«Եթե իրենք թեկուզ ոչ հրապարակային ինչ-որ բան անեին, արդյունքը կզգացվեր։ Նրանք ոչինչ չեն արել։ Լռեցնելով նաև մեզ` ասում են՝ ոչինչ մի արեք, որ չվնասեք։ Դա է իրենց ասածը։ Թե մեր արածը չի վնասում, այլ իրենց չարածը։ Իրենք պետք է ամեն ինչ անեն, որ մարդիկ չխոշտանգվեն և րոպե առաջ վերադառնան Հայաստան։ Իրենց անգործության արդյունքն է, որ մենք այսօր այս ակցիան ենք անում»,- Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրույցում ասաց արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Վարդան Ավագյանը։
Նա հացադուլ է անում, որն ուղղված է Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա դադարեցնի իր հացադուլը։
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրությունը Վարդան Ավագյանը շատ վտանգավոր համարեց․ «Կարմիր խաչի միջոցով է, որ կարողանում ենք կապ հաստատել կամ տեսակցել մեր գերիներին։ Ստացվում է, որ Ադրբեջանը, փակելով կարմիր խաչի գրասենյակը, իր դիրքերում տոտալ բռնատիրական վիճակ է ամրապնդելու։ Անելու և ցույց է տալու այն, ինչ ինքն է ուզում»։
Փաստեցինք՝ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը գրառում էր կատարել, որտեղ նշում էր, որ «Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար» և հարցրինք՝ ո՞րն է դրա պատճառը, Վարդան Ավագյանը պատասխանեց․ «Պատճառը նա է, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում, որ այդ մարդիկ վերադառնան։ Նրանք վախենում են այդ մարդկանցից՝ հատկապես Ռուբեն Վարդանյանից սարսափում են։ Դրա համար ամեն ինչ անում են, որ այդ մարդիկ ավելի երկար մնան այնտեղ ու չգան Հայաստան»։
Կարդացեք նաև
Հարցին՝ տեղեկություններ ունե՞ք՝ ձեր և Մանե Թանդիլյանի այս քայլը տեղ հասե՞լ է Ռուբեն Վարդանյանին՝ թեկուզ ընտանիքի անդամների միջոցով, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Տեղեկությունն այն է, որ Ռուբեն Վարդանյանը չի դադարեցրել հացադուլը»։
Նկատեցինք՝ Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչող գործիչներ նաև մեզ հետ զրույցում են կարծիք հայտնել՝ հաշվի առնելով նրա կամային բնավորությունը՝ վստահ չեն, որ նա կդադարեցնի հացադուլը, այս առիթով հացադուլավոր քաղաքացին ասաց․ «Ճանաչելով Ռուբեն Վարդանյանին՝ նա շատ սկզբունքային մարդ է։ Բայց նաև մեր հորդորն ու խնդրանքն է, որ դադարեցնի հացադուլը, որ նրա առողջությանը, կյանքին վտանգ չսպառնա, որ մենք կարողանանք պայքարով շարունակել նրա և հայ գերիների ազատության համար»։
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում շտապօգնության մեքենա չնկատեցինք, մինչդեռ հացադուլավորները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացրել են իրենց հացադուլին մասին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ