի. Նախ՝ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց հիմնական դարդը ոչ թե Երկրորդ կամ Երրորդ նախագահներին սատարելն է, այլ Նիկոլից ազատվելը, դա չէին հասկանա։ Պետք էր որպես ծխածածկույթ՝ սկանդալ հրահրել, որ կեղծ արդարացումների տեղ ունենալ։ Երկրորդը, փորձել այդ սկանդալով Երրորդ նախագահի և Հանրապետականի վրա բարդել թե «նախկինների» պիտակը, և դրա հետ կապված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրների բեռը։ Ու «մաքուր և պուպուշ» գնալ նոր ընտրությունների, ձեռքի հետ էլ փորձելով կոմպենսացնել սեփական ընկած վարկանիշը և կորցրած ձայները Հանրապետականի հաշվին: Ահա սա էր ողջ թաքուն պլանը, որ գնալով տեսանելի է դառնում և ամփոփվում պարոն Վարդանյանի այսօրվա ուղերձում։ Որքանո՞վ է ազնիվ մեր գործընկերների կողմից որդեգրված այս մոտեցումը, թող դատեն մեր հայրենակիցները։

4.🌸🌺🌻(Գեղարվեստական ձևավորում): Այսօրվա բանախոսը Աղվան Վարդանյան չէր լինի, եթե չհամեմեր իր ծրագրային խոսքը fiction ժանրի գեղարվեստական հնարքներով։ Օրինակ, մեզ՝ ՀՀԿ-իս վերագրելով Միքայել Մինասյանի երեկվա տեսակետը «հեղափոխության» մասին։ Միքայելը իմ ընկերն է, բայց ես իր հետ համաձայն չեմ։ Իսկ Դուք, ընկեր Աղվան ջան, կհայտարարե՞ք, որ համաձայն չեք երբեմնի ինձ էլ հարազատ եղած TV-ի եթերից կամ Ձեր թիմի կարիքները սպասարկող տելեգրամային ալիքներից (ՏԳ) մեր հասցեին հնչող գնահատականների հետ։ Նույն գեղարվեստական հորինվածքի ժանրից էր նաև Կարեն Կարապետյանի մասին այսօրվա հիշատակումը. ՀՀԿ-ն երբեք իրեն չի մեղադրել կամ անվանարկել (տես՝ իմ նախորդ հոդվածներն այս առնչությամբ)։ Իսկ «Կարենը 2017-ին ընդամենը երկու պատգամավոր ուներ» պնդումն առհասարակ նոնսենս է՝ նա ուներ մի ամբողջ ՀՀԿ խմբակցություն։ Այդ Ձեր թիմն է ջանքեր գործադրում մեր բանավեճի մեջ սադրանքների միջոցով այլ քաղաքական դերակատարներ և կուսակցություններ ներգրավել։ Շարժառիթն էլ պարզ է 😉😉😉 (սա էլ՝ էքստրա էմոջի):

5.(Какого чёрта): Շարունակելով նույն գեղարվեստական մոտեցումները՝ պարոն Վարդանյանն առաջ է բերում «ի՞նչ էր լինելու, եթե…» հարցերի համախումբը, որը, բացի նրանից, որ զուտ մտավարժանքային հնարք է, նաև կիսատ է, միակողմանի և կանխակալ։ Ուստի, եթե հիմա էլ այդ ժանրի մեջ ենք մտնում, իմ կողմից այդ ձևաչափով մի քանի հարց էլ ես հավելեմ, որ գործընկերներս անգործ չմնան։

«Ի՞նչ էր լինելու, եթե…2008-ից նախագահ Քոչարյանն առաջնորդվեր «Уходя-уходи» սկզբունքով»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… որոշ ուժեր և գործիչներ ավելի հստակ տարանջատեին ներքին քաղաքականությունն արտաքին բզբզոցներից»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… ոմանք նախագահ Սարգսյանի վրա դրսից մարդ չբերեին»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… 2018-ին ակնկալվող պարկեշտություն և առողջ դատողություն դրսևորեին»։ Այս շարքն էլ ավելի բացված կարող եմ շարունակել, պատասխանող լինի…

6.🧳🧳🧳 (քաղաքական միգրացիա): Բարոյականության և սկզբունքայնության այսօրվա հակադրումը միայն առաջին հայացքից էր հնչում՝ որպես բարոյափիլիսոփայական նորույթ իմաստուն ռահվիրայի շուրթերից։ Իրականում այստեղ նույնպես քաղաքական հաշվարկ կար՝ պառակտել ՀՀԿ-ն, հակադրել շատերիս Երրորդ նախագահին։ Դնում եմ մի կողմ նման ուղերձի «մաքրասիրական» կողմը, այն էլ՝ 2018-ի մայիսի 1-ին բարոյական դիլեմաները կլասիկ, հերոսական և հարգանքի արժանի կերպով լուծած գործչի պարագայում։ Ընդամենը փաստեմ, ո՞ր քաղաքական կոնստրուկցիան է այս պահին ավելի խայտաբղետ, բազմաժանր և սինթետիկ, մե՞րը, թե՞ ձերը։ Այնքա՜ն նախկին Հանրապետական պաշտոնի հույսով միացավ ձեզ 2021-ին։ Ոչ մեկին ոչ խանգարել ենք, ոչ խոչընդոտել, ոչ էլ վատաբանել՝ մտածելով, թե մարդիկ գնում են կրելու։ Քի՞չ էր, էլի՞ եք ուզում։ Իրոք ռեսուրսի խնդիր կա՞։ Իմ գործը հեշտ է։ Ես չեմ ընտրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Ես կուսակցություն եմ ընտրել։ 2001-ից։ Հանրապետականը։ Ինչպես հազարավոր իմ կուսակիցներ։

Այստեղից բխող բոլոր հետևանքներով։ И в горе, и в радости. Ուստի, քաղաքական միգրանտներ այլ տեղեր փնտրեք, պարոնայք, ընկերներ, գործընկերներ (մարդ չգիտի էլ այսքանից հետո ո՞նց ճիշտ դիմի շատերիդ, որ միակողմանի չլինի)։

7.🎬🎬🎬 (Էպիլոգ): Պարոն Վարդանյանի խոսքում առկա մեջբերումներից, որոնք վերաբերում էին Երրորդ նախագահի հետ իր զրույցներին, արձանագրեցի ևս մեկ փաստ. նախագահ Սարգսյանը մեր գործընկերների համար շատ մատչելի է եղել, հանդիպող, շփվող, կիսվող, բաց։ Գուցե ավելին, քան պետք էր։ Նա նաև մի մեծ թերություն ունի քաղաքականության համար (թող ների իմ անկեղծությունը՝ «գցող» չէ։ Բայց թե՛ ինքը, թե՛ մենք չենք հանդուրժում, երբ փորձում են գցել մեզ։ Ուստի, գնացեք, տարանջատվեք, հաղթեք, կրեք, Աստված ձեզ հետ։ Բայց «Боливар не вынесет двоих» օպերացիաները մեր դեմ թարգեք, արդեն առանց այդ էլ պարզ է, որ «нам с вами не по пути». Ու սա էլ ասեմ, որ էլ ավելի ոգեշնչվեք. նախկինում քննարկում էինք Արցախի՝ «անջատում՝ հանուն փրկության» հարցը, իսկ հիմա՝ տարանջատում՝ հանուն ընտրության։ Շնորհավորում եմ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Հիշեցնենք, որ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 2025թ. մարտի 6-ի Ազգային ժողովի ճեպազրույցում ասել է.

«Գլխավոր պրոբլեմը Նիկոլն է, ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը։ Տեսեք՝ ոնց է Ադրբեջանին, Թուրքիային աղաչում՝ ամեն ինչ կտամ, միայն թղթի կտորով օգնեք խաբեմ ժողովրդին։

Ժամանակին ասում էր՝ պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու՝ գերիների դիմաց։ Ասել եմ՝ քեզ առաջարկիր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մյուսների դիմաց։ Սա նրանցից ոչ մեկի եղունգը չարժի։

Ես հակված եմ առաջ նայել ու գլխավոր հարցը լուծել։ Անցյալում չմնալ, բայց անցյալը պիտի ճիշտ գնահատել առաջ գնալու համար։

Հիմա Նիկոլը ամենացածր վարկանիշն ունի, ժամանակին ինչքան սրան սիրում էր մեծամասնությունը, այդքան ու ավելի այժմ ատում է։ Բնականաբար քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել։ Եթե համախմբում հնարավոր չէ, տարանջատվելն ու մոտեցումները հստակեցնելը մյուս ճանապարհն է։ Հիմնական ուժեր ասելով ես նկատի ունեմ երկրորդ նախագահ-«Հայաստան» դաշինք, Հանրապետական եւ Դաշնակցություն։

Նախագահ Քոչարյանի ասուլիսը այս առումով կատալիզատոր դարձավ։ Երկրորդի ծանրակշիռ ներկայությունը շատերի մոտ է խնդիր առաջացնում։

2015-ից Հայաստանը խորհրդարանական երկիր է, փաստ է՝ 2018-ին գործադիր իշխանությունը հանձնել է խորհրդարանը, հետո էլ Ազգային ժողովն է հանձնել։ ՀՀԿ-ն մեծամասնություն էր։ Կարո՞ղ էին չհանձնել։ Իրենք են ասել, եթե իմանայինք՝ այսպիսի հետեւանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք։ Ավելի վճռական կլինեինք։ Մինչեւ վերջին պահը համոզված էին, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, այդպես էին զեկուցում։ Էլեկտրիկ Երեւանի նոր տարբերակն էր։ Հետո միանգամից փլվեց։

Արտաքին ուժային կենտրոններից մեկը զանգվածը մեծացրեց փողով, ՀԿ-ներով, այլով, մյուսը տեսավ,  որ բանը բանից անցնում է, որոշեց անմասն չմնալ, զանգվածը կրկնապատկվեց։

Այստեղից էլ՝ ես Նիկոլին չեմ պարտվել, այլ՝ շատ ավելի հզոր ուժերի՝ հաստատումը։ Երեկ էլ արդարացման նոր թեզ՝ իշխանությունը հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով։ Հեղափոխությունը լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Ովքե՞ր էին կառավարում։ Արդյո՞ք Հանրապետականը միատարր էր։ Հիշո՞ւմ եք, այս նախագծում կա թաքնված մեծ ռիսկ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր ղեկավարող, առաջնորդող ուժի ստեղծման փորձ է արվում։  Ռ. Քոչարյան, 2025թ.։

Հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն։ Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ի՞նչ էր լինելու։ Ի՞նչ էր լինելու, եթե իրենցից մեկին ընտրեին։

Հիմա ինչ-ինչ մարդիկ տողատակերում ու բացահայտ փորձում են Կարեն Կարապետյանին մեղադրել։ Ազնիվ չէ։ Կարենը 2017 թվականի պառլամենտում երկու պատգամավոր ուներ։

Ես հորդորում եմ մեր գործընկերներին՝ փակել թեման, արձանագրել տարանջատումը եւ գործել գլխավոր ուղղությամբ։ Ամեն մեկն իր պատկերացրած ձեւով։

Վերջին մի հաստատում. հավատարմությունը, երախտագիտությունը, բարոյական պարտավորությունը մարդկային բարձր արժեքներ են։ Ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ նաեւ այլ կարգի կախվածությունը։ Բայց սրանք չպետք է խանգարեն մարդու սկզբունքներին, սեփական դեմք ունենալուն, ինքնուրույն մտածելուն ու գործելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31