Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն կամային բնավորությունն էլ ունի Մանե Թանդիլյանը․ Ռուբենը մեզ սովորեցրել է՝ անգամ փոքր շանսի դեպքում պետք է պայքարի ճանապարհն ընտրել»․ Մեսրոպ Առաքելյան

Մարտ 06,2025 21:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առաջին հերթին այս իշխանությունն է պարբերաբար իր հրապարակային քայլերով վնասում գերիներին։ Տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանն ինչ-որ անիմաստ մեղադրանքներ է հղում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ռուբեն Վարդանյանին, հետևաբար դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը թող գործ անի»,- Ազատության հրապարակում Aravot.am-ի հետ զրուցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ ի պատասխան մեր այն հիշեցման, որ ՀՀ իշխանություններն ասում են, որ նման հրապարակային քայլերը, օրինակ՝ հացադուլը, խոչընդոտում են իրենց՝ ոչ հրապարակային քայլերին, որոնք արվում են գերիների համար։

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ նրանք հերթական առիթն են ման գալիս իրենց ապիկարությունը, անգործությունն արդարացնելու համար․ «Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որևէ էական քայլ չեն անում, հակառակ պարագայում առնվազն միջազգային հանրության արձագանքը կլիներ ուղղված Ադրբեջանին, նույնիսկ, եթե ՀՀ իշխանություններն այդ ամենը լուռ են անում։ Բայց ակնհայտ է, որ վերջին տարիների այն ատելությունը, որն ուղղված է Արցախի, արցախցիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, իր բացասական անդրադարձն է ունենում, որովհետև ուղղակի կամ ուղղակի միջազգային հանրությունը, երբ տեսնում է ՀՀ իշխանությունը նման վերաբերմունք ունի գերիների նկատմամբ, առնվազն այս լռությամբ աջակցում են Ադրբեջանին»։

Մեր այն դիտարկմանը՝ ՔՊ-ականներն ասում են, որ իրենք էմոցիաներ ունեն Արցախի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն էլ նշում է, որ կարող է հուզական ելույթներ ունենալ, բայց դրանից ի՞նչ օգուտ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Խնդիրը հուզական ելույթները չեն։ Այդ մարդիկ որևէ զգացողություն, վստահ եմ, Արցախի նկատմամբ չունեն, որովհետև այն ատելությունը, որ նրանք ցույց են տալիս Արցախի նկատմամբ, ամենևին չի խոսում դրական հույզերի մասին, որովհետև առնվազն պետք է լռեին։

Հարցը Նիկոլ Փաշինյանի կամ մնացած այդ՝ պաշտոնյաներ կոչվածների անիմաստ խոսքերը չեն, այլ կոնկրետ գործողությունները, որոնք չկան պաշտոնապես։ Պետք է ոչ թե հուզական հայտարարություններ անել, այլ գործողություններ։ Երբեմն այն հայտարարությունները ԱԳՆ-ի կամ մնացածի, որը խոսում է մտահոգությունների մասին, անհասկանալի են, քանի որ մտահոգություններ կարող են արտահայտել քաղաքացիները, որոնք չունեն գործի վրա ազդելու լծակ, բայց իրենց գործը ոչ թե մտահոգվելն է, կամ ելույթներ ունենալը, այլ այս հարցով հստակ զբաղվելը, որի համար կան համապատասխան կառույցներ՝ առաջին հերթին ԱԳՆ-ն»։

Ադրբեջանի կառավարության՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին էլ Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն այնտեղ գտնվող հայերի կամ հայկականության վերաբերյալ վտանգ է պարունակում՝ անկախ նրանից՝ ինչ փոփոխություններ են սպասվում։ Քիչ թե շատ միջազգային կառույցները, որոնք փորձում են ադրբեջանական բռնատիրական համակարգի շրջանում որոշակի փոքր քայլեր ձեռնարկել, այս իրավիճակում կարևոր է։ Բնական է՝ ցանկացած փոփոխություն ի վնաս այնտեղ գտնվող գերիների կլինի։ Զարմանալի է, որ հերթական անգամ նման գործողությունը չի արժանանում միջազգային հանրության հստակ արձագանքին։ Բազմաթիվ դրվագներով ակնհայտ է ադրբեջանական իշխանության կողմից միջազգային բազմաթիվ կոնվենցիաների պարտավորությունների խախտումը, բայց տեսնում ենք, որ Ալիևը թքած ունի ամբողջ աշխարհի վրա, քանի դեռ այդ աշխարհի կողմից ընդամենը կոչեր ու հորդորներ են հնչում»։

Հիշեցրինք՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ «բա պետք է չգերեվարվեին», Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց․ «Նման մարդկանց վարքագիծը միայն ենթադրում է, որ նրանք հավակնում են ՀՀ-ում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը զբաղեցնել։ Իմաստ չեմ տեսնում ադրբեջանական թեզեր տարածողներին արձագանքելը»։

Նկատեցինք՝ Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչող գործիչներ նաև մեզ հետ զրույցում են կարծիք հայտնել՝ հաշվի առնելով նրա կամային բնավորությունը՝ վստահ չեն, որ նա կդադարեցնի հացադուլը և հարցրինք՝ ի՞նչ է կարծում այս մասին և արդյոք Մանե Թանդիլյանին հորդորե՞լ է դադարեցնել հացադուլը, Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց․ «Նույն կամային բնավորությունն էլ ունի Մանե Թանդիլյանը։ Բազմակի անգամ ծանր է, թե հիմա ինչ վիճակում է գտնվում Ռուբեն Վարդանյանը։ Ռուբենը մեզ սովորեցրել է միշտ, որ նույնիսկ, եթե մի փոքր շանս կա պայքարելու, պետք է այդ ճանապարհն ընտրել։ Պայքարի մի փուլ է, որտեղ ջանքերը բավականին ծանր են և նաև որոշակի անձնազոհություն ու վտանգներ են պարունակում։ Վստահ եմ՝ այս փուլը կհաղթահարենք։ Այն սկզբունքայնությամբ, որ Ռուբենը դրսևորել է, այլ ուղղություններով կշարունակենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31