Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի ելույթի տեքստը. «Ազատություն»

Մարտ 06,2025 22:44

«Ազատություն». Բրյուսելում Եվրամիության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահը։

«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել այդ ելույթի ամբողջական տեքստը, որտեղ Զելենսկին, մասնավորապես, ասում է․ «Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք»։

Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Վլադիմիր Զելենսկին X-ում վերահաստատել էր Ուկրաինայի հավատարմությունը խաղաղությանը:

Մարտի 6-ի ելույթում Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինան պատերազմի առաջին իսկ վայրկյանից խաղաղություն է փնտրում. «Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլև մենք առաջարկում ենք, թե որոնք են այդ քայլերը»։

Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանն ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը. «Դա կարելի է հաստատել հետևյալ ձևերով՝ ոչ մի հարձակում էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հաջորդը՝ կրակի դադարեցում՝ Սև ծովի ավազանում: Վստահության հաստատման միջոց կարող է լինել գերիների ազատ արձակումը»։

Զելենսկին եվրոպացի առաջնորդներին կոչ է արել «շարունակել աջակցել այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգության հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ, ողջ Եվրոպայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ». «Այն, ինչ ազդում է Եվրոպայի անվտանգության վրա, պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ», – նշել է նա:

Ուկրաինայի նախագահը ողջունել է Եվրոպան վերազինելու Եվրահանձնաժողովի ջանքերը․ «Ես կոչ եմ անում զգալի մասը հատկացնել Ուկրաինայում զենքի արտադրությանը. մեր արդյունաբերական կարողություններն ամենաարագն են և ամենաարդյունավետը՝ անվտանգության ներկայիս սպառնալիքներին»:

Եվրամիությունը պաշտպանական ներդրումների համար նախատեսում է մինչև 800 միլիարդ եվրո։ Այս գումարի մի մասը՝ մոտ 150 միլիարդ եվրոն, ԵՄ-ն նախատեսում է ստանալ վարկերի միջոցով և ծախսել Ուկրաինայի համար սպառազինության գնման և ՀՕՊ համակարգերի արտադրության նպատակով։ Կիևին սատարող հայտարարության վրա, սակայն, Հունգարիան կարող է վետո դնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31