Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացա, որ Հայաստանում գերազանց աշխատանք է տարվում». Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովա

Մարտ 06,2025 22:22

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 6-ին հանդիպել են «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի եւ «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ու ՕքսԵՋեն հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է հանձնաժողովի տիրույթում գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականին խորհրդարանն ընդունել է նախագիծ, որով ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվել է 18 տարեկանը: Խոսելով «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ՝ նա ընդգծել է, որ օրինագծում առկա դրույթները մեծամասամբ բխում են «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի սկզբունքներից:

«Ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ հասկացա, որ Հայաստանում գերազանց աշխատանք է տարվում»,- ասել է «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած «Քլաբ դե Մադրիդ» ֆորումի ներկայացուցիչ, Սլովակիայի նախկին վարչապետ Իվետա Ռադիչովան: Նա կարեւորել է Հայաստանում իրականացվող գենդերային հավասարության եւ խտրականությունից պաշտպանության բարեփոխումներին ուղղված աշխատանքները:

Ներկայացնելով իր երկրի փորձը գենդերային հավասարության ապահովման, կանանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ գործընթացների վերաբերյալ՝ Իվետա Ռադիչովան փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:

Արման Եղոյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությանը եւ բոլորի համար հավասար հնարավորություններին վերաբերող բարեփոխումներն ընթանալու են նախանշված ուղղությամբ ու խորությամբ` հավելելով, որ այդ ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները պետք է հաղթահարվեն:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը նշել է, որ Հայաստանը ժողովրդավարությունը եւ հասարակության ներառականությունը դիտարկում է որպես անվտանգության անբաժանելի մաս: «Մենք կիսում ենք ԵՄ-ում առկա բոլոր ժողովրդավարական արժեքները»,- ասել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայում մշակում է հակախտրականության օրենքի կիրարկման ռազմավարություն:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31